Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր Պալերմո՞, թե՞ Չիկագո

Նոյեմբեր 23,2002 00:00

Նոր Պալերմո՞, թե՞ Չիկագո Էջմիածին քաղաքի ազգային անվտանգության բաժնի պետ Էդիկ Հովհաննիսյանը բացառության եւ «օրինաչափության» խախտում չէ, համենայնդեպս՝ մեր օրերի համար։ Ստացվել է այնպես, որ նա էլ Էջմիածնի քրեական հեղինակություններին, դրամագլուխ ունեցող «գործարարներին» ու քաղաքի «հայրերին» իրենց տեղը ցույց տալու փոխարեն, դարձել է վերջիններիս կամակատարը։ Իսկ ամենաանվիճելի մեծությունը պետի համար, ասում են, նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանն էր։ Հովհաննիսյանը, հակառակ իր զբաղեցրած պաշտոնի պարտադրանքին, քանի տարի շարունակաբար լռության է մատնել վերջինիս կողմից կատարված անօրինականությունները։ Ավելին, ասում են, որ օգտագործելով ուժային նախարարություններում ունեցած իր դիրքն ու կապերը, Է. Հովհաննիսյանը Ե. Աղվանյանի «տնօրինությանն» է հանձնել նախկին եւ ներկայիս մի շարք դատավոր-դատախազների, Հարկային տեսչության եւ ՆԳ բաժնի պետերի, որոնք էլ, իրենց հերթին, ծառայել են քաղաքապետին։ Այսպես, նախկին քաղաքապետից յուղոտ պատառ ստանալով (Էջմիածնի ամենաբանուկ եւ առեւտրի համար ամենահարմար վայրերում՝ Մաշտոցի պողոտա, Կիրովի, Կամոյի, Կոստանյան, Թումանյան փողոցների վրա գտնվող խանութներ), Է. Հովհաննիսյանը մի կողմ է քաշվել ու աչքերն էլ պինդ փակել։ Դրա դիմաց Ե. Աղվանյանը 500-1500 ԱՄՆ դոլարով վաճառել է Ադրբեջանից բռնագաղթածների համար կառուցված քոթեջները՝ փախստականներին թողնելով կեղտի ու հակասանիտարական վիճակի մեջ գտնվող հանրակացարանների հույսին։ Հետեւելով «մեծ եղբոր» օրինակին՝ պարոն Է. Հովհաննիսյանը նույնպես մի շարք «գործեր է գլուխ բերել», այն տարբերությամբ միայն, որ վերջինս «նվերներ բախշելու» սովորույթ չի ունեցել, ասում են, որ նրան ավելի հոգեհարազատ է ճիշտ հակառակը։ Վերոասված գործերը գլուխ են եկել Էջմիածնի հարկային տեսչության նախկին պետ Սամվել Թադեւոսյանի, ՆԳ բաժնի նախկին պետ, այժմ կառավարության աշխատակից Հայկ Ավետիսյանի, դատախազի նախկին օգնական, այժմ մարզի դատախազի օգնական Ավագ Միքայելյանի, նախկին դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Միքայել Բադիրյանի, դատավոր Հրաչ Սարգսյանի աջակցությամբ։ Կաշառք վերցնելու մեղադրանքով հարգարժան Է. Հովհաննիսյանի թելադրանքով հետապնդվել ու ձերբակալվել է նաեւ բժիշկ-գինեկոլոգ Ռուբեն Սիմոնյանը։ Դատարանում չվերցրած կաշառքի մեղադրանքն ի չիք դարձնելու եւ գործը կարճելու դիմաց բժշկից պահանջել են մեծ գումար։ Եվ ստանալով միայն 8000 ԱՄՆ դոլար, դատավորը վերջապես «հիշել» է, որ կարծեցյալ կաշառատուն հոգեկան հիվանդ է եւ հաշվառման է կանգնած Էջմիածնի պոլիկլինիկայում։ Փաստորեն, մեր դատաիրավական համակարգը հասցրել է այնպիսի «բարձունքի» հասնել, որ ընթացք են տրվում նույնիսկ հոգեկան հիվանդների հայցերին։ Իսկ բժիշկը պահանջված գումարը հայթայթելու համար վաճառել էր իր ողջ ունեցվածքը եւ մի շարք պարտքեր կուտակել իրար վրա, ինչն էլ հանգեցրել է մահացու ելքով կաթվածի։ Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ամենազավեշտականը հետեւյալն է. լինելով Էջմիածնի Կիրովի համատիրության անդամ, Է. Հովհաննիսյանը պարբերաբար խուսափել է բնակվարձերը մուծելուց, որը կուտակվելով 20 հազար դրամ է դարձել։ Հանուն այդ գումարի, Հովհաննիսյանը չի զլացել համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանին անընդհատ հիշեցնել իր ով լինելը։ Ռ. Մկրտչյանն էլ, առաջնորդվելով ՀՀ գործող Սահմանադրության 46 հոդվածով (յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հարկեր եւ տուրքեր վճարել), դիմել է դատարան։ Սակայն վերն արդեն հիշատակված դատավոր Հ. Սարգսյանը, ելնելով այն փաստից, որ Էջմիածինը Է. Հովհաննիսյանի, այսպես ասած, «դուքանն» է, վճիռը կայացրել է նրա օգտին։ Համատիրության համառ նախագահը վճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանում, որը պարտավորեցրել է Է. Հովհաննիսյանին հարկերը վճարել։ Այս դժվար ձեռք բերված հաղթանակը Մկրտչյանի գլխին պատուհաս է դառնում, մասնավորապես, «հետապնդվում» են Էջմիածնի տարբեր հիմնարկներում աշխատող Մկրտչյանի մոտ ազգականները։ Ի դեպ, հիշատակված բոլոր անձինք «վերեւներում» ունեն իրենց, այսպես ասած, «կռիշաները»։ Մասնավորապես, Ե. Աղվանյանին հովանավորում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, Միքայելյանին՝ գեներալ Սեյրան Սարոյանը, Կ. Հովհաննիսյանին՝ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, Է. Հովհաննիսյանին՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը եւ ԱԱ գեներալ Ռաֆիկ Զարգարյանը։ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, հոդվածում բերված մեղադրանքներն ապացուցող փաստաթղթերը առկա են խմբագրությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել