Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

48 ՐՈՊԵՈՒՄ՝ 77 ԱՆԳԱՄ

Փետրվար 02,2002 00:00

48 ՐՈՊԵՈՒՄ՝ 77 ԱՆԳԱՄ Ամերիկյան Կոնգրեսը ծափահարությունների բացարձակ ռեկորդ է սահմանել: Նախագահի՝ «Երկրում իրադրության մասին» ամենամյա ուղերձի ներկայացումը Կոնգրեսում, միջին թվաբանականով րոպեում 2 անգամ ընդհատվել է ծափահարություններով: Ակամա հետաքրքրություն է ծնվում, թե այդ տարափի մեջ ի՞նչ է լսելի եղել, որ դեռ այդպես ինքնամոռաց ու հոտնկայս էլ ծափահարել են: Ինչեւէ, լրատվամիջոցներով տարածված տեքստից հասկանալի է, որ նախագահ Բուշը սիրում է երրորդություն: Նա ԱՄՆ-ի համար մատնանշել է 3 «մեծ խնդիրներ», եւ միջազգային հանրության 3 անդամի է առանձնացրել՝ իբրեւ «չարիքի առանցք»: ԱՄՆ-ի 3 «մեծ խնդիրները», քաղաքական մտածողությանը ավելի հարիր կլինեին, եթե հակադարձ հերթականությամբ թվարկվեին. այն է՝ տնտեսական հզորացում, անվտանգության համակարգի կատարելագործում եւ հարձակողական ներուժի գեներացում: Մինչդեռ Բուշը առաջնային է դասել հարձակումը: Բացի վիրտուալ «Ալ-Կաիդայից», բացառապես «Ալ-Ջազիրայի» եթերից մերթընդմերթ երեւակվող բեն Լադենից, եւ բալիստիկ հրթիռի հարվածներից հեծանվով ճողոպրող Մոլլա Օմարից, եւս մի քանի թիրախներ են հայտնագործվել: Հողմաղացների դեմ կռվելուց երեւի թե բարոյապես ուժասպառ եղած, ամերիկացիները սեփական ագրեսիվությունը պարպելու նյութեղեն նշանակետեր են գտել: Ի՜նչ նշանակետ. ամբողջ նշանառու տարածքներ՝ միլիոնավոր մղոններով: ԱՄՆ-ը «չարիքի առանցք» է հայտարարել Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան: Փխենյանը այդ որակումը գնահատել է «պատերազմ հայտարարելուն աղերսվող», Բաղդադը պատասխանել է, թե այս մոլորակի վրա ամենամեծ չարիքը Միացյալ Նահանգներն են, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդը ընդհանրապես Բուշին կնքել է «Մեծ Սատանայի արյունարբու առաջնորդ» պատվանունով: Պատերազմ՝ ուրեմն պատերազմ, փնտրու՞մ եք այն՝ ստացեք: Առայժմ քարոզչական պատերազմ է, հետո էլ զինուժով եւ սպառազինությամբ կլինի, եթե ԱՄՆ-ը իր ագրեսիվությունը չչափավորի: Աֆղանստանում Վաշինգթոնի ներկայության յուրաքանչյուր օրը ԱՄՆ պետական գանձարանին արժենում է 30 մլն դոլար: Ընդսմին փոշիացվող զինամթերքի արդյունքը առայժմ միայն հրթիռակոծությունից ու ռմբահարումներից մահացող մանուկների, ծերունիների, երբեմն էլ՝ տոհմային առաջնորդների դիերն են: Չգիտես՝ նվաճված արդյունքներից ոգեւորվելո՞վ, թե՞ հիասթափվելով ամերիկացիները որոշել են մեծացնել ռազմական ծախսերը: «Մարգարե» Դոնալդ Ռամսֆիլդը, որ անցյալ հոկտեմբերին՝ Աֆղանստանի վրա հարձակվելուց առաջ, «երկարատեւ ու արյունալի» պատերազմ էր կանխատեսել, մինչդեռ չգտնվեց նյութական, մարմնեղեն որեւէ հակառակորդ, ում դեմ թեկուզ «կարճատեւ ու անարյուն» պատերազմ հնարավոր լիներ մղել, այժմ կատարյալ շփոթության է մատնվել: Նա ասում է, թե ոչ ավել, ոչ պակաս մի նոր զինատեսակ է պետք հայտնագործել, որով հնարավոր կլինի դիմագրավել «անհայտ, անհասկանալի, անտեսանելի ու անսպասելի» հարձակումները: Նույնիսկ Ջերոմ Ք.Ջերոմի հերոսները կհամեստանային «մտքի այս փայլատակման ու ձեւակերպումների հստակության» առջեւ: Բարձրյալը ԱՄՆ-ին աջակից, թո՛ղ տքնեն, տեսնենք՝ ինչ կհայտնագործեն: Իսկ ընդհանրապես ամենեւին չէր խանգարի, եթե ամերիկացիները՝ վիրտուալ թշնամիների, վտանգների ու զինատեսակների մեջ անէանալուն զուգահեռ, գեթ երբեմն վերադառնային մարդու նյարդաբանական գործունեության ոլորտ եւ պայքարեին սեփական արատների դեմ, որոնք ի զորու են վնասել ցանկացած բեն Լադենից ավելի: Եթե սերնդեսերունդ գրեթե հասարակության ծաղիկ եւ օրինակելի քաղաքացի համարվող Բուշերի գերդաստանում նախագահի զարմիկին են ձերբակալում կեղծված դեղատոմսով թմրանյութ գնելու համար, արժե նախ սեփական հիվանդ հասարակությունը առողջացնելու մասին մտահոգվել: Չէ՞ որ Ֆլորիդայի նահանգապետի դուստր Նոել Բուշը ինչ-որ down-tawn-ի ծնունդ չէ, որ նրա վարքագծով ԱՄՆ-ի հասարակության բարոյալքության մասին դատելը իրականության միտումնավոր աղավաղում լիներ: Եթե ամերիկացիները, գոնե եկեղեցում հաջող գործարք ու շահաբաժին խնդրելուց զատ, մի փոքր էլ Սուրբ գրքերի պատգամներին անսային՝ դիմացինի աչքի փուշը տեսնելուց առաջ սեփականը կնկատեին ու կզգուշանային, որ «իրենց աչքի լույսը խավար չըլլա»: Բայց դե դրա համար հարկավոր էր գոնե Մանդելայների երկիր չլինել, ինչպես որակել է Միխայիլ Զադորնովը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել