Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը սկսել է ակտիվորեն արձագանքել «Առավոտի» հրապարակումներին։ Իհար

Նոյեմբեր 20,2001 00:00

Ում ուզեն՝ տնօրեն կնշանակեն Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը սկսել է ակտիվորեն արձագանքել «Առավոտի» հրապարակումներին։ Իհարկե, գովելի է, որ մամուլի հրապարակումները ուշադրության են արժանանում պատկան ատյաններում, միայն թե հարկ է նկատել, որ հաճախ պատասխանում են պարզապես պատասխանելու համար՝ պահպանելով ձեւական կողմը։ Նման պատասխաններից հետո լրագրողներով սովորաբար սկսում ենք կռահել, թե ինչին են պատասխանել, երբ կամ կրկնում են հոդվածում բերված փաստերը, կամ էլ հոդվածին գրեթե չառնչվող պնդումներ են անում։ «Առավոտի» նոյեմբերի 3-ի համարում հրապարակված Գոհար Հակոբյանի «Երաժշտական տնօրենավեճ» հոդվածին ի պատասխան՝ պաշտոնական գրություն ենք ստացել քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Ա. Սահակյանից։ Նամակում տեղեկացնում են, որ «ՀՀ կառավարության 13.03.1997թ. հ. 42 որոշմամբ, թիվ 17 երաժշտական դպրոցը հանձնվել է Կենտրոն թաղային համայնքին, ուստի քաղաքապետարանը իրավասու չէ միջամտել դպրոցի ղեկավարման եւ կազմակերպչական աշխատանքներին։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության կողմից առայժմ հաստատված չեն արտադպրոցական հիմնարկների, այդ թվում նաեւ երաժշտական դպրոցների տնօրեններին ներկայացվող չափորոշիչները, հետեւաբար, կառավարման մարմինն իրավասու է տնօրենի ընտրությունը կատարել իր հայեցողությամբ»։ Ի գիտություն ընդունելով այս տեղեկատվությունը՝ նկատենք, սակայն, որ հոդվածագիրը շատ լավ տեղեկացված է, թե որ մարմինը ինչի համար է պատասխանատու, ինչն ակնհայտ է նաեւ հոդվածից, որտեղ հստակ ասվում է, որ թիվ 17 երաժշտական դպրոցի տնօրեն նշանակելն ու ազատելը Կենտրոնի թաղապետի մենաշնորհն է։ Եվ ոչ ոք քաղաքապետարանից չէր ակնկալել հարցի լուծում։ Սակայն այս արձագանքին անդրադառնում ենք, քանի որ այն առիթ դարձավ հետաքրքրվելու, թե ինչպես է խնդիրը լուծվում մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների նշանակման հարցում։ Առաջինները՝ համայնքային, երկրորդները մարզպետարանների ենթակայության են, իսկ կրթության բովանդակության համար պատասխանատու օղակը՝ ԿԳ նախարարությունը, գրեթե ոչ մի դերակատարում կադրային նշանակումների հարցում չունի։ Սակայն այս տարվա հուլիսին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը դպրոցների դեպքում որոշակի հավասարակշռություն մտցնում է։ Ըստ այդ փոփոխության՝ քաղաքապետարանի, համայնքապետարանի կրթության վարչության պետերի եւ դպրոցների տնօրենների նշանակումը պետք է լինի ԿԳՆ-ի գրավոր համաձայնությամբ։ Հավանաբար, շուտով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Դպրոցների տնօրենների նշանակման եւ ազատման» կարգը։ Դրանում սահմանված են նաեւ այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի տնօրենի թեկնածուն։ Մասնավորապես՝ մանկավարժական գործունեության հինգ տարվա ստաժ եւ այլն։ Մանկապարտեզների առումով վիճակն ավելի անմխիթարական է, քանի որ համայնքապետերը լրիվ ազատ են այս հարցում։ Իհարկե, դեռեւս 1991-ին ԿԳՆ-ն հաստատել է տարիֆաորակավորման բնութագրեր, որոնց պիտի համապատասխանեն մանկապարտեզների տնօրեններն ու աշխատակիցները։ Սակայն, հատկապես շրջաններում, համայնքապետերը անտեսում են այդ չափորոշիչները եւ պաշտոնի են նշանակում անգամ միջնակարգ կրթություն չունեցող մարդկանց։ Մինչդեռ ԿԳՆ-ն միջամտելու լիազորություն չունի, քանի որ ցանկացած նման «ոտնձգություն» հակասում է տեղական ինքնակառավարման սկզբունքին։ Սակայն քանի դեռ այդ ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, թերեւս արժե ԿԳՆ-ին որեւէ վերահսկողություն վերապահել։ Մանկապատեզները համայնքին հանձնելը շատ տեղերում կործանարար եղավ այս համակարգի համար։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել