Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԿՏԵՅԼ-ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 12,2001 00:00

ԿՈԿՏԵՅԼ-ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Առողջապահության նախարարության որոշ հաշվարկների համաձայն՝ բժիշկներով ապահովված լինելու ցուցանիշով Հայաստանն աչքի է ընկնում ոչ միայն ԱՊՀ, այլեւ Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների համեմատությամբ։ Փաստորեն, այստեղ 10 հազար բնակչին 43,5 բժիշկ է բաժին ընկնում, մինչդեռ, դիցուք, Մերձբալթյան հանրապետություններում այդ ցուցանիշը 18-20-ի է հավասար։ Իսկ առողջապահության նախարարի համոզմամբ, Հայաստանում գոյություն ունեցող առողջապահական համակարգը՝ իր բազմաթիվ հիվանդանոցներով ու բուժկադրերով, նույնիսկ 7 մլն բնակչության առողջության խնդիրներ հոգալու հնարավորություն ունի։ Ի դեպ, Երեւանում գոյություն ունեցող 10 ծննդատները եւս առողջապահության պատասխանատուները շռայլություն են համարում, ոչ նորմալ երեւույթ, մտածելով, որ նվազել է ծնելիությունը (եթե 1985-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է շուրջ 77,667 երեխա, ապա 2000-ին՝ 37,182), ուրեմն պետությունն իր սուղ ֆինանսատնտեսական հնարավորություններով պարտավոր չէ հոգալու այդ բոլորի պահպանման ծախսերը։ Ուստի Կառավարության օպտիմալացման ծրագրով նախարարությունը վերցնում ու երբեմն իրար հետ կապ չունեցող բուժհիմնարկներ զուտ մեխանիկական սկզբունքով միացնում է՝ հաճախ անգամ առանց կոլեկտիվին որոշման մասին նախօրոք տեղյակ պահելու։ Այդպիսով ե՛ւ բուժհիմնարկների հարցն է «լուծվում», ե՛ւ ազատված շենքերը հարմար պայմաններով վաճառելու հնարավորություն է ստեղծվում։ Վերջերս շատերի հետ «պլանի տակ» է հայտնվել նաեւ 4-րդ կլինիկական ծննդատունը, որին սպասվում է միավորում Նորքի զանգվածի շտապօգնության հիվանդանոցի հետ։ Ու եթե ամեն ինչ «բնականոն» հունով ընթանա, եւ 300 աշխատող ունեցող ծննդատունն արտագաղթի շտապօգնության հիվանդանոց, ապա կունենանք աշխարհում նմանը չունեցող կոկտեյլ-հիվանդանոց, որի վերեւի հարկում տեղավորված ինֆարկտ-ինսուլտներով պառկած ծանր հիվանդները, թերեւս, ձայնային թերապիայի հատուկ կուրս կանցնեն՝ լսելով նույն շենքի առաջին հարկում ծննդաբերող կանանց ու նրանց նորածին մանուկների ճիչերը։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել