Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը «կասկածողներից» չէ

Հունիս 14,2002 00:00

Փաստաբանը «կասկածողներից» չէ Դժվար է չհամաձայնել, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո հայ հասարակությունն ու քաղաքական ուժերը բաժանվել են երկու հատվածի. մի կողմից՝ «27»-ի կազմակերպման մեջ նախագահ Քոչարյանին կասկածողների, մյուս կողմից՝ այդ կասկածները մերժողների, դրանք «հակապետականություն» որակողների ու «կասկածողներին» դատափետողների: Ընդ որում, թե սրանցից որն է ճիշտ եւ հիմնավոր՝ հասարակությունն ինքը պատասխան չունի: Չունի, որովհետեւ պետական այն ատյանները, մասնավորապես՝ հետաքննական մարմինները, որոնք ի պաշտոնե կոչված են ստուգել եւ փարատել այդ կասկածները, գոնե այսօր մտադիր չեն այդ անել: Դա «կասկածվողի» իշխանության օրոք ե՛ւ ձեռնտու չէ, ե՛ւ վտանգավոր է: Թերեւս, այդ է պատճառը, որ այսօր առկա կասկածները փարատելու անհրաժեշտությունը պնդում է միայն ընդդիմությունը, որը պաշտոններ կորցնելու մտավախություններ չունի: Մինչդեռ, ըստ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի՝ «Կասկածներ ունենալը եւ այդ կասկածները ստուգելը հանցագործություն չէ եւ հանցավոր արարք չէ»: Նրա կարծիքով՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ հանրապետությունում շրջող կասկածները ստուգելու մասին գաղափարի առաջքաշումն ամենեւին չի կարող վնասել այն մարդկանց, ում վերաբերյալ կասկածներ են հայտնվում: «Ես զարմանում եմ, թե ինչու այդ մարդիկ՝ Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը, իրենց կասկածողներին պատժելու, դատապարտելու փոխարեն, ինչն, ի դեպ, ավելի է խորացնում այդ կասկածները, չեն պահանջում ամբողջ ծավալով եւ լրջորեն ստուգել դրանք՝ ե՛ւ կասկածողներին, ե՛ւ ժողովրդին պարզորոշ ու վերջնական պատասխան տալու, իրենց շուրջ առկա կասկածները վերջնականապես փարատելու, նաեւ՝ նրանց առջեւ բացճակատ երեւալու համար»,- կարծիք հայտնեց փաստաբանը: Հետաքրքիր էր նաեւ իմանալ՝ երկրի բարձրաստիճան երկու պաշտոնյաներին «27»-ի կազմակերպման մեջ կասկածող ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռ.Գրիգորյանն ինքը նման կասկածներ ունի՞: «Ես միշտ էլ ասել եմ, որ ինքս Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին «27»-ի կազմակերպման մեջ չեմ կասկածում, որովհետեւ այն կարծիքին եմ, որ դա նրանց ձեռնտու չէր: Միաժամանակ համոզված եմ, որ «27»-ը կազմակերպիչներ է ունեցել: Եղել է մի ուժ, որը հետեւողականորեն կազմակերպել եւ իրականացրել է այդ ոճիրը՝ ըստ երեւույթին, իշխանությունը զավթելու նպատակով ու, երեւի թե, այն նույն մեթոդներով, ինչ մեթոդներով Մ.Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործն է քննվում: Այսինքն՝ փորձ է եղել կատարվածին առերեւույթ օրինական, արդարադատության հաստատման բնույթ հաղորդել, մինչդեռ այդ ամենն, ըստ էության, կեղտոտ եւ հանցավոր քայլ է»,- նկատեց փաստաբանը: Նա խոստովանեց, թե ինքը «27»-ի կազմակերպիչների վերաբերյալ թեեւ կոնկրետ ապացույցներ չունի, այդուհանդերձ՝ «Համոզմունք ունեմ, որ լավագույն քննչական խումբ ստեղծելու պարագայում՝ «27»-ը հնարավոր է ամբողջովին բացահայտել: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, նաեւ՝ օբյեկտիվ, ազնիվ, խելացի ու փորձված իրավաբանների մի խումբ: Նման մարդիկ կան: Միայն չպետք է կաշկանդվել, վախենալ: Իմ դիտարկմամբ՝ այսօր մարդիկ վախենում են ոչ թե օրենքը սխալ կիրառելուց, այլ՝ ինչ-որ անձից, որն իրենց կարող է զրկել օրենքը կիրառելու իրավունքից, զբաղեցրած պաշտոնից: Ամենասարսափելին դա է»,- եզրակացրեց փաստաբան Ռ.Գրիգորյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել