Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը գլխատումն էր, ոչ թե գրավումը

Հունիս 06,2002 00:01

Երեկ մինչեւ ժամը 19։15-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Դատակոչվել էր երկու տուժող. ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը։ Գրիգորի Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է վեց անգամ, եւ որ մեկ անգամ էլ տեղի է ունեցել առերեսում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ։ Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները։

ԱԱ փոխնախարարը պարտավորվեց առանց որեւէ քաղաքական «խաղերի» տալ օբյեկտիվ ցուցմունքներ եւ հավաստիացրեց, որ ուրիշ ոչինչ իրենից չենք լսի։ Նա հայտարարեց, որ այնքան էլ համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ինչպես է հայտնվել ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի օրը։ Նա հայտնեց, որ նախարարի բացակայության դեպքում կառավարության հարցուպատասխանին մասնակցում է նախարարի առաջին տեղակալը։ «Զարմանալի է, որ հարցը նոր է բարձրացվում,- ասաց նա եւ շարունակեց,- թույլ չեմ տա ինձ վիրավորել»։

Հասկանալի էր, ակնարկն ուղղված էր մեկ այլ տուժողի՝ Վիկտոր Դալլաքյանին, որը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ հարցուպատասխանին մասնակցում են միայն կառավարության անդամները։ Ներկայացնելով 1999թ. հոկտեմբերի 27-ի օրը, նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի տրամադրությունը ոգեւորիչ էր եւ «կարծես ոչինչ չէր սպասվում»։

Ապա ներկայացրեց, թե ինչպես մի երիտասարդ ներխուժել է նիստերի դահլիճ, իսկ ինքն այդ ժամանակ զբաղեցրել էր 2-րդ կարգի 2-րդ տեղը (րոպեներ առաջ նստել էր 4-րդ կարգում՝ Լեոնարդ Պետրոսյանի տեղը, ապա տեղափոխվել 2-րդ կարգ)։ Հետեւել է կրակահերթը՝ «տհաճ, անսպասելի», որը տեւել է մոտավորապես 30 վայրկյանից կարճ։ Նա հայտնեց նաեւ, թե, ինչպես բոլորը, ինքն էլ եղել է պառկած եւ լսել է, թե ինչպես էին հայհոյանքներով փնտրում Սերժ Սարգսյանին եւ Սուրեն Աբրահամյանին։ Շփոթելով իրեն Սուրեն Աբրահամյանի հետ, քեռի Վռամը հարվածել էր։

Ի դեպ, ցուցմունքների ժամանակ պարզվեց, որ նույն քեռին քացով հարվածել է Լեոնարդ Պետրոսյանի դիակին։ ԱԱ փոխնախարարը ներկայացրեց նաեւ սպանություններից հետո ընկած ժամանակահատվածը եւ, մասնավորապես, այն բաժանեց երեք փուլի (մինչեւ բանակցությունները)։

Առաջին փուլը, ըստ ԱԱՆ բարձրաստիճան պաշտոնյայի, էյֆորիայի փուլն էր, երբ ահաբեկիչները դահլիճում իրենց տեր են զգացել։ Երկրորդ փուլը հուսահատության փուլն էր, իսկ երրորդը՝ ուղիների որոնման, երբ հարցերի հարցը մնում էր. բռնությունները շարունակե՞լ, թե՞ ոչ։ Տուժողի առաջ բանակցությունների ժամանակ դրվել էին հետեւյալ պայմանները. նախագահը գալիս է դահլիճ, իրենք նիստ են հրավիրում եւ ձեւավորում նոր կառավարություն։ Ընդ որում, ըստ Գ. Գրիգորյանի, նրանք հայտարարել էին, թե կորցնելու ոչինչ չունեն։

Հետաքրքիր է, որ, ըստ այս տուժողի, նախագահը գտնվում էր ԱԺ-ում, իսկ ընթացող բանակցություններին մասնակցել է Սերժ Սարգսյանը։

Մշակվել էր երեք մոտեցում. մերժել ահաբեկչի հետ նախագահի հանդիպումը, երկրորդ՝ ձգձգել բանակցությունները (նաեւ հոգնեցնելու իմաստով) եւ երրորդ՝ կիրառել ուժային մեթոդներ։ ԱԱ փոխնախարարը՝ պատասխանելով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցերին, տեղեկացրեց, որ պատրաստ էր նաեւ ինչպես Ռուսաստանից հրավիրված «Ալֆա» ջոկատը, այնպես էլ տեղականը։ Իհարկե, նա չասաց, թե ով էր կանչել «Ալֆա» ջոկատին, սակայն հայտնեց, որ հանրապետության նախագահը թույլ չտվեց, որ նրանք «օգտագործվեն»։

Ներկայացնելով բանակցությունների ընթացքը, Գ. Գրիգորյանը հայտնեց դատարանին, որ ընդամենը 33 պատգամավոր էր մնացել «դեռ հարցերը չլուծված… Չեմ ուզում ստել, երբ դռները բացվեցին, պատգամավորների թիվն ավելացավ»։ Գ. Գրիգորյանի գնահատմամբ, կատարվածը դաժան ահաբեկչություն էր, եւ որ ինքը կողմ է «դաժանորեն ինկվիզիցիայի հասցնող հանցագործությունների» մասին օրենքին։ Նա հայտնեց, որ ահաբեկիչներին ասել է, թե իրենց մահապատիժ է սպասվում, մարդիկ են զոհվել՝ հանրապետության անհատականությունները։ Ահաբեկիչների նպատակը, ըստ նրա, եղել է օրենսդիր եւ գործադիր մարմինների գլխատումը եւ ոչ ԱԺ գրավումը։

Խոսելով երաշխիքների մասին, նա տեղեկացրեց, որ ահաբեկիչներին չէր բավարարում ինչպես անձնական, այնպես էլ պատգամավորական երաշխիքներ տալը. նրանք պահանջում էին նախագահի հետ հանդիպում։

Ընդ որում, նախագահի առջեւ նրանք դրել էին 4 հարց՝ ուղիղ եթերի ապահովում, անվտանգության երաշխիքների ապահովում, օբյեկտիվ նախաքննություն, դռնբաց դատական նիստ։ Գնահատելով հանրապետության նախագահի գործողությունները, նա հայտարարեց, որ նախագահը հանուն այն բանի, որ արյունահեղություն չլինի, համաձայնել է բանակցությունների, եւ որ կացությունը լարված էր, ամեն վրիպում կարող էր լինել վտանգավոր։

Ամբաստանյալների մասին հայտնեց, որ մինչ այդ նրանց չի ճանաչել, տեղեկություն ունեցել է միայն Նաիրի Հունանյանի մասին՝ որպես երիտասարդական շարժման մասնակցի (այն էլ հիշեցրել էր ամբաստանյալ Ն. Հունանյանը)։ Պատասխանելով Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցչի հարցին՝ Ն. Հունանյանի՝ ԱԱՆ տեսադաշտում գտնվելու, գործակալ լինելու վերաբերյալ, ԱԱՆ փոխնախարարը պատասխանեց, որ ցանկացած մեկը իրենց տեսադաշտում է հայտնվում այն ժամանակ, երբ մեկնում է «վտանգավոր երկրներ», մասնավորապես՝ Թուրքիա։ «Նաիրի Հունանյանը գործակալական հարաբերություններ չի ունեցել»,- հայտնեց նա։ Սակայն երբ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց տուժողին, որ դատարանում անգամ ամբաստանյալն այդ չի ժխտել եւ դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել է, որ իրեն առաջարկել են գաղտնի համագործակցություն, պրոֆեսիոնալը բավականին պրոֆեսիոնալ նկատեց. «Այդպիսի տեղեկություններ չունեմ»։

Իսկ երբ հիշեցվեց, որ գաղտնի համագործակցության մասին Հունանյանն ակնարկել էր, որ Թուրքիայից վերադառնալուց հետո գրավոր տեղեկանք է ներկայացրել ԱԱՆ, Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց. «Այդպիսի ինֆորմացիա հրամցնելը չի նշանակում, թե նա գործակալ է»։ Գ. Գրիգորյանին հարցեր հասցրին տալ մեղադրանքի կողմը, ամբաստանյալներ Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը եւ Կարեն Հունանյանը։ Չգիտես ինչու՝ բորբոքվեց Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանը, պոռթկալով, ասելով. «Հազար հարց Աշոտ Սարգսյանն է տալիս, բերում-հասցնում եք էս ժամին։ Գիշեր է, էլ ի՞նչ հարց տամ»։

Դատավոր Սամվել Ուզունյանն ի պատասխան ասաց. «Որպեսզի չշահարկվի այս ամենը, Գրիգորի Գրիգորյան, խնդրում ենք ներկայանաք հաջորդ նիստին»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930