Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՈՒՄ ԿԱ»

Նոյեմբեր 21,2002 00:00

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՈՒՄ ԿԱ» ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր երեկվա ասուլիսում գնահատելով անկախ Հայաստանի տնտեսական զարգացումները, ոչ մի կերպ չկարողացավ խուսափել «իրենք», «նրանք», «մենք», «նախկինում» եւ նմանատիպ այլ բառերից ու որոշիչներից, ինչն, ավելի շուտ, պատասխան ռեակցիա է։ Նախկին վարչապետի արձանագրմամբ. «Մեզ քննադատում էին սեփականաշնորհման մեջ, բայց պարզվում է, որ դեռ հարց է՝ կարողանո՞ւմ են այդքան սեփականաշնորհել, թե՞ ոչ։ Կամ չէր ընդունվում Եվրոպական ինտեգրացիան, այսօր ընդունվում է։ Ղարաբաղի հարցում ասում էին պարտվողական քաղաքականություն, այսօրվա փաստաթղթերը, կոնկրետ գիտեմ, ավելի լավը չեն»։ Նույնը՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ՆԱՏՕ-ի վերաբերյալ։ Ուստի Հ. Բագրատյանի համար հարց է առաջանում. «Բա ինչի՞ էիք հանում այս աղմուկը, եթե ավելի լավ լուծում չունեք»։ Չնայած այսօր իշխանությունները շարունակում են «նախկինների» ուղին, այնուամենայնիվ, էքս-վարչապետը գտնում է, որ «այսօր էապես աղճատվել է տնտեսական կուրսը եւ հեռանկարային ժամանակի համար բավարարված չեմ ռեֆորմների ազատականությամբ։ Նախկիններին ուղղված քննադատությունը շատ դեպքերում իզուր է եղել»։ Ինչպես յուրաքանչյուր գրագետ մարդ, Հրանտ Բագրատյանն իր գնահատականներն սկսեց դրական երեւույթներից։ Մասնավորապես, ըստ նրա, «լավ է, որ մեր կառավարությունը նման չէ Վրաստանի կառավարությանը եւ փորձում է պարտքերը փակել»։ Բայց ինչ վերաբերում է «Գույք պարտքի դիմաց» գործարքին, ապա պարտքի չափն, ըստ նրա, վտանգավոր սահմանի վրա չէր, որ հապշտապ փակվեր։ Բացի այդ, «խնդիրը պարտքի չափը չի, այլ կառուցվածքը»։ Ի դեպ, կառուցվածքի մասին։ ՌԴ պարտքը փակելու հրատապությունը կառավարությունը բացատրում էր հենց պարտքի անհաջող կառուցվածքով, քանի որ «սպասարկման տեսակետից սա ամենածանր արտաքին պարտքն էր»։ Այդ պարտքի մի մասը, «ձեւավորած» վարչապետի մեկնաբանությամբ, «ոչ մի բան ծանր պայմաններով չի եղել։ Երկու, թե երեք պարտք կա ՌԴ-ին, որի զգալի մասը հետո են վերցրել»։ Բացի այդ, «պատկերացրեք, 110 մլրդ ռուսական պետությունից նեղ պահին վերցնելը» մեծ գործ է, մանավանդ որ, «այդ պարտքը 1995- 96թթ. վճարվել է»։ Պարոն Բագրատյանը չի հասկանում՝ «վա՞տ է, որ երկու տարում 2 ժամից հոսանքի մատակարարումը դարձավ 26 ժամ։ Վա՞տ էր, որ վերջին հազար տարում առաջին անգամ մեր ախոյանները, որոնք փորձում էին մեր անկախության, ինքնորոշման դեմ ոտնձգել, պատժվեցին։ Վա՞տ էր, որ 10 հազարից բանակը պաշտպանության նպատակներով դարձավ 70 հազար»։ Հրանտ Բագրատյանի վերլուծությամբ, «սրանք են եղել պետության, հասարակության առաջ դրված խնդիրները, որոնք լուծվել են մեր, մասնավորապես՝ իմ ղեկավարած կառավարության, ավելի ճիշտ կլինի ասել, նախկին նախագահի ղեկավարած իշխանության կողմից»։ Ընդհանրապես, պարոն Բագրատյանի գնահատմամբ, այսօր Ռուսաստանի հետ կապված քաղաքական խնդիր կա եւ հարցերը չեն լուծվի «կոմպլեմենտար» բառն օգտագործելով։ Ըստ երեւույթին, այդ խնդրի առկայությունն է պատճառը, որ «Գույք պարտքի դիմացը» «հիշեցնում է ձեր եւ գրավատան հարաբերությունը»։ Մյուս կողմից, տնտեսագետը չի հասկանում ՌԴ կառավարությանը։ Հանձնված «գույքի» մեծ մասն «անցած դար է Արեւմուտքի համար»։ Նա չի բացառում, որ կարող են խնդիրներ առաջանալ մեր մյուս պարտատերերի հետ։ Չնայած, որպես պետական մտածող, նա գտնում է. «Կարեւորն այն է, որ պետությունը դեֆոլտ չի հայտարարում»։ Բայց, ամեն դեպքում, տնտեսագետը չգիտի 10-12% տնտեսական աճ ունեցող որեւէ այլ երկիր, որն այս ձեւով խուսափի բանկրոտությունից։ Ի դեպ, Հ. Բագրատյանի կարծիքով, տնտեսական աճի ցուցանիշներից պետք է հանել ադամանդագործության «բաժինը», որովհետեւ այդտեղ պետք է հաշվարկել միայն «մաքուր ԱԱՀ-ն», որը չնչին է. «Եթե ԱԱՀ-ի մեթոդիկան վերցնենք, կարող է պատահի, ստացվի, որ տնտեսությունում անկում կա։ Այդ է պատճառը, որ նման աճը մեր առօրյա կյանքում էապես չենք զգում»։ Փոխարենն, այն աճը, որ կա սննդարդյունաբերության (կաթ, երշիկեղեն, գարեջուր, գինի) մեջ, ըստ նախկին վարչապետի, ապահովում են այն օբյեկտները, որոնք մասնավորեցվել են 1994, 95, 96թթ.։ Ամենաազատական վարչապետը գտնում է, որ սեփականաշնորհման իր իրականացրած քաղաքականությունը քննադատելու փոխարեն, «իրենք» թող մտածեն, որ լամպերի գործարան են նվեր տվել, ինչպես նաեւ՝ 12 մլն (սա ներված պարտքի չափն է)։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել