Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Amnesty»-ի զեկույցից

Փետրվար 27,2002 00:00

Մանրամասներ «Amnesty»-ի զեկույցից «Առավոտն» առիթ ունեցել էր անդրադառնալու, որ «Amnesty International» միջազգային կազմակերպությունն իր բողոքի հուժկու ձայնն է բարձրացրել՝ հօգուտ… ահաբեկիչ-մարդասպան եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների։ Ընդսմին, իրոք, հեղինակավոր այս իրավապաշտպան կազմակերպությունն այդ խնդրին անդրադառնում է մշտապես՝ յուրաքանչյուր կես տարին մեկ պարբերականությամբ։ Այսպես, «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվածների ճակատագրին «Amnesty»-ն անդրադարձել է ե՛ւ 2001-ի մայիսին, ե՛ւ 2001-ի հոկտեմբերին, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո։ Տեքստը գրեթե աննշան փոփոխությունների է ենթարկվում. «Amnesty»-ն մշտապես նշում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալվածները պնդել են, թե իրենց հետ վատ են վարվել, ծեծել, թմրամիջոցներ ներարկել եւ տեւական ժամանակ չեն թողել, որ քնեն։ Այս շարքում նորությունը միայն թմրամիջոցներն էին։ Ըստ «Amnesty»-ի զեկույցի, պարզվում է, որ նման պնդում արել է ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը. «Փորձել են ինձ թմրադեղեր տալ, որպեսզի ստիպեին խոստովանել»։ Իսկ Նաիրի եւ Կարեն Հունանյանների պարագայում, ծեծից բացի, «Amnesty»-ն նշում է, որ քննիչները նրանց սպառնացել եւ հոգեբանական ճնշման են ենթարկել։ Ի դեպ, «Amnesty»-ն 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ցավակցություն էր հայտնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց դրանից հետո կազմակերպությունն անընդհատ պնդել է, որ քննությունն անցկացվի միջազգային չափանիշներին համապատասխան, բացի այդ՝ համակողմանի եւ անաչառ ուսումնասիրության ենթարկվեն խոշտանգումների վերաբերյալ բոլոր պնդումները, եւ, եթե դրանք ճշմարտացի են՝ պատասխանատվության կանչվեն բոլոր մեղավորները։ «Amnesty»-ն պատասխանի չի արժանացել, սակայն ի գիտություն է ընդունել մամուլում պաշտոնատար անձանց այն հաղորդագրությունները, ըստ որոնց՝ այդ պնդումները բավարար չափով ապացուցված չեն։ Տեղն է նշել, որ իր այս բոլոր հաղորդագրություններում «Amnesty»-ն հղում է արել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին, որոնց տեղեկությունների վրա հիմնվել են մեկ էլ բանակում կատարված հանցագործությունների մասով։ «Հանձնաժողովն իմ մասնակցության շրջանում զբաղվել էր նաեւ բազմաթիվ այլ գործերով, բայց «Amnesty»-ն հարկ է համարել անդրադառնալ միայն սրանց»,- «Առավոտին» ասաց այդ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը։ Նա նաեւ նշեց, թե իրենք հատկապես «Amnesty»-ին տեղեկատվություն չեն տրամադրել «27»-ի գործով, ուղղակի այդ կազմակերպությունն է օգտվել մեկուսարան իրենց այցելություններից հետո մամուլում հրապարակված հաղորդագրություններից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել