Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ

Փետրվար 02,2002 00:00

ՆՈՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ Փետրվարի 1-ին Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրյա արվեստասերներին հրավիրեց մասնակցելու ԻԻՀ հեղափոխության հաղթանակի 23-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Հայաստանի ազգային պատկերասրահում հավաքվածներին իրենց ելույթով ողջունեց Աբովյան քաղաքի «Էրզրում» մանկական երգչախումբը։ Երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ եւ ԻԻՀ հիմները։ Հյուրերին իրենց բարեմաղթանքները հղեցին Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, Իրանի մշակույթի տան տնօրեն Աբու Թալեբին, ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ այլք։ Հանդիսատեսն առիթ ունեցավ ծանոթանալու Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի մշակույթի նվաճումներին։ Իրանի մշակույթի տան տնօրենի խոսքերով. «Հեղափոխությունից հետո Իսլամական Իրանի արվեստն ապրեց ծաղկուն վերելք եւ այսօր Իրանի դեսպանատունը պատիվ ունի նշելու, որ հատկապես վերջին 3 տարիների ընթացքում այդ առիթով կազմակերպվել են մի շարք ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվել են Իրանի անվանի արվեստագետների ցուցահանդեսները, ըստ որում՝ յուրաքանչյուր տարին նորովի, նոր եւ արժեքավոր գործերով»։ Այս տարի եւս պատկերասրահում ցուցադրվում էին երկու նշանավոր իրանցի արվեստագետների ստեղծագործությունները։ Փորագրող վարպետ Թաղի Էսմայիլի-Փուրի եւ գեղանկարիչ վարպետ Էհսանե Ղաեմի գործերը, ըստ մասնագետների, զուտ իրանական արվեստ են։ Միջոցառման մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալ վարպետների գործի գաղտնիքներին, տեսնել, թե ինչպիսի հմտությամբ են պինդ եւ կարծր մետաղները վերածվում չքնաղ պատկերների։ Ներկաների կարծիքով, այսօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել