Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-Ի ԿԱԶՄՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿԲ-ԻՑ ԴՈՒՐՍ

Սեպտեմբեր 24,2002 00:00

ԿԲ-Ի ԿԱԶՄՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿԲ-ԻՑ ԴՈՒՐՍ Ինչպիսին կլինի բանկային վերահսկողության ապագան Բանկային վերահսկողության զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ համակարգի կառուցվածքային կատարելագործման երկու ճանապարհ: Առաջինը, կամ մեր անվանմամբ՝ ավանդականը, բանկային վերահսկողության կառույցի զարգացումն է Կենտրոնական բանկի շրջանակներում, երկրորդ ուղին ենթադրում է Կենտրոնական բանկից առանձին կառույցի ձեւավորումը եւ զարգացումը: Պատմական փորձն ասում է, որ գրեթե բոլոր երկրներում կենտրոնական բանկերի եւ բանկային համակարգերի ձեւավորման սկզբնական շրջանում բանկային ոլորտի գործունեության կարգավորման եւ վերահսկողության ֆունկցիան ձեւավորվել է կենտրոնական բանկերի ներսում: Այդ ժամանակաշրջանում ձեւավորվող օրենսդրական դաշտը ամրագրում էր այդ խնդիրը կենտրոնական բանկերին, էմիսիոն եւ դրամավարկային քաղաքականության խնդիրների հետ համատեղ: Վերջին տասնամյակում մի շարք, մասնավորապես՝ եվրոպական երկրներում բանկային կարգավորման եւ վերահսկողության ֆունկցիան անջատվեց կենտրոնական բանկերից, թողնելով վերջիններիս մոտ միայն մոնետար քաղաքականության իրագործման խնդիրը: Բանկային վերահսկողությունով սկսեցին զբաղվել պետական կամ կիսապետական՝ կառավարությանն առընթեր կառույցներ: Մասնավորապես այդ ուղիով գնաց զարգացումը Գերմանիայի Դաշնությունում, Թուրքիայում, Հունգարիայում, վերջերս այդ ուղին բռնեց նաեւ Մեծ Բրիտանիան: Նման քննարկումներ են ընթանում Ռուսաստանի Դաշնությունում, մի շարք այլ երկրներում: Որոշ երկրներում այդ կառույցները զբաղվում են միայն բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորմամբ ու վերահսկողությունով: Հունգարիայում, օրինակ, բանկային վերահսկողությունից զատ այն զբաղվում է նաեւ արժեթղթերի շուկայի եւ ապահովագրական բիզնեսի կարգավորմամբ եւ վերահսկողությունով: Կենտրոնական բանկերից վերահսկողության դուրսբերման հիմնական պատճառ հանդիսացավ այն, որ մոնետար քաղաքականության իրականացումը, որը կենտրոնական բանկերի առաջնահերթ խնդիր է, եւ վերահսկողության գործընթացը որոշ դեպքերում մտնում են հակասության մեջ: Բացի դրանից, շուկայական ռիսկերի մեծացումը, փողերի լվացման ծավալների աճը եւ տարածումը լրացուցիչ հիմնավորեցին առանձին վերահսկողական մասնագիտացված մարմնի առկայության անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, եվրոպական բանկային համակարգի զարգացումը ի վերջո կբերի նրան, որ գերակշռող կդառնա առանձնացված բանկային վերահսկողության ինստիտուտը: Այլ է պատկերը ԱՄՆ-ում: Այստեղ գործում է ավանդական ձեւը՝ բանկային վերահսկողությունը ԱՄՆ կենտրոնական բանկի՝ Ֆեդերալ ռեզերվային բանկի անբաժանելի մասն է: Սակայն բանկային վերահսկողություն են իրականացնում նաեւ այլ ֆեդերալ կառույցներ՝ Դրամական շրջանառության հսկիչի ծառայությունը, Դեպոզիտների ապահովագրման կորպորացիան: Խնայողական բանկերի վերահսկողությունը իրականացնում է առանձին տեսչություն: Այսինքն, ամերիկյան համակարգում կա վերահսկողական ֆունկցիաների որոշակի կրկնողություն, ինչը, ի վերջո, նվազեցնում է ռիսկերի աղդեցությունը բանկային բիզնեսի վրա: Հայաստանում այսօր ակտուալ չէ, թե ինչ ուղիով կգնա բանկային վերահսկողության կառուցվածքային զարգացումը, բայց խիստ արդիական է բանկային վերահսկողության արդյունավետ լինելու խնդիրը: Վերջին տարիների ընթացքում Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը քայլ առ քայլ զիջեց իր դիրքերը, ԿԲ-ում վերահսկողության նկատմամբ վարվող քաղաքականության եւ վերահսկողության կառույցի ներսում ձեւավորված ոչ բարենպաստ մթնոլորտի արդյունքում մեծ թվով փորձառու մասնագետներ հեռացան բանկային վերահսկողությունից, դադարեց որակյալ մասնագետների վերարտադրության գործընթացը, նվազեց վերահսկողության արդյունավետությունը, ինչը ի վերջո բացասականորեն անդրադարձավ բանկային համակարգի վրա: Այսօր կարեւորագույն խնդիր է դարձել վերակենդանացնել այդ կառույցը, հստակեցնել նրա ռազմավարությունը, դրանից բխող կառուցվածքը, ձեւավորել գործիքները, հավաքագրել կարող մասնագետներ եւ ամենակարեւորը՝ ստեղծել աշխատանքային առողջ մթնոլորտ: Եթե դա հնարավոր է անել Կենտրոնական բանկի շրջանակներում, ապա ինչ խոսք, այսօր ես բացարձակ չեմ տեսնում նոր առանձնացված կառույցի ձեւավորման անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում՝ իրոք արդիական է դառնում գործադիր իշխանության կառուցվածքում համապատասխան կառույցի ստեղծումը: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել