Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ

Հունիս 22,2002 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ Սույն գործը ներկայացվել էր ՆԳ նախարարության հայտարարած գրական մրցույթին։ ՆԳ-ին կից գործող գրականագետների ստվար հանձնաժողովը ոչ մի կերպ չկարողացավ ճշտել գործի ժանրը։ Չօգնեցին անգամ արտասահմանից հրավիրված մասնագետների խումբը, նույնիսկ ռուս փորձագետները։ Գրական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը, որ չկամեցավ հրապարակել իր անունը, կարծիք հայտնեց, թե հարկավոր է կարճել գործը գրական հանցակազմի բացակայության պատճառով։ Տեղական նշանակության մի հանրահայտ գրականագետ, վերընթերցելով այն, կիսում է վերադասի պնդումը։ Չնայած դատարանների նկատմամբ ունեցած իր անսասան հավատին, հեղինակը հույս ունի, որ ոչ վերաքննիչը, ոչ էլ բարձրագույն որակավորման հանձնաժողովը լրացուցիչ հետաքննություն չեն պահանջի, ուստի նրան այլ բան չի մնում, քան գործի նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեի, հետագա բարեփոխումները թողնելով նպաստավոր ժամանակների կամ ավելի ճիշտ՝ նախագահական ընտրություններից հետո։ Հեղինակը պատրանքներ չի տածում ժանրի մասին ժողովրդական պատկերացումների նկատմամբ, սակայն չի առարկում ժողովրդավարությանը։ Հայտնապես ազդված Խորխե Լուիս Բորխեսից, որն իր հերթին ազդվել էր (հեղինակի խոստովանությամբ) Չեսթերտոնից, նաեւ բոլոր նրանցից, ում դեռ բախտ չի վիճակվել կարդալ, արդեն քանի ամիս ես մտմտում եմ մի պատմություն, որ, հավանաբար, երբեւէ կգրեմ՝ մասամբ արդարացնելով անգործությունս եւ որոշակիորեն օգտագործելով պարապությանս առավելությունները։ Առայժմ պակասում են մի շարք կարեւոր մանրամասներ, դեդեկտիվ ժանրին տիրապետելու անկարողությունս, գրողի՝ նման գործ ձեռնարկելու ապաշնորհությունս։ Այս պատմության մեջ առանձին իրադարձություններ հասկանալի չեն, որոշ բաներ այնքան ակնհայտ են, որ անհնար է հասկանալ, կան բաներ էլ, ինչը հասկանալը ոչ միայն չի սփոփում, այլեւ խորացնում է այն ճգնաժամը, ուր հայտնվել ենք արդեն 10, 110, 1010 տարի։ Պատմությունը պատմում են բոլորը, եւ ինչպես նման դեպքերում հաճախ է պատահում, գրեթե ոչ ոք իրապես չգիտե եղելությունը։ Ոճրագործությունը կատարվել է 20-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին։ Գործողության վայրը նույնպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Բաղրամյան փողոց, Ազգային ժողովի նիստերի դահլիճ, չորեքշաբթի, ժամը 17 անց 10 րոպեի սահմաններում։ Հայտնի են զոհերը, մարդասպանները. վերջիններս ձերբակալված են։ Այսինքն՝ եւ քրեական, եւ դեդեկտիվ ժանրին հայտնի բոլոր հանգամանքները սպառված են. կան զոհեր, կան մարդասպաններ, սպանության մանրամասներն անգամ տեսագրված են։ Ականատեսների եւ վկաների թիվն անցնում է 200-ը։ Ըստ Բորխեսի պատմած նախադեպի, «գործողությունը կատարվել է ճնշված, բայց անկոտրում մարդկանց որեւէ երկրում՝ Լեհաստանում, Իռլանդիայում, Հարավամերիկյան կամ Բալկանյան որեւէ հանրապետությունում»։ Ըստ մեր ժամանակակիցների բազմաթիվ խորիմաստ վկայությունների, «այն կարող էր պատահել ցանկացած պետության մեջ, ցանկացած պահ։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ»։ Այս վերջին միտքը փաստագրվում է առանձին խանդավառությամբ. կարծես մխիթարություն է, երբ ոչ ոք երաշխավորված պաշտպանություն չունի։ Ըստ իս, աշխարհագրական թվարկած անուններով Բորխեսն ավելի ճշգրիտ է եւ ասեղնաբույժի հմտությամբ մատը դնում է աշխարհի առողջ մարմնի հիվանդ անդամներին եւ նրա նշածներին պարզապես կարելի է հավելել՝ Մերձավոր եւ Միջին Արեւելք, կովկասյան որեւէ հանրապետություն եւ պատկերն ավելի կատարյալ կլինի, քանզի հիշատակված երկրներում, ինչպես ցույց են տալիս բոլոր դարերի բոլոր իրադարձությունները, նույնը կատարվել է վաղնջական ժամանակներից եւ կկատարվի այնքան ժամանակ, քանի դեռ նշյալ տարածքներում մեկի ծննդավայրը մյուսի հայրենիքն է, մեկի հայրենի արոտներում խփվել են մյուսի օտար վրանները եւ երեկ անգո, այսօր բարձրացել են խորթ պետություններ։ Ինչ խոսք, այս մտորումներն ինձ չեն իմաստնացնում, առավել եւս՝ խանդավառում, մանավանդ արդեն ասված է՝ բանասիրությունը հասցնում է թվաբանության, թվաբանությունը՝ ոճրագործության։ Ընկերս, որ, իր ասելով, նախկին ոստիկան է եւ նախկինում ինչ-որ բան եղողի նման դյուրաբորբոք, պնդում է, որ այս գործը դուրս է զուտ քրեական գործ լինելու սահմաններից։ «Որպես քրեական գործ,- ասում է նա,- այն սկիզբ, ընթացք եւ ավարտ ունի, ինչ չես ասի որպես պատմություն լինելու մասին՝ այն անսկիզբ է, անվերջ եւ անվախճան»։ Համաձայնեք, նախկին ոստիկանի նման միստիցիզմը չափազանց սրտառուչ է։ Նա, որ Հայաստանի մասին պատկերացում կազմել է ազատագրական երգերով, ասում է՝ հավատա ինձ, ես ստելու կարիք չունեմ, որովհետեւ ոչ կուսակցական եմ, ոչ էլ ազգայնական։ Այս պատմությունը տարօրինակ է։ Հենց տարօրինակ, որովհետեւ մի անգամ արդեն եղել է։ Աչքերը խելագարի աչքեր չէին, չնայած դեմքի խաղաղությունը շինծու թվաց։ Այդպիսի դեմք ունենում են մարդիկ, որ սովորաբար ավելի քիչ են խոսում, քան մտածում են, ինչ-որ ժամանակ զբաղվել են յոգայով, ապա կիսատ թողել այլ, ավելի ուժեղ հափշտակության պատճառով, որովհետեւ միշտ էլ ինչ-որ բանի հավատալու կարիք ունեն։ – Կրկնում եմ, ոճրագործության հանգամանքների առաջին իսկ թռուցիկ հետաքննությունը ցույց է տալիս, որ խնդիրը դուրս է զուտ քրեական հանցագործության սահմաններից։ Այսպես պատահում է ցանկացած պատմության հետ, որ կրկնվելու համառ բնավորություն ունի, իսկ երբ կրկնվելու հնարավորությունը մեծ է, արդեն որպես սովորական պատմություն չի ընկալվում։ Ինքդ դատիր, ողբերգությանը հաջորդած դեպքերը այս կամ այն չափով լուսաբանված են մամուլում։ Տարիուկես տեւած հետաքննությունը, ապա՝ մեկ տարվա դատաքննությունը, կարելի է ասել, ոչինչ չավելացրին մեր գիտելիքներին, որ արդեն ունեինք դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Առաջին օրերի տասնյակ վարկածները ուժի մեջ մնալու հնարավորությունները պահպանում են առայսօր։ Թվում է, երբ վարկածները շատ են, ընտրության հնարավորությունը մեծ է, բայց դա ժողովրդավարական սկզբունք է, ոչ թե հետաքննական։ Որովհետեւ վարկածների առատությունը հենց սկզբից հարկադրական օրինականություն ստացավ «ում է ձեռնտու» հարցապնդմամբ, որ տրամաբանության չի դիմանում, թեկուզ այն պատճառով, որ հակառակ պնդումը՝ «իսկ ում չէր ձեռնտու», հավանական լինելու ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ վարկածների քանակը հասցնում է նվազագույնի։ – Բայցի այդ,- առարկության չհանդիպելով շարունակեց նախկին ոստիկանը,- մի շարք հանգամանքներ առհասարակ օրինաչափությունից, առողջ տրամաբանությունից դուրս են կամ ունեն զուտ իրենց օրինաչափությունը եւ մեզ ոչ հասու տրամաբանություն։ Դրանք մեկը մեկին կրկնում են այլ ժամանակներում, սակայն միեւնույն պարագաներում կատարված իրադարձությունները։ Այսպես. դեպքերից կարճ ժամանակ անց մամուլում հրապարակվեց մի նամակ, որ հայտնաբերվել էր սպանված վարչապետի սեյֆից։ Նամակի բովանդակությունը հիմնական դրույթներով հանգում էր այն մտքին, թե նա պետք է զգուշանա ահաբեկչությունից։ Ըստ նամակի թվագրության, այն գրված է եղել դեպքից մոտ մեկ տարի առաջ։ Նամակի գոյության փաստը ինձ հուշեց, որ չեն բացառվում նաեւ այլ նախազգուշացումներ։ Եվ դրանք չուշացան։ «Ֆիդայի» թերթի մարտյան համարում վարչապետի ենթականերից մեկը գրեց. «Երբ կողքից ասում էին, որ քեզ խփելու են, ասում էր՝ եթե իմ ժողովուրդը ինձ խփելու է, թող խփի, ուրեմն ես արժանի եմ դրան»։ Մի այլ զինակից, որ այդպես էլ չհրապարակեց իր անունը, պատմում է, որ ահաբեկչությունից մեկ շաբաթ առաջ վարչապետին նախազգուշացրել են դավադրության մասին, հայտնելով նույնիսկ օրը, նա քահ-քահ ծիծաղել է, ապա հանկարծորեն մտախոհ դառնալով՝ ասել. դրան անընդհատ սպասել եմ։ Արդեն 10 տարի, եւ շարունակում եմ սպասել, բայց հիմա արդեն հանգիստ եմ, քանի որ ինձ վերացնելով, նրանք իրենց նպատակին չեն հասնի, որովհետեւ ես արդեն մենակ չեմ (նկատի ունենալով Կարեն Դեմիրճյանին)։ Վարչապետի վարքն ուսումնասիրելիս անհնար է չենթադրել, որ բացի դատապարտվածության հետ հաշտված լինելու հանգամանքից, ահաբեկչությունը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունը բացատրելի է նաեւ այն բանով, որ նա բնավ չի մտածել, որ ինքն ու Դեմիրճյանը կսպանվեն միաժամանակ։ Թվում է, նա ինքն իր համար իր վճիռը հանել էր, նույնիսկ որոշել եղանակը։ Պատմում են, որ մահվանից երկու օր առաջ, երբ ճաշի ժամանակ մի քանի գինովցած զինվորականներ քննարկում էին, թե մահվան որ ձեւն է նախընտրելի, վարչապետը բոլորից առաջ բացականչել է. «Անսպասելին», ապա, գրեթե բանաստեղծի տողերով ավելացրել. «Ինչ լինում է, թող որ լինի միանգամից»։ Բայց հարցի նաեւ մյուս կողմը կա։ Անգամ ոճրագործները չեն թաքցրել իրենց դավադրության մտադրությունը։ Նրանք՝ դեպ եւ անդեպ, մարդաշատ վայրերում հայտարարել են իրենց մտադրությունը, նույնիսկ ազգային անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ։ Թվում է, փորձել են այնպես անել, որ դավադրությունը շատերին հայտնի դառնա եւ իրենք էլ խուսափեն ճակատագրական գործիք դառնալու անխուսափելիությունից։ Խնդիրը միայն դրանով չի վերջանում. բացի բանավոր հիշատակումներից, այժմ ձեռքի տակ ունեմ գրավոր փաստեր։ Այսպես, 1998թ., նույն՝ ճակատագրական հոկտեմբեր ամսին, այսինքն՝ ահաբեկչությունից մեկ տարի առաջ «Ինտիմ» օրաթերթում տպագրվել է նշանավոր քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի «Մոռանալ Հերոստրատին…» խոսուն վերնագրով հոդվածաշարը, ուր հեղինակը տալիս է նաեւ Հերոստրատի անունը. «Մեկ այլ պարագայում, եթե իրադարձությունները նման տեմպեր չունենային, կարելի կլիներ մի երկու-երեք տարի պարզունակ, բայց հոխորտալի, դրանով իսկ տպավորիչ, հայրենասիրություն խաղալ, ազգ «դաստիարակել» սեփական կերպով եւ նմանությամբ, Սփյուռք պարեցնել եւ ստիպել, որ Նաիրին էլ պար մտնի. ավտոմատների եւ ավտոմատավորների առատությանը ղուրբան…»։ Մի այլ՝ «Մայրամուտ» օրաթերթում քաղաքագետը տպագրում է «Ընդդեմ նոր սպանությունների» հոդվածաշարը, ուր, մասնավորապես գրում է. «Վախենամ, որ Երեւանի փողոցները կարմիրով ներկելու հեռանկարն արդեն հիմնավոր արմատներ է գցել… Ազգային շահը գիտակցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից առավելագույն ողջախոհություն է պահանջվում, որպեսզի, Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ՝ վերջակետ չդրվի Շարժման վրա… հակառակ դեպքում «Սպայի տնից» հաջորդ հուղարկավորության ընթացքը խիստ կանխատեսելի է լինելու»։ Մտերիմների պատմելով, եղերական ավտովթարից ամիսներ առաջ Տիգրանն անճանաչելի էր դարձել, քաղաքագիտական վերլուծություններ գրեթե չէր անում, իսկ հրապարակած հոդվածների լեզուն բացառապես հայտնատեսական էր։ Կարծես, Շեքսպիրի նշանավոր հերոսի նման հանդիպել էր ուրվականին, շատ բաների տեղյակ էր ստույգ աղբյուրից եւ այլեւս հոգին ու միտքը թափառում էին երկու աշխարհի սահմանագծին՝ ինչքան այստեղ էր, այնքան՝ այնտեղ, որի համար կյանքով հատուցեց, որովհետեւ գիտեր նաեւ ոճրագործի անունը։ Որ դա այդպես է, պարզորոշ երեւում է նաեւ այն պատմվածքներից, որ ավելի վաղ գրել էր Տիգրանը, բայց որոնք տպագրվեցին արդեն հոկտեմբերի 27-ից հետո։ Գործերից մեկը վերնագրված է «Գեներալի գիշերը»։ Շատ չխորանալով սյուժեի մանրամասների մեջ, կարճ ասեմ, որ գլխավոր հերոսը դարձյալ Վազգեն Սարգսյանն է։ Ուշագրավ են միեւնույն՝ մղձավանջային, գիշերային իրավիճակն ու մարգարեական նախազգուշացումները։ Ի վերջո, գեներալը որոշում է գտնել «հանդուգն գրամոլին», բայց ենթակաները գալիս զեկուցում են, թե վերջինս ինքնասպան է եղել։ Ինքնասպան է լինում նաեւ գեներալը։ Մահվան երկու դեպքերի ճակատագրական հաջորդականությունը ուղղակի փշաքաղում է մարդու միտքը… – Բայց մենք շատ հեռուն գնացինք,- շարունակեց նախկին ոստիկանը։- Այս ողջ պատմությունը ցույց է տալիս, որ իրադարձություններն ամենեւին անսպասելի չեն եղել. ըստ երեւույթին, այն, ինչ նախատեսված է ճակատագրով, լինում է ոչ այնքան անսպասելի, որքան՝ անկասելի։ Ուրիշ նշաններ էլ են եղել, որոնք չնայած պակաս վստահելի են, բայց քիչ նշանակություն չունեն։ Այսպես, գնդակահարության նախորդ օրը, պատմում են, որ վարչապետի նստավայրի պատշգամբից հավաքարարը մեծ դժվարությամբ է հեռացրել աղավնիներին. մեկ շաբաթ առաջ զինակիցների հիշատակին Գեղարդում, նրա ցանկությամբ մորթված մատաղացու երկտարեկան ցլիկը… սիրտ չի ունեցել։ Արարատում, որտեղ ծնվել է հերոսը, սուրբ Հովհաննես եկեղեցու նորոգված պատը փուլ է եկել, իբր մտերմուհիներից մեկը նախորդ օրը երազում տեսել է, թե գործարանի, որտեղ աշխատանքային գործունեությունն է սկսել, բարձրուղեշ ծխնելույզները փլվել են վարչապետի նորակառույց տան վրա։ Այս ամենը ինձ ենթադրել են տալիս, որ գործ ունենք ժամանակի ուրիշ չափման, ինչ-որ չգրված, մեզ համար անհայտ, գոյություն չունեցող ժամանակի հետ, որովհետեւ, կրկնում եմ, ոչինչ անսպասելի կամ անկանխատեսելի չի եղել, այլ եղել է անկասելի։ Այս իմաստով հետաքրիր է ականատես լրագրողներից մեկի պատմությունը. «Օրն ինձ համար սովորական սկսվեց։ Խորհրդարանական եզրափակիչ հարցուպատասխանը կառավարության հետ ոչ մի անակնկալ չէր խոստանում, սակայն Վազգեն Սարգսյանի անսպասելի բուռն արձագանքը պատգամավորներից մեկի հարցապնդմանը, ինչ-որ տագնապ առաջացրեց։ Հետո առավել քան տարօրինակ թվաց, որ Վազգեն Սարգսյանը համառորեն պնդում էր, վաղը ուրբաթ է (իսկ այդ օրը չորեքշաբթի էր- խմբ.) կգաս, կհանդիպենք։ Անգամ դահլիճի արձագանքից հետո շարունակեց նույնը»։ Ժամանակային դասավորությունը, իրոք, խախտված էր այլեւս։ Կենսաբանական ժամանակը ավարտվել էր։ Պակաս ուշագրավ չէ մի այլ ականատեսի վկայությունը ոճրագործների վարքի ու պահվածքի մասին. «Ակնհայտ էին թատերականացման տարրեր, կարծես ասվում էին բազմիցս կրկնված, անգիր արված խոսքեր։ Ցասումն էլ կեղծ էր… ոճրագործները հանգիստ էին, հավասարակշիռ եւ կարծես կրկնում էին սովորած դերերը»։ Այս ամենը ինձ հիմք է տալիս ասելու, թե կատարվածը իսկապես բեմադրություն էր։ Չմոռանանք, որ մեր Շարժումը սկսվեց Թատերական հրապարակում եւ եթե հավատալու լինենք Պլատոնի գաղափարների տեսությանը, այս դեպքում թատրոնը գրեթե արքետիպային նշանակություն է ձեռք բերում։ Նախկին ոստիկանը չէր ալարել եւ հեռուստածրագրերից հանել էր ոճրագործությանը նախորդող շաբաթվա ցուցադրվող ֆիլմերի եւ թատերական ներկայացումների ցանկը եւ ապշել էր իր հայտնաբերածից։ Մայրաքաղաքի հեռուստաընկերություններից չորսը հաջորդաբար ցուցադրել էին «Կլեոպատրա» ֆիլմը՝ գովազդի ժամանակ նախապես խնամքով ընտրելով Կեսարի սպանության տեսարանը։ Թատրոններից երկուսը միաժամանակ բեմադրել էին Քամյուի «Կալիգուլան»։ Միակ կանոնավորապես գործող «Մոսկվա» կինոթատրոնի ազդագրերից չէր իջել «Գլադիատորը»։ Մայր թատրոնը տեւական դադարից հետո սկսել էր աշխատանքները եւ բեմ էր հանել «Հին աստվածներ» եւ «Կտակը» դրամաները, որոնցից վերջինում բեմը զարդարել էին միանգամից ութ դագաղ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան մարդ սպանվեց հոկտեմբերի 27-ին։ Այս ամենը նախկին ոստիկանին հիմք էր տվել կարծելու, որ, ըստ ամենայնի, գործել է գաղտնի մի սցենար։ Եվ բեմադրիչը պատմությունն է։ «Պատմություն» բառը հենց այնպես չեմ գործածում։ Բայց այստեղ սողանցքեր կան նաեւ գրականության համար։ Կարծում եմ, նույն նկատառումից ելնելով, Հրանտ Մաթեւոսյանը անմիջապես արձագանքեց. «Այդ տեքստը մենք ենք գրել»։ Մանրամասներին տեղյակ չեմ, սակայն կրակոցներից վայրկյաններ առաջ վարչապետի արտասանած խոսքերը. «Վաղը… ուրբաթ է», տող է Շեքսպիրի «Մակբեթից», մահվան նախընտրելի ձեւերի մասին պատմվող խոստովանությունը, որ ընդմիջվում է նրա՝ «անսպասելին» բացականչությամբ, նույն հեղինակի «Հուլիոս Կեսարից» է, որ վերցված է Պլուտարքոսի «Կեսար» վարքագրությունից։ Մյուս նախանշանները՝ Տիգրանի «Մոռանալ Հերոստրատին…» մարգարեությունը, ցլիկի՝ սիրտ չունենալը, մահվան սուրհանդակ աղավնիների աներեսությունը, վանքի պատի, գործարանի ծխնելույզների փուլ գալը, հանգամանքների եւ տեղանունների տարբերությամբ, կրկնում են Հուլիոս Կեսարի սպանությանը հաջորդած եւ նախորդած համանման պատմությունները։ Կարելի է թեթեւ անվստահություն ունենալ հին հնդկական եւ պյութագորասյան հոգիների վերաբնակման առնչությամբ, մերժել Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտի» ձեւաբանության ֆատալիստական դրույթները, չընդունել ինչ-ինչ փաստարկներ, ապավինել առողջ բանականությանը, բայց որ մինչեւ Վազգեն Սարգսյանի լինելը նա Հուլիոս Կեսար է եղել, անառարկելի է։ Նախկին ոստիկանը չի ցանկանում իրադարձությունների ընթացքի մասին սեփական վարկածը հրապարակել։ Նա գիտի, որ այդ ամենը հորինվածք է, չնայած հավատում է հորինվածքին։ Նա գիտի, որ իր հորինվածքը կրկնում է Չեսթերտոնին եւ Բորխեսին, սակայն ունի նաեւ իր եզրակացությունը. հոկտեմբերի 27-ի կրակոցները դասական վախճանին հասցրին հայկական «թավշյա» հեղափոխությունը, մանավանդ որ, առաջին գնդակները վերջ դրին այն երկու առաջնորդների կյանքին, որոնցից մեկը Շարժման ամենահետեւողական «ոչ» ասողն էր եւ անգամ եղերական այդ պահին հասցրել էր ասել. «Այդպես հարց չեն լուծում». երկրորդը՝ «այո» ասած հեղափոխականներից ամենախիզախը, որի վերջին՝ «Էս ո՞վ է» հարցը այդպես էլ մնաց անպատասխան։ Ահա, թե երբ է ավարտվում հեղափոխությունը եւ ինչպես, երբ պատմության միստիկ բանդագուշանքով ժամանակի արյունոտ բեմին միաժամանակ հայտնվում են «այոն» եւ «ոչը»։ Մնացյալը լռություն է. Ինքն էլ գիտի, որ վերջին տողն անգամ Շեքսպիրի մտահղացումն է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել