Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2002-Ը ՀԵՌՈՒ ՉԷ

Փետրվար 02,2002 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2002-Ը ՀԵՌՈՒ ՉԷ 2001թ. Հայաստանի ֆուտբոլային աշխարհում սկզբից մինչեւ վերջ անչափ բարդ ընթացավ։ Անգամ եղավ պահ, երբ ֆեդերացիայի եւ մի քանի ակումբների ղեկավարների համոզմունքների անհամաձայնության պատճառով վտանգվեց երկրի առաջնության անցկացումը։ Բարեբախտաբար, ծանր բանակցությունների արդյունքում կողմերը փոխզիջումների գնացին եւ առաջնությունը մեկնարկեց։ Ի՞նչ է սպասվում մեզ այս տարի, ե՞րբ է Հայաստանում մեկնարկելու «Մրցաշրջան-2002»-ը, ՀՖՖ-ն ինչպե՞ս է նախապատրաստվել դրան եւ, ընդանրապես, այս տարվա համար ի՞նչ ծրագրեր ունի։ Այս հարցերի շուրջ է մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանի հարցազրույցը ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ։ – Պրն Աբրահամյան, արդեն փետրվար ամիսն է։ «Մրցաշրջան-2002»-ը ե՞րբ է մեկնարկելու Հայաստանում։ – Դա կորոշվի ՀՖՖ գործկոմի նիստում, որը, հավանաբար, կկայանա փետրվարի 4-ին։ – Այդ օրը բազմաթիվ հարցեր կքննարկվեն։ ՀՖՖ-ն լա՞վ է պատրաստվել դրանք ներկայացնելու։ – Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սկսած կանոնադրությունից, որը որոշ չափով փոփոխության է ենթարկվել, խաղացանկերից, որ մշակված են, վերջացրած առաջնության մեկնարկի եւ ավարտի ժամկետներով, որ ներկայացնելու ենք գործկոմի հաստատմանը։ Վճռական ենք բարձրագույն խմբում 12 թիմերի քանակը պահպանելու հարցում։ – Այնուամենայնիվ, կարո՞ղ եք որոշ ժամկետներ նշել, թեկուզ մոտավոր։ Եվ հետո, տարվա ընթացքում ֆուտբոլի զարգացման համար միջոցառումների ի՞նչ ծրագրեր կան մշակված։ – Նպատակահարմար է գտնված գավաթի խաղարկությունը սկսել մարտի առաջին, իսկ երկրի առաջնությունը՝ նույն ամսի երկրորդ կեսին եւ ավարտել նոյեմբերին։ Ինչ վերաբերում է այլ միջոցառումներին, մեր այն թիմերի համար, որոնք չեն կարողացել այս ընթացքում արտասահմանյան ուղեւորությունների մեկնել, կազմակերպել ենք Հունան Ավետիսյանի հուշամրցաշարը եւ այլն։ Այս եւ բազմաթիվ այլ հարցեր գործկոմում քննարկելուց, լինելիք առաջարկները հաշվի առնելուց հետո կկայացվեն գործկոմի որոշումները, որոնց մասին կտեղեկացվեն ԶԼՄ-ները։ – Մի հարց, որին ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս։ «Կիլիկիան» դիմել է ֆեդերացիա՝ բարձրագույն խմբում վերականգնվելու խնդրանքով։ Ինչպե՞ս կլուծվի այդ հարցը։ – Դա նույնպես գործկոմի որոշելիքն է։ Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ «Կիլիկիային» թույլ կտրվի մասնակցել Հայաստանի առաջնությանը, բայց ո՞ր խմբում՝ բարձրագո՞ւյն, թե՞ առաջին, ոչինչ ասել չեմ կարող։ – Իսկ դուք ո՞ր տարբերակին կողմ կքվեարկեիք։ – Նախապես ոչինչ չեմ ասի, այլապես հետո ինձ կարող են մեղադրել, թե կարծիք հայտնելով ճնշում եմ գործադրել գործկոմի վրա։ Ես իմ կարծիքը վերջում կարտահայտեմ։ – Հիմա եկեք խոսենք մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի խնդրի շուրջ։ Կա՞ն թեկնածություններ։ – Կան եւ նրանց շրջանակը նեղացել է։ Ու նորից թույլ տվեք առայժմ անուններ չտալ, որովհետեւ իմ մոտեցումը սուբյեկտիվ է ու կարող է նաեւ սխալ լինել։ Կրկնում եմ, որ չեմ ուզում, որպեսզի իմ ամեն մի, այսպես ասած, անզգույշ արտահայտություն երկու օր հետո ինձ հրամցվի որպես ճնշում գործադրելու փորձ։ Չեմ ուզում նաեւ մեր հայկական տարբերակով դեռ չնշանակված մարզչի համար սկսվի նրա փչացման գործընթացը։ Սպասենք մինչեւ փետրվարի 4-ը։ – Մարզչի ընտրության հարցում շրջանառվում էր երկու տարբերակ. հրավիրել դրսից կամ առաջարկել ներսի կադրերին։ Դա էլ կապվում էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության հետ։ Ինչո՞ւ։ – Նախ, ֆեդերացիան պետք է ճշգրտեր իր ֆինանսական հնարավորությունները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք պետական որեւէ աջակցություն չենք ստանում։ Ֆեդերացիան նույնիսկ ազգային հավաքականը պահելու գումարներ բացարձակ չունի։ Իսպանիայի ներկայությունը մեր ենթախմբում որոշակի ֆինանսական եկամուտների ակնկալիք է տալիս մեզ։ Զուտ մարզական տեսանկյունից իրավիճակն այսպիսին է։ Տանք ենթախմբի գնահատականը։ Արդյո՞ք Հայաստանի հավաքականը, նույնիսկ դրսից հրավիրված ամենալավ մարզչի պարագայում ի վիճակի է ենթախմբում 1-ին կամ 2-րդ տեղ գրավել։ Իրատես լինենք՝ ոչ։ Ուրեմն արժե՞ դրսից մարզիչ հրավիրել խոշոր միջոցներ ծախսելով, եթե, ասենք, մերոնք գրավելու են 3-րդ տեղը։ Կարծում եմ՝ ոչ։ Մանավանդ որ, այստեղ կարող մարզչական ուժեր կան ու նրանք էլ ի վիճակի են այդ խնդիրը լուծել։ Վիճակահանության արդյունքը մեզ հուշում է, որ այս փուլում ավելի ճիշտ է եղած հնարավորություններն ու միջոցները նպատակաուղղել սերնդափոխությունը ճիշտ կատարելուն, հավաքական թիմի ամբողջական նկարագիրը կերտելուն՝ իր խաղային ձեռագրով։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ այսօրվա հավաքականում 5-6 բարձր կարգի ֆուտբոլիստ ունենք։ Այ, եթե այսպիսիների քանակն իրենց վարպետությամբ դառնա, ասենք, 18, երբ յուրաքանչյուր տեղի համար լինի երկու թեկնածու, այդ ժամանակ բարձրակարգ մարզչի խնդիր առաջանալիս կարելի է զբաղվել դրսից մասնագետ հրավիրելու հարցով։ – Հիմա, մի տեսակ, լեգեոներականների բում է սկսվել Հայաստանում։ Բայց ապագան մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալն է։ Ֆեդերացիան այս ուղղությամբ ի՞նչ է անում։ – Միանշանակ այդպես է։ Ցավոք, շատերը կարծում են, թե մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, որ մարզաձեւի հիմքերի հիմքն է, միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի գործն է։ Մինչդեռ դա ավելի շատ վերաբերում է մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Եղած հնարավորություններով մենք որոշ բաներ արել ենք եւ 2001թ. այս առումով բավականին գոհացուցիչ էր։ Տարբեր կարգի մրցաշարերին մասնակցել է շուրջ 60 թիմ։ Այս տարի պետք է վերականգնենք բակային ֆուտբոլի բարի ավանդույթները, որը անչափ դժվար է, քանի որ հանրապետության քաղաքներում բակերը զավթված են ավտոտնակներով։ Բայց, միենույն է, ծրագիրը մշակված է։ Ու այստեղ ակնկալում ենք նախարարությունների, քաղաքապետարանների, թաղապետարանների աջակցությունը։ Ի դեպ, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի հետ այս թեմայով զրույցները մեզ լավատեսության հույսեր են ներշնչում։ Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը նոր թափ կհաղորդի այս տարվա մարտին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելիք Եվրոպայի առաջնության մեկ փուլը, որտեղ մեր 17 տարեկանների հավաքականի առջեւ կոնկրետ ու բարձր խնդիր է դրված՝ գրավել 1-ին տեղն ու մտնել եզրափակիչ մրցաշար։ Տա Աստված, որ ինձ հաջողվի այս տարի վերջնականապես սկսել ու ավարտել Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի (ՖԻՖԱ-ի հետ ֆինանսական հարցերը լուծված են), Գյումրիի մարզադպրոցի շինարարությունները։ Կրտսեր տարիքային ֆուտբոլի աշխուժացում է սկսվել նաեւ շնորհիվ մեր ակումբների նախագահների եւ հովանավորների։ Նշեմ, մասնավորապես, «Փյունիկին» (հովանավոր՝ Ռուբեն Հայրապետյան)։ Մնում է, որ բոլորս միասին պահպանենք եղածն ու կամաց-կամաց առաջ գնանք։ – Անցած տարի, դրանից առաջ էլ, շատ էին դժգոհությունները մրցավարությունից… – Եղած կադրերի համար շատ բան է արվել ու էլի կարվի հնարավորի առավելագույն չափով։ Այսինքն, կգործուղվեն հատկապես Ռուսաստան՝ սեմինարների, գործնական աշխատանքի։ Վերջապես, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում բացեցինք (թեեւ դա էլ ֆեդերացիայի պարտականությունը չէր) մրցավարական բարձրագույն երկամյա կուրսեր։ Ցանկություն կա նաեւ եղած հնարավորությունների սահմաններում բարձրացնել մրցավարների աշխատավարձը։ Բնականաբար, խստացվելու են նաեւ նրանց ներկայացվող պահանջները։ Եվ ամենակարեւորը (այդ մասին պետք է անպայման խոսեմ ակումբների նախագահների հետ), պիտի լուծել նաեւ որոշ չգրված կանոնների պահպանման խնդիրը։ Այսինքն, չազդել մրցավարների վրա ոչ հայհոյանքներով, ոչ էլ նյութական՝ այսպես կոչված, խրախուսանքներով։ Չէ՞ որ վախեցնելու կամ կաշառելու խնդիր կարող են ունենալ այդ 12 ակումբները։ Դրսից ոչ ոք չի գա այդպիսի բաներ անելու։ Պիտի բոլորի կողմից լինի բարի կամք։ Մենք էլ մեր հերթին ուժեղացնելու ենք տեսչական գործունեությունը, տեսուչներին տալու ենք ավելի շատ անկախություն։ Կարծում եմ, միայն այսպես հնարավոր կլինի ապահովել անկողմնակալ մրցավարություն։ – Այդուհանդերձ, ակումբները դժգոհում են։ – Գիտե՞ք, մեր մրցավարական բոլոր բրիգադները, որ սպասարկել են Ռուսաստանի առաջնության խաղեր, միջազգային հանդիպումներ, որպես կանոն՝ բարձր գնահատական են ստանում։ Կասկածից վեր է, որ մրցավարներն էլ են սխալվում։ Բազում օրինակներ գիտենք նույնիսկ աշխարհի, Եվրոպայի, այլ երկրների ազգային առաջնություններից, Եվրագավաթների խաղարկություններից։ Պարզապես այնտեղ ֆուտբոլը շատ բարձր մակարդակի է ու արագ եւ մրցավարի մեկ-երկու սխալը, ի տարբերություն այստեղի հանդիպումների, այդքան ճակատագրական ազդեցություն չի ունենում։ Գիտե՞ք, որ ՈՒԵՖԱ-ն խաղի արդյունքի, հատկապես 11 մետրանոցի հետ կապված ոչ մի բողոք չի ընդունում ու կտրականապես արգելում է տեսաերիզով գնահատական տալ մրցավարի գործողությանը։ Մի բան էլ, մեր մրցավարները խաղը սպասարկում են շատ վատ պայմաններում։ Ես դեռ ոչ մի տեղ մրցավարի հասցեին այնքան շատ, երբեմն էլ այլանդակ հայհոյանքներ չեմ լսել, որքան Հայաստանում։ Այս պարագայում 15 րոպեն էլ բավական է, որպեսզի մրցավարը հոգեբանորեն կորցնի հավասարակշռությունը։ Իհարկե, խիստ դատապարտելի է, եթե միտումնավորություն, պատվեր չլինի։ Ֆեդերացիան ամեն ինչ կանի ազնիվ մրցավարության համար եւ նույն բանն էլ պետք է խնդրեմ ակումբների նախագահներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել