Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է ինքնամոռաց հանդգնություն»

Մայիս 09,2002 00:00

«Հարկավոր է ինքնամոռաց հանդգնություն» Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ հարցազրույցը «ձախողվեց»։ Պատճառը նրա «մենախոսությունն» էր կոնսերվատորիայի մասին։ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծման հենց առաջին օրվանից (իսկ դա 80 տարի առաջ էր) նրա առջեւ դրվեց ժամանակի հետ համաչափ քայլելու խնդիրը։ Եվ անցած տարիներին, եւ այսօր էլ մեր երաժշտական մշակույթի պատմության մեջ հարկ է եղել եւ լինում այնքան հաճախ օգտագործել «առաջին» եւ «առաջին անգամ» բառերը, որ այն կարող է սովորական թվալ եւ անհրաժեշտ տպավորություն չթողնել։ Սակայն, երբ այդ «առաջին» փաստերից յուրաքանչյուրը պատկերացնենք իր հասարակական էությամբ, ապա չի կարելի նորից ու նորից չհպարտանալ, թե ինչպես են պատմություն կերտել ու շարունակում կերտել հայ երաժշտության նահապետները (չէ՞ որ հաճախ մենք չենք նկատում, որ պատմությունը ծնվում է հենց հիմա, այսօր՝ մեր միջոցով, մեր մասնակցությամբ)։ Հիշենք թեկուզ մի քանի փաստ։ Այսպես, մեր պատմության մեջ առաջին սիմֆոնիկ նվագախումբը ծնունդ է առել 1924թ.՝ կոնսերվատորիայի հարկի տակ։ Կարծում եմ, համակարծիք կլինեք, որ իրենց օպերաները ստեղծելիս օպերային թատրոնի մասին երազել են Տ. Չուխաջյանը, Ա. Տիգրանյանը, Ալ. Սպենդիարյանը։ Արդեն 1927թ. կոնսերվատորիայի ուսանողները հատվածներ են կատարել օպերաներից, դրանով իսկ Հայաստանում դնելով օպերային արվեստի հիմքը։ Ասեմ ավելին՝ նույն թվականին կոնսերվատորիան իր վրա է վերցնում ռադիոհաղորդումների համերգային մասը կազմակերպելու պարտականությունը։ Այսպիսով, կոնսերվատորիան ե՛ւ այն տարիներին, ե՛ւ հետագայում սոսկ ուսումնական հաստատություն չի եղել։ Այն շարունակում է մնալ այն աղբյուրը, որից կադրեր են «քաղում» հանրապետության երաժշտական հիմնարկները։ Կարելի է հպարտորեն ու համոզված ասել՝ նվագախմբային երաժիշտների, օպերային երգիչների, խմբավարների, երգչախմբային ընկերության գործիչների, կոնսերվատորիայի դասախոսների, հանրապետության երաժշտական ուսումնարանների եւ դպրոցների մանկավարժների, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամների, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության սեկտորի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը կոնսերվատորիայի շրջանավարտներ են։ Բոլորիս համար պարզ է, որ վերջինս մեր կամքով չի ստեղծվել, սակայն մեր կամքը խիստ անհրաժեշտ է նրա հայապահպանման ջանքերը սատարելու համար։ Այսօր դասական բարձրարվեստ երաժշտությունը մեր դասախոսների միջամտությամբ է ակտիվ վերելք ապրում Սփյուռքում։ Եվ բնականաբար սերտ կապեր կան արտերկրում գործող հայկական երաժշտական հաստատությունների հետ։ Մեզ մոտ ուսանում են արտերկրի եւ սփյուռքահայ ուսանողներ։ Ի դեպ, ասեմ, որ արտերկրի ուսանողների առաջին հոսքը եղել է 50-ականների վերջերին։ Պետք է ընդգծեմ, որ կոնսերվատորիան հաջողությունների չէր հասնի, եթե նրա լավագույն ավանդներից մեկը չդառնար տարբեր տարիների նրա նվաճումների, ինչպես եւ թերացումների սթափ գնահատականը։ Կարելի է պատկերացնել, թե կոնսերվատորիայի տարբեր տարիների ռեկտորները, սկսած Ռ. Մելիքյանից, իրենց պաշտոնավարության ընթացքում ինչպիսի պայքար են մղել նրա պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման համար։ Վերջին օրերին, թեկուզ իմ մտերիմները, անընդհատ մեկ հարց են ուղղում ինձ, այն է՝ ի՞նչը կփոխվի կոնսերվատորիայում՝ երաժշտական ու ղեկավարման քաղաքականության մեջ։ Իսկ իմ պատասխանը մեկն է՝ կոնսերվատորիայի հիմքը շատ ամուր է եւ ինքնամոռաց հանդգնություն է հարկավոր՝ շարունակելու համար մեր երգն ու երաժշտությունը, կատարողական արվեստը։ Որտեղ էլ սպառվեն մեր ուժերը, միեւնույն է, վերելքն այդ օրհնյալ է, քանի որ մեզանից հետո (իսկ այսպես, համոզված եմ՝ եղել է կոնսերվատորիայի պատմության ընթացքում) եկող մարդկանց կմնա նվաճված բարձրություն։ Գիտեք երեւի՝ արվեստագետը պատկանում է երազող մարդկանց դասին, երեւի այստեղ էլ ես ինձ ընդհատեմ, որպեսզի երազանքի թեւերով շատ հեռուները չգնամ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031