Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս

Նոյեմբեր 24,2001 00:00

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ` ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ Թերեւս բոլորին հայտնի է, որ հանրային ընկերությունները (մի շարք երկրներում` նաեւ բաց բաժնետիրական ընկերություններ, հաշվետու թողարկողներ կամ կորպորացիաներ) փաստորեն տնօրինում են որոշակի թվից ավելի հանրային ներդրողների միջոցները, որոնք ըստ էության հեռու են կանգնած ընկերությունից եւ չեն մասնակցում նրա ամենօրյա գործունեությանն ու կառավարմանը: Հանրային ներդրողներից կապիտալ ներգրավող այս ընկերություններն իրենց բոլոր ներդրողների համար պետք է ապահովեն նույն իրավունքներն ու արտոնությունները, այդ թվում նաեւ ներդրումային որոշումներ կայացնելու համար բավարար տեղեկատվություն ստանալու եւ ընկերության գործունեությանն իրազեկ լինելու իրավունքը: Արժեթղթեր գնելով՝ ներդրողները պետք է համոզված լինեն, որ կկարողանան մշտապես հետեւել եւ տեղեկություններ ստանալ թողարկողների գործունեության, ֆինանսատնտեսական արդյունքների կամ արժեթղթերի թողարկման ընթացքում բացահայտված այլ տեղեկությունների փոփոխման մասին: Առանց հաշվետու թողարկողների գործունեության թափանցիկության, անհրաժեշտ տեղեկատվության բացահայտման եւ արժեթղթերի արդարացի եւ հրապարակային գնագոյացման` ներդրողները չեն կարող գնահատել իրենց ներդրումների արդյունավետությունն ու ռիսկայնությունը, ներդրումային որոշումներ կայացնել, հետեւել ընկերության գործունեությանն ու պաշտպանել իրենց օրինական շահերը: Նման պայմաններում ներդրողները պարզապես կխուսափեն տվյալ թողարկողների արժեթղթերից կամ ընդհանրապես արժեթղթերում ներդրումներ կատարելուց: Այս երեւույթը զգալիորեն վնասում է ոչ միայն առանձին ընկերություններին, այլ նաեւ երկրում ներդրումային հոսքերի ընդլայնմանը: Ուստի, գործունեության թափանցիկության ապահովումը, անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը եւ ներդրողների, առավել եւս մանր ներդրողների, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը միայն տվյալ ընկերության խնդիրը չէ: Սրանք սկզբունքային նշանակություն ունեն ոչ միայն առանձին ընկերությունների ու ոլորտների, այլ յուրաքանչյուր երկրում բարենպաստ ներդրումային մթնոլորտի ձեւավորման եւ տնտեսության զարգացման համար: Հաշվետու թողարկողների գործունեության թափանցիկության ապահովման եւ ներդրողների շահերի պաշտպանության կարեւորագույն երաշխիքներից մեկը արժեթղթերի գրանցումն է, որի միջոցով բացահայտվում է ներդրողների համար անհրաժեշտ տեղեկատվությունն ու հասանելի դարձվում հանրության ամենալայն շերտերին: Այս խնդրի լուծմանն են ուղղված նաեւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով եւ արժեթղթերի հանձնաժողովի կանոններով արժեթղթերի գրանցմանը ներկայացվող պահանջները: Այդ պահանջների համաձայն, նախկինում արժեթղթեր թողարկած բոլոր հաշվետու թողարկողները պարտավոր են Հանձնաժողով կամ Հայաստանի ֆոնդային բորսա (Արմեքս) ներկայացնել արժեթղթի գրանցման հայտարարագիր եւ սահմանված ժամկետում գրանցել իրենց արժեթղթերը: Նույն պահանջների համաձայն, թողարկողները պարտավոր են նաեւ ներկայացնել արժեթղթերի թողարկման ազդագիր եւ գրանցել նոր թողարկվող արժեթղթերը եւս, եթե մտադրություն ունեն դրանք տեղաբաշխել հրապարակային առաջարկի միջոցով (եթե արժեթուղթ վաճառելու կամ ձեռք բերելու առաջարկն արվում է հրապարակայնորեն կամ 100172ից ավելի անձանց): Այսպիսով, արժեթղթերի գրանցումը հանրային միջոցների տնօրինման հնարավորությունից օգտվելու համար ստանձվող պարտավորություն է: Այն կատարելով՝ հաշվետու թողարկողներն ու իրենց արժեթղթերը հրապարակային առաջարկի միջոցով վաճառող ընկերություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման որոշակի երաշխիքներ են տալիս ներդրողներին: Այս պահանջի կատարումից խուսափելը կամ ոչ պատշաճ կերպով կատարելը համարժեք է, որ ներդրողներին պարզապես հայտարարենք, թե տվեք մեզ ձեր գումարներն ու հեռացեք: Ըստ էության, երեւի կարելի է նաեւ այսպես, ինչպես փաստորեն վարվում են արժեթղթերի գրանցումից խուսափող որոշ «գործարարներ»: Սակայն, այս դեպքում, եթե իրերն իրենց անունով կոչենք, պետք է ընդունենք, որ գործ ունենք ոչ թե ներդրումների այլ նվիրատվության հետ, ինչը թերեւս կարող է կատարվել միայն նվիրատուի գիտակցված որոշմամբ: Արժեթղթերի գրանցման հետ կապված մյուս թյուրիմացությունն այն է, որ որոշ թողարկողներ այն սխալ կարծիքն ունեն, թե տեղեկությունների բացահայտումը եւ արժեթղթի գրանցումը ավելորդ բեռ են իրենց համար եւ միայն օրենսդրական պահանջների բավարարման խնդիր են հանդիսանում: Չանդրադառնալով այս սխալ կարծիքի ձեւավորման քաղաքական, իրավական եւ այլ պատճառներին, նշենք, որ այն հսկայական վնաս է հասցնում ոչ միայն առանձին ընկերությունների, այլ նաեւ երկրի տնտեսության զարգացմանը: Արժեթղթի գրանցումն ըստ էության հիանալի գործիք է, որի միջոցով ընկերությունները ստանում են լրացուցիչ առավելություններ եւ կարող են շեշտակիորեն ընդլայնել իրենց գործարար հնարավորություններն ու բարելավել շուկայական մրցակցային դիրքերը: Ուստի, փորձենք համառոտակի ներկայացնել նաեւ այդ առավելություններն ու հնարավորությունները կամ պարզաբանել, թե որն է արժեթղթերի գրանցման ու հաշվետու թողարկողի կարգավիճակի ամրագրման տնտեսական նպատակահարմարությունը: Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ հաշվետու թողարկողների կողմից պարբերաբար հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացվող հաշվետվություններն ու հրապարակվող տեղեկատվությունը, հասանելի լինելով հանրության լայն շրջաններին, դառնում են ընկերությունների գործունեության մասսայական լուսաբանման, գովազդման, վարկանիշի բարձրացման եւ շուկաների ընդարձակման հավելյալ գործիք: Եվս մի կարեւոր առավելություն է այն, որ հաշվետու թողարկողների կողմից բացահայտվող տեղեկությունները գրավում են նաեւ մատակարարների, միջնորդների, համատեղ գործունեության համար հուսալի գործընկեր փնտրող ընկերությունների ու այլ կազմակերպությունների ուշադրությունը եւ նրանց լրացուցիչ վստահություն ներշնչում ընկերության նկատմամբ: Այս հանգամանքը բարձր վարկանիշ ունեցող հանրային ընկերություններին հնարավորություն է տալիս իրենց գործարար հարաբերություններն առավելագույնս համապատասխանեցնել ընկերության շահերին: Մեր իրականության մեջ հաշվետու թողարկողների համար կարեւորագույն առավելություն կարող է լինել նաեւ այն հանգամանքը, որ բարձր վարկանիշ ու հանրային ճանաչում ունեցող հանրային ընկերությունները բոլոր երկրներում որպես կանոն զերծ են մնում տարաբնույթ ապօրինի արտաքին միջամտություններից ու կամայականություններից, որովհետեւ դրանք կարող են հանգեցնել արժեթղթերի գների տատանումների ու ներդրողների մասսայական վրդովմունքի: Ինչեւէ, որոշում կայացնելիս հիշեք, որ այդ որոշումից կախված է ոչ միայն ձեր, այլ նաեւ ընկերության աշխատակիցների ու ներդրողներից շատերի ապագան: Ս. ՄԽԻԹԱՐՅԱՆ, Ն. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ արժեթղթերի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել