Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂ, ՍՊԱՐԱՊԵՏ, ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

Մարտ 05,2002 00:00

ԳՐՈՂ, ՍՊԱՐԱՊԵՏ, ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Վազգենը գրող է, հայրենիքի զինվոր ու Սպարապետ: Թե կոնկրետ ո՞րն է ավելի դիպուկ ու բնութագրական՝ դժվար է ասել: «Եւ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջեւ, սա այսօր հստակ գիտակցումն է անհրաժեշտության այն խոշոր անհատի, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պետական-քաղաքական հրապարակում եւ կանգնած չէ: Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց եւ աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով: Նրա բացակայությունը բեկում է մեր խոսքը, եւ մեր քայլը հաստատուն չէ»,- ճիշտ երկու տարի առաջ այս օրը Վազգեն Սարգսյանի վերաբերյալ այսպես է ասել գրող Հրանտ Մաթեւոսյանը: Անվանի մեր գրողների պնդմամբ՝ նա շատ լավ գրող էր: Հայրենիքը պաշտպանած զինվոր-ազատամարտիկների, հաղթած բանակի սպաների պնդմամբ՝ Վազգենը մեր Սպարապետն է: Ասենք՝ մեկը մյուսին չի էլ բացառում, բայց նրան ուղղված բնորոշումների ոչ լրիվ ցանկը հավաքական ու ամփոփիչ է դարձնում «Ազգային հերոսը»: Սա ավելի շուտ նրա իսկական բնորոշումն է, քան՝ պարզապես կոչում: «Մինչեւ իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամանակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջեւ սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում…»,- այսպես է բնութագրել գրող Վազգեն Սարգսյանին Հրանտ Մաթեւոսյանը: Թե ինչպիսին էր Վազգենն իբրեւ Սպարապետ՝ վկայում են ընդամենը 4-ամյա նորանկախ Հայաստանի կայացմանն ու պատերազմական գործողություններին զուգահեռ բանակ ստեղծելու ու հաջողելու նրա խիզախությունը, միշտ հողեր կորցրածով ու մազապուրծ եղածով բարդույթավորված մեր ժողովրդին փայլուն հաղթանակներ բերած, Արցախն ազատագրած, հայ զինվորին հպարտություն ու ինքնավստահություն հաղորդող Հայոց բանակի կայացումն ու այդ բանակին հարազատ զավակի նման գուրգուրելու, խնամելու ու ամրապնդելու նրա ջանքերը: Գրողն ու Սպարապետն, անշուշտ, պատրաստ էր նաեւ լավ, ամենակարեւորը՝ հիասթափված ու թեւաթափ մեր հասարակության համար ընդունելի քաղաքական գործիչ ու վարչապետ դառնալ, եթե միայն ոմանց՝ սեփական անձի ու իշխանության եւ առանձին քաղաքական ուժերի ու նրանց զառամյալ գաղափարների համար՝ դա մահու չափ վտանգավոր չթվար: Նրա՝ ուժեղ բանակ ունենալու երազանքն իրականացել էր: Հերթը, ինչպես ինքն էր ասում, զարգացած տնտեսություն եւ տարածաշրջանում ուրույն դեր ու կշիռ ունեցող հայրենիք կառուցելն էր, որին ձեռնամուխ էր եղել արդեն 99-ի հունիսից: Ուժեղ, ընդունելի, հասարակության հավատն ու վստահությունը վայելող վարչապետին՝ մե՛կ անգլիական թագուհի, մե՛կ դիտորդ, մե՛կ մարդասպանների հովանավոր իշխանությունների օրոք, պատասխանն, անշուշտ, «Հոկտեմբերի 27»-ն էր լինելու: Որովհետեւ նույն այդ հասարակությունը մերժել էր ոչ լեգիտիմ իշխանությունն ու իր վերելքի հնարավորությունը պայմանավորել էր 98-ին վերջինիս մրցակից թեկնածուի, իսկ 99-ին՝ երկիրը պաշտպանողի ու կառուցողի միասնության ընտրությամբ: Իսկ դա կարող էր մահացու լինել սեփական աթոռին անմնացորդ սիրահարված ու այն կորցնելու վտանգից գլուխը կորցրած որեւէ մեկի համար: «Հոկտեմբերի 27»-ի պատճառների ու հետեւանքների մասին բազմիցս է խոսվել ու դեռ կխոսվի: Այսօր դրան անդրադառնալը, կարծում ենք, պակաս պատեհ է, քան երեսպաշտության մասին խոսելը: Վստահ ենք, որ այսօր Եռաբլուրը, ուր ամփոփված է Սպարապետը, բազմամարդ է լինելու: Վ.Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելու, խունկ ծխելու են գալու նրա հարազատները, իրական ու անմնացորդ զինակիցները, բայց նաեւ նրանք, ովքեր դա անելու են պարզապես «պտիչկայի» կամ «պրատակոլի» համար՝ երեսպաշտորեն, մոռանալով, որ Վ.Սարգսյանի գերեզմանին այցելելը թերեւս երախտիքի ավելի փոքր արտահայտություն է, քան նրա հիշատակը երկրային ու կեղտոտ ոտնձգություններից հեռու պահելու գոնե փորձերը: Այսօր, պաշտոնական տեղեկատվության առաջին պլանում, թերեւս, կնշվի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նախարար Սերժ Սարգսյանի ու նրանց համհարզների՝ Եռաբլուր կատարած այցելության մասին: Նրանք անպայման ծաղիկներ կդնեն իրենց «եղբոր», «զինակցի» եւ «ընկերոջ» շիրիմին: Ու, թերեւս, ոչ մեկին չհաջողվի ստանալ պատասխանն այս հարցի՝ պարոնայք, եթե, իրոք, հարգում եք Վ.Սարգսյանի հիշատակը, ինչո՞ւ հնարավոր եղան նրան հետմահու վարկաբեկելու իշխանական քարոզչամիջոցների փորձերը, Ազգային հերոսի դեմ քրեական գործեր հարուցել-կարճելու փաստերը, ինչո՞ւ ձեզնից ոչ ոք ոչ մի բառ այդպես էլ չասաց ի պաշտպանություն Վ.Սարգսյանի եւ ի դատապարտում նրա հիշատակի պղծման: Չեղան ոչ հեռուստաելույթներ, ոչ բացառիկ հարցազրույցներ: Լռեցին ե՛ւ վարչապետը, ե՛ւ երկրապահները. դա կարող էր փչացնել վերջիններիս հարաբերությունները նախագահի ու նախարարի հետ: Չէ՞ որ նրանք գիտեն, թե հատկապես ում հրահանգով կամ թողտվությամբ է տեղի ունենում այդ անբարոյականությունը: Ինչեւէ, իշխանությունն անցողիկ է: Սպարապետ, Ազգային հերոս Վազգենի հիշատակը՝ հավերժ: «Արդ, եկեք, եղբայրներ, հասարակաց շինության գործը արագացնենք, որ ձեզանից էլ այդ պատուհասները վերանան եւ ձեզ հասած խռովությանը անմիջապես խաղաղություն հաջորդի, իսկ ձեզ գերող մոլորություններից՝ փրկության դարձ լինի…» (Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»): ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել