Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստից»՝ հիմնադրամ

Փետրվար 27,2002 00:00

«Հայփոստից»՝ հիմնադրամ Այս տարվա հունվարից սոցապ հիմնադրամը հրաժարվեց «Հայփոստի» ծառայությունների որոշակի ծավալից։ Այսինքն, Երեւանում այսուհետ կենսաթոշակները կբաժանեն ոչ թե «Հայփոստի», այլ սոցապ հիմնադրամի վճարման ծառայության աշխատակիցները։ Այս որոշումը որոշակի դժգոհությունների տեղիք տվեց։ Ո՞րն էր այսպիսի որոշում կայացնելու պատճառը։ Պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանից։ Ըստ նրա. «Հայփոստը» ծառայություն է մատուցել զուտ պայմանագրային հիմունքներով եւ այդ ծառայությունը ցանկացած պահին կարող է ուրիշ մեկը մատուցել՝ հիմնադրամի համար ավելի նպաստավոր պայմաններով։ Մեկ տարի առաջ «Հայփոստը» ծառայություն էր մատուցում 1,7% վարձավճարով, այսինքն մեր տված գումարի 1,7%-ը որպես վարձավճար փոխանցում էինք «Հայփոստին»։ Բավական երկար բանակցությունների, քննարկումների արդյունքում Երեւան քաղաքում վարձավճարի չափն իջեցվեց 1,2%-ի, մարզերում՝ 1,5%-ի։ Իսկ ընդհանրապես կենսաթոշակառուների 50%-ը, վերջին ամիսներին մինչեւ 70-%-ը վճարվել է հիմնադրամի վճարման ծառայության աշխատակիցների միջոցով։ Այդ ընթացքում ցուցակները ճշտեցինք, մաքրեցինք՝ տարբեր ամիսների արդյունքները համադրելու միջոցով։ Օրինակ, նոյեմբեր ամսին «Հայփոստի» կողմից վճարված 64 հազար մարդուց կենսաթոշակ չի ստացել 1500-ը։ Դեկտեմբերին նույն բաժանմունքներում վճարել է մեր վճարման ձեռնարկությունը, որի արդյունքում 64 հազար մարդուց չի վճարվել 3300-ը, չհաշված նախկին 1500-ը։ Այսինքն, վճարումներն ավելի հասցեական են դարձել»։ Պրն Մուշեղյանը նաեւ նշեց, թե որտեղից են գալիս բողոքները՝ «Հայփոստի» կողմից, բայց. «Փոստատարներին պահելու խնդիրը ոչ թոշակառուի, ոչ էլ հիմնադրամի վզին է դրված։ Այս առումով արդեն մարտի երկրորդ կեսին թոշակառուներից ոչ մի բողոք չի լինի։ Հստակ ամեն ամիս մարդիկ իրենց թոշակը կստանան։ Մեր վճարման ծառայության բոլոր 17 կետերում փակցված է, որ վճարողները տեղամասում կլինեն ամեն օր, երեկոյան ժամը 5-7-ը»։ Նա պատճառաբանեց, թե ինչու է հիմնադրամի հսկողությունն այս առումով ավելի ուժեղ. «Որովհետեւ միջոցները մենք ենք հավաքագրել։ Հիմնադրամի վարչության պետը տարածքներում վճարումներ է իրականացնում, որպեսզի հասցեական լինի, որպեսզի թոշակառուների փողը չկորչի։ Այս նպատակով մեր աշխատակիցներից 10 օրով 50 մարդ էինք գործուղել Գյումրի, որոնց ապահովում ենք նաեւ գործուղման ծախսերով։ Ինչ է ստացվում. 1,5% վարձավճար տանք «Հայփոստին», հետո գումար ծախսենք, գնանք իրենց հսկե՞նք։ Չի կարող այդպես լինել»։ Նա նշեց, որ իրենք որոշակի պայմաններ ունեն, եւ եթե մեկ այլ կազմակերպություն հայտնվի, որն ավելի էժան վարձավճարներով ու որակյալ մատուցի միեւնույն ծառայությունը, ապա նրան կդիմեն։ Օրերս Ազգային ժողովն օրենք ընդունեց, համաձայն որի, փոփոխվել է կենսաթոշակների վճարման ժամկետը։ Եթե նախկինում, ըստ օրենքի կենսաթոշակը պետք է վճարվեր յուրաքանչյուր ամիս, ապա այժմ՝ հաջորդ ամսվա ընթացքում, կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրում։ Սա կապված է մեկ այլ օրենսդրական փոփոխության հետ, ըստ որի, աշխատավարձը վճարվում է ամիսն ավարտվելուց հետո, մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։ Սա ըստ Ֆ. Մուշեղյանի, տրամաբանական է. «Ամիսն ավարտվում է, աշխատավարձ են տալիս, նոր սոցվճարներ են հավաքագրվում, հետո նոր միայն թոշակները տալիս ենք։ Նախկինում էլ է այդպես եղել։ Երբեք նույն ամսվանը հնարավոր չի եղել նույն ամսում էլ վճարել»։ «Առավոտի» հարցին, թե ժամկետի երկարաձգումը եւս մեկ ամսով չի՞ հետաձգի տվյալ ամսվա կենսաթոշակի վճարումը (քանի որ, առանց այն էլ փոքր-ինչ ուշացումով էր վճարվում), հիմնադրամի նախագահը պատասխանեց. «Եթե հիմնադրամը գումար չունենա, ցանկացած դեպքում, ինչ ուզում է օրենքում գրված լինի, դա կխախտվի՝ անկախ մարդկանց կամքից»։ Եվ հակառակը. «Եթե 2000թ. սեպտեմբերին ունեինք 3-4 ամսվա պարտք, այսօր պարտք չունենք, ինչը գումարների նորմալ հավաքագրման, վճարումների հասցեականության արդյունքն է»։ Տրամաբանորեն, թոշակառուի համար էական չէ, թե ով կվճարի։ Կարեւորը, առանց ձգձգումների եւ ստորացումների, ժամանակին կենսաթոշակ ստանալն է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել