Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 24-ը Սեւակի ծննդյան օրն է

Հունվար 26,2002 00:00

Հունվարի 24-ը Սեւակի ծննդյան օրն է Հատված Հովհաննես Մելքոնյանի «Ես եմ Պարույր Սեւակը» վարքագրական վեպից Վարանումները դառնում են վշտեր, վշտերը՝ վերքեր, վերքերը՝ անբուժելի վերքեր, անբուժելի վերքերը՝ մահեր… Պարույր Սեւակը մի ուրիշ ժամանակ էր փնտրում ոչ թե իրեն համար հարմար ապաստան գտնելու, այլ գաղթեցնելու բոլորին այդ ժամանակի մեջ։ Մի ուրիշ ժամանակ փնտրել, նշանակում է հերքել եղած իրական ժամանակը՝ ուզած-չուզած դառնալ խռովարար։ Պարույր Սեւակին խորթ էր ժամանակը, եւ նա այդ ժամանակի խորթ զավակն էր, խորթն էր… Փորձեցին խորթին սիրո նշաններ ցույց տալ՝ ընտրեցին միութենական Գերագույն խորհրդի պատգամավոր, Գրողների միությունում պաշտոն տվեցին՝ քարտուղար, մրցանակ շնորհեցին, էլ ի՞նչ ես ուզում… Բայց խորթ ժամանակի այդ շինծու ու կեղծավոր սիրախաղին Պարույր Սեւակը փոխադարձ սիրով չպատասխանեց, արհամարհեց, շարունակեց որոնել իր հարազատ մորը՝ իր երազած ժամանակը։ Խաչի վրա էր, խաչից ոչ ոք ողջ չի իջնում։ Նրան խոլական Չարենցի նման չեն սպանի, այլ ժամանակակից ձեւով՝ սպիտակ սպանությամբ, քաջ գիտենալով, որ գիրք արգելելը ճշմարիտ գրողի համար նշանակում էր արգելել ապրել եւ մատնացույց անել գերեզմանի դուռը։ 1971 թվական։ Հունիսի 1-ից 3-ը ընթանում էր Հայաստանի գրողների միության 6-րդ համագումարը, զեկուցող՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար եւ Հայկոմկուսի կենտկոմի անդամ Էդուարդ Թոփչյանը արձանագրում է հայ պոեզիայի նվաճումները՝ նշելով հետեւյալ անունները. Նաիրի Զարյան, Գեղամ Սարյան, Սարմեն, Վաղարշակ Նորենց, Հովհաննես Շիրազ, Աշոտ Գրաշի, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Արշավիր Դարբնի, Հենրիկ Թումանյան, Սամվել Գրիգորյան, Արշալույս Մարգարյան, Միքայել Հարությունյան, Գուրգեն Շահնազ, Մարիա Հակոբյան եւ ուրիշներ։ 1971 թվականի հունիսի 3-ին՝ համագումարի վերջին օրը, կառավարական շենքի դահլիճում, ուր տեղի էին ունենում համագումարի նիստերը, Գրողների միության ղեկավարության կուսակցական խումբը վերեւում խորհրդակցում էր՝ քվեարկությունից առաջ բոլոր կարգի նշանակումները եւ ընտրություններն անում էր, որպեսզի հետո ձեւական ընտրություն կատարեին։ Անկուսակցական գրողների խումբը ներքեւում էր։ Այդ ժամանակ՝ ժամը 12-ին մուտքին մոտեցան մի քանի հոգի, որոնց միլիցիոները ներս չէր թողնում։ Նրանք ասացին, որ ուզում են տեսնել Պարույր Սեւակին։ Վերջապես ներս եկան, հանդիպեցին Պարույր Սեւակին եւ ասացին, որ իրենք տպարանի աշխատողներ են։ Իրենց կարգադրված է այսօր տպարանի բակում վառել «Եղիցի լույս» գրքի ամբողջ տպաքանակը։ Այդ ընկերներից մեկի անունը կարծեմ Շմավոն էր։ Պարույրը հանգիստ լսում էր՝ սպասվող լուրի նման։ Նրանք ասացին, որ Պարույրը թող հանգիստ մնա, որ իրենք բավականին շատ օրինակներ դուրս են բերել։ Պարույրը որքան հանգիստ էր արտաքինից, նույնքան այլայլված էր հոգեպես։ Բազմաթիվ դավերի ու նենգությունների գագաթնակետն էր այդ օրը։ Այդ խոսակցությանը ներկա էին գրողներ Ռաֆայել եւ Վալտեր Արամյանները, նրանք քար կտրեցին այդ լուրը լսելով։ 1937-ի բանտ ու աքսոր տեսած Վալտեր Արամյանը ցնցված ասաց. «Սա 37 թիվ է»։ Հենց այդ օրն էլ Պարույրը իր վերջին կռիվը տվեց՝ հարաբերությունները խզեց գրողների ղեկավարության եւ կառավարոթյան հետ, հրաժարվեց ամեն-ամեն ինչից՝ պաշտոնից, Մոսկովյան համագումարի պատգամավորությունից։ Հրապարակավ պատռեց կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանի եւ Գրողների միության քարտուղար Էդուարդ Թոփչյանի դիմանկարները, ովքեր իրենց կեղծ բարեպաշտությամբ, փարիսեցիական ժպիտով մատնում էին Պարույրին։ Այդ պահին պետք էր տեսնել Պարույրին, որպեսզի հասկանալի լիներ նրա ողբերգական կյանքի ուղին եւ նույնքան ողբերգական ավարտը։ Պարույր Սեւակի անտեսումը Էդ. Թոփչյանի կողմից շարունակվում էր. 1972-ին «Սովետական Հայաստան» օրաթերթը տպագրում է հարցազրույց Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար Էդ. Թոփչյանի հետ։ «Ի՞նչ հետաքրքիր գործերով է նշանավորվել հայ գրողների կյանքը, հայ գրական կյանքը 1971 թվականին» հարցի պատասխանի մեջ թվարկվում է շատ հեղինակների գրքեր։ Նորից գիտակցաբա՞ր, թե՞ թշնամանքով՝ չի հիշատակվում Պարույր Սեւակի «Եղիցի լույսը»։ Հանրությանը հայտնի է, որ «Եղիցի լույսը» վաճառքի թույլատրվեց 1971-ի հուլիսի վերջերին (երկու տարուց ավելի արգելված լինելուց հետո)։ Վկան «Գրքերի աշխարհ» ամսաթերթի օգոստոսի տեղեկությունն է։ Իսկ 1972-ի հունվարին անգամ Էդ. Թոփչյանը չի հիշատակում այդ գիրքը։ Ի՞նչ անուն տաս սրան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել