Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ»

Հունիս 12,2002 00:00

ՆՈՐ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ԱԺ ամբիոնի «առումին» երեկ գումարվեցին նաեւ բռնությունը, հայհոյանքներն ու սպառնալիքները։ ԱԺ մերձակայքում այս ամենին հետեւող ընդդիմության գործիչների արձագանքը հետեւյալն էր։ Արամ Սարգսյան («Հանրապետություն»). «Ենթադրում եմ, որ իշխանությունները վաղն իրենց գործելակերպին հավատարիմ կհայտարարեն, թե ընդդիմությունն է դիմել բռնի մեթոդների։ Միանշանակ կանխատեսելի էր, որ իշխանությունները՝ հանձինս նախարարների եւ գործադիր կառույցներին մոտ կանգնած անձանց, փորձելու են նախ հոգեբանորեն, հետո էլ՝ ֆիզիկապես կոտրել պատգամավորների կազմած պատը։ Կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի»։ Նկատեցինք, թե զուտ ֆիզիկական առումով թեկուզ՝ ուժերի հարաբերակցությունն ընդդիմության օգտին չէ, եւ պրն Սարգսյանն ասաց. «Դժվար է նման բան պնդելը։ Կարող եմ հիշել, թե ինչ եղավ 1996-ի սեպտեմբերի 26-ին, բայց Շավարշ Քոչարյանը մնաց կանգնած եւ ասաց իր ասելիքը։ Խորհուրդ կտայի հասկանալ, թե այս կողմում ովքե՛ր են կանգնած։ Կյանքը մի օրով չի վերջանում»։ Ալբերտ Բազեյան. «Իմ գնահատմամբ՝ սա ԱԺ-ում պատգամավորական փոքրամասնության իրավունքների ոտնահարում է։ Ընդդիմությունը գործում է ԱԺ կանոնակարգին եւ այլ օրենքներին համապատասխան»։ Հետաքրքրվեցինք՝ մի՞թե օրենսդրությամբ սահմանված է, որ ԱԺ պատգամավորները կարող են գրավել խորհրդարանի ամբիոնը. «Եթե հարցն ապօրինի կերպով չի քննարկվում օրակարգում, ընդդիմությունն իրավունք ունի քայլեր ձեռնարկել՝ խոչընդոտելու համար նիստի՝ նախատեսված սցենարով անցկացումը»։ Արտակ Զեյնալյան. «Մեր տղաներն անկոտրում են եւ համարժեք հակահարված են տալիս՝ պաշտպանելով մեր Հայրենիքի ու երկրի վարկը՝ թույլ չտալով, որ ապօրինի նիստ կայանա»։ Ի դեպ, երեկ ԱԺ մատույցներում հավաքվածները նիստի ավարտից հետո ձեռքերի վրա դուրս բերեցին պատգամավոր Խորեն Սարգսյանին։ Սակայն դժվար է հուսալը, թե Հայրենիքի վարկի օգտին կարող են լինել խորհրդարանական քաշքշոցները։ Թեեւ առանձնապես ողբերգական ոչինչ չի պատահել՝ անգամ ամենաքաղաքակիրթ պետությունների խորհրդարաններում էլ լինում են ե՛ւ հայհոյանքներ, ե՛ւ բռնություններ։ Այնուամենայնիվ, կարելի՞ է պնդել, թե չի վնասվել եւ հակառակը՝ պաշտպանվել է մեր երկրի վարկը՝ այս հարցին ի պատասխան, պրն Զեյնալյանն ասաց. «Այդ վնասի պատասխանատուն մեծապես ներկայիս մեծամասնությունն է, որն ապօրինի հրահանգ կատարելով այս էլ որերորդ անգամ խախտում է ԱԺ կանոնակարգը։ Հիշեցնում ենք, որ նրանց գործողությունները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 183 հոդվածի հատկանիշներին։ Սա իշխանազանցություն է ԱԺ նախագահի կողմից։ Այն, ինչ հիմա անում են, պիտի որոշվեր քննարկումների ընթացքում։ Եթե չեն քննարկելու՝ ուրեմն պիտի թույլ չտրվի, որ ԱԺ-ն կարողանա որեւէ այլ բան ընդունել»։ Արամազդ Զաքարյան. «Պատասխանատուն ոչ միայն մեծամասնությունն է, այլեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ մարդկանց կերպարով՝ Ռոբերտ Քոչարյանն է գործում խորհրդարանում, քանի որ նրա պաշտոնանկության հարցն է օրակարգում։ Նա ամեն կերպ՝ օրենքները խախտելով, բռնի մեթոդների անցնելով փորձելու է հանել այդ հարցն օրակարգից։ Բայց քանի որ օրենքով եւ կանոնակարգով իրավացի են ՍԴ-ին դիմելու համար որոշման նախագծի հեղինակները՝ նրանք գործադրում են օրենքով չարգելված բոլոր ձեւերը»։ Արամ Սարգսյան (ՀԴԿ). «Իշխանությունների նյարդերն արդեն տեղի են տալիս, եւ ԱԺ մեծամասնությունը վախենում է իր կաշվի համար։ Եթե այդ ուժերն իրոք պետականության մասին են մտածում՝ առաջին հերթին պիտի քննարկվեր ազգային անվտանգությանն առնչվող այս հարցը։ Ընդդիմության պահանջը շատ օրինական է՝ քննարկել ներկայացված որոշման նախագիծը։ Եվ սին են այն խոսակցությունները, թե այն չունի իրավական հիմքեր։ Նման հանցագործությունը հղի է կրկնության վտանգով, քանի որ ոչինչ չի փոխվել «27»-ից հետո ազգային անվտանգության համակարգում։ Ուստի, այն քաղաքական ուժերը, որոնք այժմ ցանկանում են խոչընդոտել այս հարցի քննարկումը՝ իսկապես դառնում են մեղսակից։ Թող վերջապես փարատեն բոլոր այն կասկածները, որ կան այսօր։ Եվ եթե այսպես շարունակվի վաղն էլ, ու շարունակի կաթվածահար մնալ ԱԺ գործունեությունը՝ սա կվկայի, որ մեծամասնությունն իսկապես կարողություն չունի կազմակերպելու խորհրդարանի բնականոն աշխատանքը»։ Ի դեպ, Ալբերտ Բազեյանը երեկ բարձրախոսով հերթական անդրադարձը կատարեց ԱԺ մեծամասնության պահվածքին. «Նրանք ոչ թե պետության հեղինակության, այլ սեփական խնդիրն են լուծում։ Որոշ մարդիկ երթուղային գծեր ունեն, ուրիշները՝ բենզալցման կայաններ, սրճարաններ եւ այլն։ Պայքարում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա իշխանության գլուխ, որպեսզի իրենք շարունակեն այդ գործունեությունը, ստանան իրենց եկամուտները»։ Իսկ Արտակ Զեյնալյանն ԱԺ մատույցներում հավաքվածներին բարձրախոսով տեղեկացրեց, որ կուսակցությունների «Հանուն ժողովրդավարության» համագործակցությունը պատրաստել է դիմում-հայտարարություն հանցագործության մասին՝ Արմեն Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար. «Նա թույլ է տվել հանցագործություն եւ պետք է պատժվի Քրեական օրենսգրքով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել