Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 17,2002 00:00

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ «Ամեն ինչ փորձում են քողարկել բանկային գաղտնիք ասվածի տակ։ Իսկ մեր բանկային համակարգում մեծ թալան է տեղի ունենում։ Բայց փաստ է, որ ավանդատուն այս 2 տարիների ընթացքում ոչ ավանդն է կարողանում հետ ստանալ, ոչ տոկոսները»։ Այս համոզմանն էին երեկ հերթական անգամ հավաքված «Միավորված բանկի» մի խումբ խաբված ավանդատուներ։ Քանի որ մայիսի 3-ին լրանալու է «Կենտրոնական բանկի» կողմից 18 ամսով նշանակված խնամակալության ժամկետը, այս անգամ նրանք պահանջում էին, որ երկարացվի եւ բանկի առողջացման ծրագիրը շարունակվի։ Ըստ ավանդատուների, բանկի լուծարման դեպքում իրենք միայն կտուժեն։ Խնդրի առնչությամբ ավանդատուների հետ, մտավախությունները ցրելու նպատակով, հանդիպեց «Միավորված բանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Աշոտ Վահանյանը։ Ավանդատուների խոսքերով, պրն Վահանյանը խոստացավ, որ լուծարման տարբերակը չի լինի։ Եվ քանի որ «Կոնվերս բանկն» ուզում է իրենց մասնաճյուղի տարածքը գնել եւ իրենք ունեն ստանալիք գումարներ՝ պարտքերը փուլ առ փուլ կմարվեն։ Ավանդատուներից մեկի խոսքերով. «Կենտրոնական ադմինիստրացիայի գալով հուսով ենք, որ խնդրին լուծում կտրվի։ Իրենց օրոք ինչ-որ առաջընթաց է նկատվում»։ Չնայած ավանդատուների հետ ունեցած ջերմ զրույցին, Ա. Վահանյանը չթաքցրեց լրագրողների հանդեպ ունեցած հակակրանքը։ Նրա խոսքերով. «Առաջին փուլի գումարները կարելի է համարել մարված, չնչին մասն է մնացել։ Դրանից հետո բանկի ադմինիստրացիան կքննարկի 2-րդ փուլը մարելու հավանականությունը»։ Լ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել