Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բա ասըմ էին աշխատիլ տի՜…»

Ապրիլ 24,2002 00:00

«Բա ասըմ էին աշխատիլ տի՜…» «Քեռի Խեչանի» պատմությունը մեր օրերում կամ «Ձմեռն անցավ, եկավ գարուն» «Հետդ կռվիլ տեմ»,- դեռեւս 2001թ. դեկտեմբեր ամսին կես- կատակ, կես-լուրջ դիմեց լրագրողին՝ տարեց մի վանաձորցի ու ներկայացրեց խնդիրը. «Էն խիմզավոդը, որ նախագահն էկա՜վ, բացեցի՜ն, լենթը կտրեցի՜ն, հրեն էլի կանգնած ա։ Էդ մարդիկ մեղք չե՞ն, հրեն ձմեռ օրով էլի անգործ, անփող նստած են»։ Փորձեցի հուսադրել՝ մեջբերելով հեռուստատեսային մի հաղորդում, որտեղ պաշտոնապես խոստովանել էին, որ քիմգործարանը հարկադիր պարապուրդի մեջ է եւ նոր «ցիկլի» կանցնի 2 ամիս հետո (հիշեցնենք, որ այդ խոստումը արվել էր դեկտեմբերին)։ «Էրեւանով են ցույց տվե՞լ… Որ ի՞նչ… Այ մա՜րդ, բա ասըմ էին արդեն աշխատիլ տի՜… Բա նախագահն էկա՜վ…»։ Ճիշտ եւ ճիշտ Թումանյանի «Քեռի Խեչանի» պատմությունը, որը համագյուղացի «պաշտոնյայից» նեղանում է, թե «բա հիմի ես գնամ քեռեկնկանդ ի՞նչ ասեմ»։ Մարդը, որի «խեղճ հարեւանը» (իր իսկ խոսքերով) «հրեն տանը նստած դարդ ա անում», քանի որ «էլի տուն են ղրկել» ու ասել են՝ «գնացեք՝ մենք ձեզ կկանչենք»՝ չգիտեր, թե էլի ինչքա՞ն կարելի է սպասել։ Քանի որ այն ժամանակ դեռեւս պաշտոնապես չէր նշվել, թե գործարանի չաշխատելու պատճառը գազի ձեռքբերման հետ կապված խնդիրներն են (որպեսզի գործարանը վնասով չաշխատի եւ շահույթ բերի), նույնիսկ մի երկչոտ փորձ արեցի՝ վերջինիս լավատեսությամբ զինելու համար, թե՝ միգուցե բնապահպանական խնդիրնե՞րը կարգավորված չեն եւ պարապուրդը գուցե նաեւ այլ նպատակ է հետապնդում՝ կարգավորել այդ խնդիրները (շրջակա միջավայրի, օդի մաքրության հետ առնչվող, որոնք առաջանում են գործարանային արտանետումներից), սակայն մարդը չէր համոզվում եւ, ինչ խոսք, վերջինս այդ հարցում բացառություն չէ։ Մարդիկ հոգնել են անվերջ սպասումներից, անվերջ խոստումներից։ Ինչպես գիտենք, ապրիլի դրությամբ դեռ գործարանը չէր աշխատում եւ գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ վերագործարկելու վերաբերյալ «սցենարը» (որը կարելի է նաեւ բառացի հասկանալ, նկատի ունենալով հեռուստատեսային ռեպորտաժները)՝ իբր թե 13 տարվա ընդմիջումից հետո, երկրի սոցիալական լարվածությունը փոքր-ինչ մեղմելու, իշխանությունների վարկանիշը բարձրացնելու նպատակ է հետապնդել։ Ի դեպ, 13 տարիների ընթացքում էլ քիմգործարանը հիմնովին անգործության մատնված չի եղել եւ եղել են էտապներ, երբ նույնիսկ արտադրանք է թողարկվել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել