Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանական ֆուտբոլ» շարքից

Մարտ 15,2002 00:00

«Իշխանական ֆուտբոլ» շարքից Տարբեր առիթներով՝ անհատապես եւ կոլեկտիվ դիմել ենք Արարատի մարզի եւ հանրապետության մարդատար տրանսպորտի պատասխանատու անձանց՝ մարդատար տրանսպորտի աշխատանքները բարելավելու առաջարկներով, սակայն՝ ոչ մի գործնական քայլ եւ դրական առաջընթաց։ 2000թ. օգոստոսին դիմեցիք տրանսպորտի նախարարության հասարակական տրանսպորտի բաժնի վարիչ Հ. Համբարձումյանին, առաջարկելով ընդառաջ գնալ երթեւեկողների դիմումին եւ վարորդների համաձայնությանը ու պայմանավորվեցինք Արտաշատ-Երեւան երթուղու արժեքը իջեցնել 50 դրամով, որն, ինչ խոսք, կնպաստի ուղեւորների քանակի ավելացմանը եւ շահութաբերությանը։ Նաեւ թիվ 3 ավտոբուսային պարկի տնօրեն Մ. Խաչատրյանը խոստացավ 2001թ. փետրվարի 13-ից հետո ընդառաջ գնալ։ Սակայն Համբարձումյանը անցնելով նոր աշխատանքի, խորհուրդ տվեց նորանշանակ բաժնի վարիչ Ա. Մովսիսյանին դիմել։ Ամեն ինչ սկսվեց զրոյից։ Մի քանի ամիս հետո նա էլ, նախարարն էլ տեղափոխվեցին այլ աշխատանքի։ 2001թ. սեպտեմբերին գրավոր դիմեցինք ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին եւ տրանսպորտի ու կապի նախարար Ա. Մանուկյանին։ Ըստ դիմումների տեղաշարժման օրենքի, որը բոլոր հասարակական կացութաձեւերում նույնն է եղել, դիմումն ուղարկվում է այնտեղ, ում դեմ ուղղված է, որն էլ ցանկություն չունի ընթացք տալու։ Նշենք նաեւ այն փաստը, որ դիմումի պատճենը նախարարությունում չքվեց։ Ի վերջո, սեպտեմբերի 11-ին մեր կողմից անձամբ նախարարություն ներկայացված պահանջներով եւ առաջարկներով դիմումին պատասխանվեց 2002թ. հունվարի 5-ին՝ նախարարի անունից փոխադրումների վարչության պետ Հ. Երեմյանի ստորագրությամբ։ Նախարարության պատասխանը չենք ներկայացնում ընթերցողների ուշադրությանը, քանի որ այն իր բովանդակությամբ անհեթեթ եւ հարցադրումներից հեռու պատասխան է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաեւ Ձեր առողջության վրա։ Մենք պահանջել էինք 115 երթուղու ավտոբուսը, որպես գյուղացու բերքը փոխադրող եւ անվճարունակ խավի միակ հույս, աշխատեցնել կայուն գրաֆիկով, երթեւեկության արժեքը 200-ից դարձնելով 150 դրամ, իսկ «Գազել» տիպի միկրոավտոբուսներինը՝ 250-ից՝ 200 դրամ։ Մեր առաջարկները լավ ընդունվեցին ուղեւորների եւ վարորդների կողմից, քանի որ նրանք «պադավատներով» եւ անձնական մեքենաներով չեն երթեւեկում ու սեփական մաշկի վրա զգալով, մտնում են ժողովրդի չարքաշ դրության մեջ։ Հիշեցնեմ նաեւ. արտաշատյան կողմը ի սկզբանե գազելներով փոխադրման համար որոշել էր գինը սահմանել 150 դրամ, իսկ երեւանյանը՝ 250 դրամ, որը եւ պահպանվում է հիմա։ Գազելը փոքր տիպի ավտոբուս է եւ գանձումները պետք է ըստ կանգառների կատարվեն կամ, եթե 250 դրամը պահպանվելու է, ապա երթուղին պետք է բաժանել 3 հատվածների։ Օրինակ, Երեւան-Մասիս-Սովետաշեն հատվածի համար նախատեսել մի գին, մինչեւ Դիմիտրով՝ մեկ եւ մինչեւ Արտաշատ՝ արդեն լրիվ արժեքը։ Նշված էր նաեւ այն, որ Արտաշատից արդեն գերբեռնված, հատկապես առավոտյան մինչեւ ժամը 10.30, գազելները անցնում են իրար հետեւից, առանց միջակա շուրջ 12 գյուղերից մարդ վերցնելու։ Իսկ ով էլ եթե խցկվում է կուչ եկած, միեւնույն է, 250 դրամ պետք է մուծի, անկախ նրանից, թե որտեղից է նստել։ Օրինակ, Մխչյանից Արտաշատ գնալիս 100 դրամ է ուղեվարձը, որը նորմալ է եւ ընդունելի, իսկ դեպի Երեւան՝ 250 է։ Տարբերությունը ընդամենը 5 կմ է։ Իսկ փոքրաթիվ անձնական ավտոբուսներն անընդհատ հալածվում են հարկայինի կողմից, երբեմն այսպես կոչված «ռեյդերի» ձեւով։ Փետրվարի 20-ից մինչեւ օրս կարող ես առավոտյան երկու եւ ավելի ժամ սպասել եւ ոչ մի 115 համարի ավտոբուս, իսկ հայտնվածների մեջ մարդիկ իրար վրա են դարսված։ Նման ձեւով չի թույլատրվում նույնիսկ կենդանիներ տեղափոխել։ Արտաշատի ենթաշրջանի 4 գյուղերի բնակիչների մի մասը կարիքից ելնելով օգտվում էր նաեւ էլեկտրագնացքից՝ «Դիմիտրով» կանգառում, քարշ տալով զանազան բեռներ, երբ այդ կանգառը տարիներ առաջ դեռ բարեկարգ չէր եւ դռներից կախված էին մարդիկ քաղաք հասնում, իշխանություններին չէր մտահոգում։ Գյուղապետերի անտարբերությունից հետո մեր ուժերով բարեկարգվեց կառամատույցը եւ մարդիկ սկսեցին հանգիստ երթեւեկել։ Որոշ ժամանակ անց այդ հարմարավետ կանգառն արգելվեց երկաթգծի վարչության կողմից։ Պատճառաբանությունը եղավ այն, որ կառամատույցը չի համապատասխանում նախագծին, տեղական իշխանությունները՝ մարզպետարանը եւ գյուղապետարանները թող միջոցներ տրամադրեն ու կառուցեն։ Գրվածից հասկացանք, թե ինչքանով են իշխանությունները մտահոգված ժողովրդի հոգսերով։ Ահա եւ տարիներով շարունակվող տրանսպորտային այս կարուսելը ձանձրացրել եւ զզվեցրել է մարդկանց, որոնք չգիտեն այլեւս ում դիմեն։ ՊԱՐԳԵՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել