Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ԸՆՏՐԵՐ»

Մայիս 24,2002 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ԸՆՏՐԵՐ» «Քրեական աշխարհը եւ ոստիկանությունը միասին էին աշխատում» Ալավերդի քաղաքն այսօր հանրապետության սոցիալապես ամենաանապահով բնակավայրերից է, որքան էլ նախագահ Քոչարյանն այնտեղ ժապավեններ կտրի, գործարաններ վերաբացի, որոնք հաջորդ օրը փակվում են, որքան էլ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող կրթություն չստացած մեկը «նշանակվի» քաղաքապետ, ակնհայտ է, որ քաղաքի վիճակը դրանից կրկնակի է վատանալու։ Գրավելով Ալավերդու քաղաքապետի պաշտոնը, իշխանություններն ուղղակի հերթական դիրքը գրավեցին առավել մեծ ճակատամարտից՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ալավերդի քաղաքում շուրջ 1642 մարդ ուռուցքային հիվանդություններով է հիվանդ, 996-ը՝ սրտային է, 472-ը՝ հոգեկան հիվանդ է, 280-ը՝ տուբերկուլյոզով։ Երբեմնի 25 հազար բնակիչ ունեցող Ալավերդիում այսօր այդ թվի կեսն էլ չի բնակվում։ Քաղաքապետի ընտրությունների ընթացքում պարզվել է, որ 110 բնակիչ ունեցող շենքում փաստացի բնակվում է 40-45 մարդ։ Բնակելի շենքերի շուրջ 70 տոկոսը վթարային է։ Քաղաքապետի թեկնածուի ընտրություններին բազմաթիվ արձագանքներ են եղել։ Այսօր ներկայացնում ենք թեկնածու Լարիսա Փարեմուզյանի կարծիքը։ – Ընտրություններից հետո ի՞նչ տպավորություն ունեք։ – Ես շատ կուզեի, որ իշխանությունները ժողովրդին չթելադրեին իրենց կամքը։ Ժողովուրդն ինքը պիտի ընտրեր իր քաղաքապետին։ Իմ քարոզչական աշխատանքի հիմքը հենց դա է եղել։ Տարիներ շարունակ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը թելադրել է իր կամքը եւ ժողովուրդն իր իշխանության տերը չի եղել։ Մենք փորձում էինք ժողովրդին համոզել, որ այս անգամ չլսեր մարզպետին, որովհետեւ մարզպետը երբեք հաշվի չի առնում տարածաշրջանի սոցիալական հիմնախնդիրները եւ թեկնածուի ունակությունները։ Նա պաշտպանում էր մի մարդու, որը երբեք ղեկավար չի աշխատել։ Շուկան այլ ոլորտ է։ Շուկայի օրենքներն ուրիշ են, իսկ իշխանությունը պիտի ավելի բարոյական օրենքներով առաջնորդվի։ Այս առումով ես մտավախություն ունեմ. իմ ծննդավայրն է, իմ քաղաքն է, ես մտածում էի, որ ինչ-որ կերպ առաջընթաց ապահովվի, մարդիկ չփախչեն քաղաքից։ – Ընտրությունների ընթացքն ինչպիսի՞ն էր, եւ իշխանությունները, արդյոք, միջամտեցի՞ն։ – Մարզպետն առաջին անբարոյական քայլը կատարեց, երբ նախընտրական շրջանում Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտում հայտարարեց, որ իր թեկնածուն Սարիբեկ Օհանյանն է։ Դա վիրավորական էր ալավերդցիների համար, բարձրագույն կրթություն չունեցող մի մարդու ղեկավար ես նշանակում մտավորականներով հարուստ մի քաղաքի։ Ինձ զարմացրեց նաեւ Դաշնակցության վերաբերմունքն այդ թեկնածուի նկատմամբ։ Ավանդական կուսակցության գաղափարախոսության մեջ մենք հաճախ ենք հանդիպում, որ պետք է կուսակցական եւ անձնական շահերը ստորադասել ազգի շահերին։ Ցավոք, այդպիսի թեկնածուի պաշտպանելով, ավանդական կուսակցությունը խայտառակեց նաեւ իրեն։ Իրենց կառույցներից մեկի՝ ՀՕՄ-ի միջոցով մեկ բեռնատար ավտոմեքենա հին հագուստ էին բերել Ալավերդի, որը ընտրական օրենքներում անվանվում է ընտրական ողորմություն։ Ալավերդցիները, քանի որ դրա կարիքն էլ ունեին, ընդունեցին։ Բայց ես գտնում եմ, որ Դաշնակցությունն իր կուսակցական նեղ շահերի համար այդպիսի անբարոյականության չպետք է գնար։ Ես հասկանում եմ, կուսակցությունն ակնկալիքներ ունի տարածքում։ Եթե ընտրվում է Սարիբեկ Օհանյանը, նրանք ԱԺ ընտրություններում կարող են իրենց ոզածին հասնել, որովհետեւ մաքուր ընտրություններ նա չի կարող երաշխավորել։ Եվ ես այստեղ նրանց չեմ հարգում, որքան էլ այդ կուսակցությունում շատ լավ մարդիկ կան, եւ այն ունի գաղափարախոսություն։ Նրանք ժամանակին ՀՀՇ-ին դրա համար քննադատում էին, իսկ այսօր ՀՀՇ-ից վատթար արարքներ են կատարել ընտրական կեղծումների ճանապարհով։ Ես կարծում եմ, ժամանակը ինչպես ՀՀՇ-ին իր գնահատականները տվեց, Դաշնակցության այս մոտեցումներին եւս կտա գնահատականներ։ Դաշնակցությունն այս պահին հաշվի չառավ Ալավերդու շահերը։ – Դուք պատրաստվո՞ւմ եք բողոքարկել ընտրությունների արդյունքները։ – Իհարկե, ես կարող եմ բողոք գրել առաջին ատյանի դատարան, քանի որ օրենքով ընտրությունները պետք է չեղյալ հայտարարվեն։ Սակայն չեմ հավատում առաջին ատյանի դատարանին։ Ի թիվս այլ խախտումների, ընտրախախտում էր տեղի ունեցել նաեւ 4-րդ եւ 5-րդ տեղամասերում։ Օրենքով սահմանված քառանիշ թվերով կնիքի փոխարեն՝ երկնիշ թվերով էին կնիքները։ Եվ անօրինական կնիքներ լինելու դեպքում, փաստորեն, տեղամասային հանձնաժողովների նախագահները պարտավոր էին դադարեցնել ընտրությունները եւ տեղյակ պահել ՄԸՀ-ին։ Չեն դադարեցրել եւ ընդամենը արձանագրել էին։ Մեկ այլ կարեւոր հանգամանք եւս. հայտարարվեց, որ հին (կարմիր) անձնագրերով չի թույլատրվում ընտրել։ Ալավերդու բնակչության 50 տոկոսը չունի նոր անձնագրեր, եւ այդ մարդկանց թույլ չէին տալիս ընտրել։ Իսկ իմ շատ ընտրողներ հին անձնագրերով էին, պտտվում էին՝ անճարակությունից չիմանալով ինչ անել։ Օրվա կեսին, չգիտես ինչպես, շատ պատրաստված, ավտոբուսներով, դատավորի վճռով իրենց մարդկանց բերեցին եւ ընտրել տվեցին։ Իմ ընտրողները մնացին դրսում, իսկ հետո մենք պարզեցինք, որ ԿԸՀ-ն այդպիսի թույլտվություն տվել է, բայց շտաբները տեղյակ չէին պահել։ Պետք էր տեսնել, թե ընտրության նախորդ գիշերը ինչ էր կատարվում Ալավերդիում։ Մեքենաներով շրջում էին, ընտրակաշառք էին բաժանում։ Ամեն ինչ այդ գիշեր կատարվեց եւ դա ընտրությունների արդյունքների վրա իր կնիքը թողեց։ Մարզի ամբողջ ոստիկանությունը լցվել էր Ալավերդի։ Ինձ համար գիտե՞ք ինչն էր զարմանալի, որ քրեական աշխարհը եւ ոստիկանությունն այս գործում իրար հետ էին աշխատում։ Վերջին տարիներին Ալավերդիում չափազանց լարված է բարոյահոգեբանական վիճակը։ Անտեղյակ չի պրն մարզպետն այս վիճակին։ Նա հանգիստ օգտագործում է «ավտարիտետ»-ների հակասությունները։ Տեղի ոստիկանությունն իշխանությունների ձեռքին խաղալիք դարձած ընտրություններ էր ապահովում, մինչդեռ ընտրությունների գիշերը Ալավերդու Սարահարթի մուտքի բենզալցման կայանը հրդեհեցին։ Զարմանալիորեն ոստիկանությունը շատ անտարբեր ընդունեց փաստը. նա զբաղված էր ընտրություններով։ Եթե շուկայի օրենքներով առաջնորդի Սարիբեկ Օհանյանը Ալավերդու քաղաքապետարանը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում քաղաքին։ Մարզպետն այս քաղաքապետին ընտրելով վիրավորեց ամբողջ բնակչությանը, որովհետեւ մեր քաղաքում քաղաքապետ լինելու արժանի շատ ավելի ունակ մարդիկ կային, պարտադիր չէր, որ դա լիներ Փարեմուզյան Լարիսան։ Մարզպետը ոչ մի խելացի, փորձառու մարդ չի հանդուրժում իր շրջապատում, նրան ավելի շատ քրեական անցյալ ունեցող մարդիկ են հետաքրքրում։ Եվ դա ծանր հետեւանքներ է թողնում մարզում։ – Որպես ընտրություններում արդեն փորձ ունեցող մարդ, ի՞չ եք կարծում՝ առաջիկա ամեն տեսակի ընտրություններն ինչպե՞ս կանցնեն։ – Քաղաքական այս պայքարում ես հասկացա, որ խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների ժամանակ իշխանամետ կուսակցությունների համար ամեն ինչ պատրաստ կլինի, ընտրակաշառքներ էլ կլինեն, իշխանական ամբողջ մեքենան էլ գործի կդրվի։ Եվ եթե ընդդիմությունը որոշակի քայլեր չձեռնարկի հատկապես մարզերում, մենք այնտեղ կպարտվենք։ Ժողովուրդն անգիտակից է մարզերում եւ բավականին աղքատ։ Ես կարծում եմ, ընդդիմությունը թույլ է Հայաստանում, մենք թույլ ենք, եւ այս պայմաններում իշխանությունը գնալու է ամեն ինչի՝ պետական լծակները, ուժը, փողը, ամեն ինչ թափում է իր նպատակին հասնելու համար։ Հանրային հեռուստատեսությունը միայն Ռոբերտ Քոչարյանի քարոզչությունն է անում, մարդիկ զրկված են ընդդիմության քարոզչությունից։ Նրանք ոչնչի չեն հավատում, հուսահատված են։ Գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի բանդիտական իշխանությունը հավերժ է, մարզպետն ինչ ուզում է, այն էլ պիտի լինի, տեղյակ չեն, թե Երեւանում ընդդիմությունն ինչ է անում։ Այս պայմաններում ժողովրդին կտանեն իրենց ետեւից, եթե ընդդիմությունն իր պայքարի տակտիկան չփոխի։ Դրա համար ես այսօրվանից եմ սկսելու աշխատել, իսկ ինձ աջակցել է հարկավոր, եւ այդ աջակցությունը միայն ՀԺԿ-ով չի լինի։ Հարկավոր է, որ բոլոր 13 կուսակցություններն էլ աջակցեն, մեզ օգնեն, որպեսզի մենք կարողանանք իրենց աջակցությամբ շրջաններում լուրջ պայքար ծավալել իշխանությունների դեմ, կարողանանք ժողովրդին ամբողջությամբ տանել մեր ետեւից։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել