Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարպետաց» վարպետը

Փետրվար 20,2002 00:00

«Վարպետաց» վարպետը «Դու հոյակապ կամերային երգչուհի ես»,- ասել է աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն Ջրվեժի սբ. Կաթողիկե եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Աննա Մայիլյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեկտեմբերին կայացած օպերային միջազգային փառատոնի ժամանակ։ Անցած տարվա վերջում մեցցո-սոպրանո երգչուհին մասնակցել է արտերկրում կազմակերպված մի քանի մրցույթ-փառատոների, որոնց մասին նա պատմեց մեր զրույցի ընթացքում։ – Ռումինիայի օպերային երգի միջազգային փառատոնում հատուկ մրցանակի եք արժանացել, ստացել եք դափնեկրի կոչում։ Ո՞ր երկրներից էին մյուս մասնակիցները, քանի՞սը մրցանակներ ստացան։ – Ռումինիայի փառատոնին, որ հույն ճանաչված երգչուհի Հարիկլեա Դարկլեի անունն էր կրում, մասնակցում էին շուրջ 50 երկրների օպերային ճանաչված երգիչներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Ռուսաստանից եւ այլն։ Փառատոնի դափնեկրի կոչմանն արժանացան 10 երգիչներ։ Այս մրցույթից շատ տպավորված եմ, որովհետեւ կազմակերպիչները ինձ խնդրեցին օպերային արիաներից բացի, հանդես գալ շարականների կատարումով։ Եվ շատ գոհ եմ, որ Պաղտասար Դպիրի սրտահույզ տաղերը հանդիսատեսը չափազանց մեծ ջերմությամբ ընդունեց։ – Դոմինգոյի անվան փառատոնը կարո՞ղ ես քեզ համար հաջողված համարել։ – Միանշանակ՝ այո։ Թեեւ այդ փառատոնում մրցանակի չարժանացա, սակայն բոլոր մասնակիցներիս համար հաճելի անակնկալ կար. ելույթներից հետո Դոմինգոն բոլորիս ձեռքսեղմումով շնորհավորեց, նույնիսկ երգիչները կատակում էին, թե չպետք է սեղմած ձեռքը լվանալ, դա օրհնանքի պես բան է։ Դոմինգոյի անվան մրցույթին մասնակցելու համար իրենց ձայնագրությունները նախօրոք Վաշինգթոն էին ուղարկել ավելի քան 2000 երգիչներ, մասնակցության համար նրանցից ընտրվել էին ընդամենը 40-ը։ Բացի Շառլոտի արիայից (Մասնե՝ «Վերտեր»), այս փառատոնին ներկայացրի նաեւ իսպանական օպերային ժանրը՝ «Զառզուելլա»։ – Դուք նաեւ «Վարպետներ» անսամբլի գեղարվեստական ղեկավարն եք, եւ գիտեմ, որ անսամբլի հետ էլ անցած տարվա վերջում բավականին հաջող հյուրախաղեր եք ունեցել։ – Այդ հյուրախաղերին մեկնել էինք Եվրոպական համերգային կազմակերպության հրավերով, որը ղեկավարում է հայազգի իմպրեսարիո Ժիրայր Քյուրջյանը։ 20 օրվա ընթացքում հանդես եկանք Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում եւ Հոլանդիայում։ Բոլոր երկրներում համերգներն անցան աննախադեպ հաջողությամբ։ Ուզում եմ ընդգծել, որ «Վարպետները» ազգային երաժշտության ինքնատիպ անսամբլ է (Գրիգոր Առաքելյան (հայկական ժողովրդական գործիք՝ քամանի), Արկադի Պողոսյան (թառ), Վարազդատ Հովհաննիսյան եւ Արմեն Ղազարյան (դուդուկ) եւ Ռոբերտ Դուրունց (դհոլ)։ Անսամբլի հետ եվրոպական երկրներում բավականին հաջող ներկայացրինք հայկական ժողովրդական երաժշտությունը, տաղերն ու շարականները։ ՆԱՐԻՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել