Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունը՝ յուղոտ պատառ

Նոյեմբեր 17,2001 00:00

Քննությունը՝ յուղոտ պատառ Օրերս ձեռքս ընկավ մի գրքույկ՝ լեզվաբան Սերգեյ Աբրահամյանի «Մեր լեզուն եւ մեր դպրոցը»։ Կարդացի եւ հեղինակի զայրույթը ինձ էլ փոխանցվեց։ Իսկ հեղինակը զայրանում է, որ չնայած ինքը եւ իր նմանները ջանք չեն խնայում, որ մեր այս թշվառ172անտեր ազգը ազգ պահեն, դիմագրավեն օտար հոգեւոր172մշակութային ներխուժումներին, պահպանեն ու զարգացնեն մեր արժեքները, ինչ172որ մարդկանց պատճառով այդ ջանքերն ի դերեւ են ելնում։ Ջանքերն իզուր են անցնում, որովհետեւ պարզվում է, որ գողը տնից է։ Օրենքներ ենք ընդունում մենք մեզ պաշտպանելու համար, բայց այդ օրենքները խախտվում են նույնիսկ կառավարական մակարդակով։ Հույսներս դնում ենք հազար ու մի զոհողությունների գնով պատրաստած172կրթած մտավորականի վրա, իսկ նա ծախված է դուրս գալիս։ Կողոպուտի ոլորտ են դառնում ազգային դպրոցը, լեզուն, հոգեւոր մշակույթը, ազգային արժանապատվությունը։ Պարզվում է, որ մենք մեր մարդկանց լավ կրթում ենք, բայց վատ դաստիարակում։ Մեր կիրթ մտավորականը լավ վարձատրության դիմաց առանց խղճի խայթի հրաժարվում է իր ազգային արժանապատվությունից, մայրենի լեզվից։ Պաշտոնյան ինչ172որ քանակի «կանաչների» դիմաց օտարին է նվիրում մեր ազգային դպրոցի մի մասը, սնանկ է համարում մեր ամենամեծ ազգային արժեքը՝ մեր մայրենին, օրենքի կոպտագույն խախտումներ է թույլ տալիս։ Գրքույկի հեղինակը գիտական հիմնավորումներով եւ հուզական շեշտով շարադրելով իր ասելիքը՝ չի բավարարվում միայն ընդհանուր դատողություններով։ Նա նույնիսկ անուններ է հիշատակում (մի ռուսագետ ամբիոնի վարիչի եւ մի փոխնախարարի. երկուսն էլ՝ կին. անունները կիմանաք, եթե կարդաք գիրքը)։ Իրոք, ի՞նչ պահանջես շարքային քաղքենուց, եթե, ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտած։ Մտավորականն իրեն թույլ է տալիս օտարերկրյա դեսպանի ու նրա կնոջ ականջին անվերջ թույն կաթեցնել՝ համոզելով, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններն են թեւածում, հայերն ազգայնամոլ են, նրանք արհամարհում են ռուսերենը, ուզում են անգրագետ մնալ եւ այլն։ Դե, ռուս դեսպանը եւ մանավանդ նրա կինն ի՞նչ իմանան, որ իրականում ճիշտ հակառակն է, որ մեր ազգը միլիոնով խոտան է տվել հանձինս գրքույկի հեղինակի մատնանշած անձանց եւ նմանների, միլիոնով ստորագրություն է հավաքել կրկին Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պահանջով, միլիոնով գումարներ է ծախսում օտար լեզուներ սովորելու եւ Հայաստանը լքելու համար։ Իսկ մեր մտավորականն ու պաշտոնյան փոխանակ մոլորված ժողովրդին խելքի բերելու՝ իրենք են եզը երդիկից հանում։ Գրքույկում հիմնականում քննարկված է վերոհիշյալ անձանց ազգավնաս գործունեության մի ոլորտ՝ երկլեզու (հեռանկարում՝ բազմալեզու) ուսուցման եղանակով կատարվող դասավանդման խնդիրը։ Հայերենի քննությունը կիսով չափ վերացվեց բուհական ընդունելության ասպարեզից։ Անունը դրեցին, թե հայերենի ոչ մրցութային ընդունելության քննությունը տեղափոխեցին դպրոց եւ նույնացրին դպրոցի ավարտական քննության հետ՝ շատ լավ իմանալով, թե ինչպես պիտի այդ քննությունը՝ որպես յուղոտ պատառ, բզկտվի մեր անտեր172անտիրական դպրոցում։ Հետեւանքն այն եղավ, որ միջին ու ցածր մակարդակի շրջանավարտները դպրոցի տնօրեններից գնում են 20-ական միավորներ թե՛ հայերենից, թե՛ իբրեւ դպրոցի միջին թվանշան, իսկ լավ շրջանավարտները հաճախ ստիպված են լինում բավարարվել 19-ով, 18-ով եւ այլն, քանի որ հույսը դնում են իրենց գիտելիքների վրա եւ դրա համար չարաչար պատժվում դասատուների ու տնօրենների կողմից։ ԺԱՆՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել