Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության իրավունքը ոտնահարած պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մի «սեւ ցուցակ» է հրապարակ

Դեկտեմբեր 08,2001 00:00

Պարտավոր են ինֆորմացիա տալ Տեղեկատվության իրավունքը ոտնահարած պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մի «սեւ ցուցակ» է հրապարակել Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»։ Ցուցակում նրանց անուններն են, ովքեր անպատասխան են թողել ընկերակցության եւ կենտրոնի դիմումներն ու նամակները։ Մոտ երեք տասնյակ գործիչների թվում են ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Յորղուլասը, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը, Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը, Լինսի հիմնադրամի կենտրոնական գրասենյակի տնօրեն Արմեն Զարգարյանը, նաեւ մի շարք կուսակցությունների, ընդ որում՝ հիմնականում ընդդիմադիր, ղեկավարներ։ Տեղեկացնենք նաեւ, որ մոտ ապագայում «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» դատարան «կհրավիրի» որոշ պաշտոնյաների, ովքեր, խախտելով տեղեկություններ ստանալու լրագրողների օրինական իրավունքը, խոչընդոտում են նրանց աշխատանքին։ Ընդհանրապես, նման պաշտոնյաների թիվը բավականին մեծ է։ Մասնավորապես Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանը հրաժարվել է տրամադրել իր կայացրած դատավճռի պատճենը՝ թեեւ այն արդեն հրապարակվել է եւ դարձել հասարակության սեփականությունը։ Լրագրողների սահմանադրական իրավունքը ոտնահարել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, որի դեմ, արդեն, նոյեմբերի 6-ին «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» հայց է ներկայացրել դատարան։ Իսկ վերը նշված սեւ ցուցակը հրապարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրում։ Սա տեղեկագրի առաջին համարն է, որտեղ մի շարք հրապարակումներ կան այն մասին, թե որքանով է Հայաստանում պահպանվում տեղեկություններ ստանալու իրավունքը։ Այդ իրավունքի ոտնահարման կոնկրետ դեպքեր են նկարագրվում, մանրամասն ներկայացված են այս հարցին առնչվող ՀՀ օրենսդրությունը եւ բողոքարկման մեխանիզմների միջազգային փորձը, անդրադարձ կա նաեւ «Դատական տեղեկատվությունը Հայաստանում» եւ «Տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնությունը» թեմաներին։ 2001թ. հուլիսի 1-ին ստեղծված «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նպատակն է՝ պաշտպանել լրագրողների եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Գործունեության 5 ամիսների ընթացքում կենտրոնը ստացել է քաղաքացիների 90-ից ավելի դիմում-բողոք, որոնց ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում փակ են իշխանության գրեթե բոլոր ոլորտները։ «Պաշտոնյաները պետք է հասկանան, որ հասարակությանը ինֆորմացիա տալը իրենց պարտականությունն է, եւ ոչ՝ ցանկությունը»,- ասվում է տեղեկագրի առաջաբանում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել