Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքայինները զորակցում են

Հունվար 11,2003 00:00

Շարքայինները զորակցում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ ատյանում։ Հիշեցնենք, որ ըստ այդ վճռի, նրա քաղաքացիության ժամկետը հաշվարկվում է 2001 թվականից։ «Մենք հուսով ենք, որ նույն ձեռագիրը չի կրկնվի Վերաքննիչ ատյանում, ու մեր հարցի դրական պատասխանը կգտնենք մինչեւ ամսի 20-ը»,- համոզված է ԿԸՀ-ում եւ դատարանում Ր. Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը։ Ըստ նրա, այս դատավարության ընթացքի վրա իր ազդեցությունն է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող ռազմաքաղաքական շտաբը։ Ա. Աղաբաբյանը գտնում է, որ այս դատավարության ժամանակ նախագահի լիազոր-ներկայացուցիչ Ա. Կակոյանը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել, քանի որ Ր. Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչներն ու իրավաբանները կարողացել են հիմնավորել ու ապացուցել հայցում ներկայացված բոլոր փաստերը, չնայած կայացված ոչ նպաստավոր վճռին։ Եթե Վճռաբեկ ատյանում էլ հարցը հօգուտ Ր. Հովհաննիսյանի չլուծվի, նա իր քաղաքացիության իրավունքը կվիճարկի նաեւ դատական մյուս ատյաններում, հասնելու իր ոտնահարված իրավունքների վերջնական վերականգնմանը։ Ա. Աղաբաբյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բացատրում է նրանով, որ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը վախենում է Ր. Հովհաննիսյանից ու նրա ակնհայտորեն աճող ռեյտինգից, եւ նման քայլը՝ «տապորով կտրելու, մարդուց այս կերպ ազատվելու քաղաքականությունը» սպասելի էր իշխանություններից։ Ավելին, համոզված է, որ ոչ հրապարակման նպատակով անցկացված սոցիոլոգիական հարցումները ներկայիս իշխանությունների համար «խայտառակ ելք են ունեցել»։ Ի դեպ, Ա. Աղաբաբյանին զարմացրել էր նաեւ արտգործնախարար Վ. Օսկանյանի հեռուստաելույթը։ Նրա կարծիքով, նախարարը բացարձակապես անտեղյակ է գործից, քանի որ ողջ հանրապետությունով մեկ հեռարձակվող հեռուստաալիքներով հայտարարում է, թե իրեն էլ են 1992-ին մերժել։ Սակայն հաշվի չի առնում այն հանգամանքը, որ «ի տարբերություն իրեն, Ր. Հովհաննիսյանի վերաբերյալ ոչ դրական, ոչ էլ բացասական որոշում չի կայացվել, քանի որ նրա հայցը անգործության մասով է»։ Ա. Աղաբաբյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն քանի օր է Հայաստանի շրջաններից նախաձեռնող խմբի կենտրոնակայան են այցելում շարքային քաղաքացիներ՝ հայտնելու իրենց զորակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանին, որը «մինչեւ վերջ պայքարելու է նախագահական ընտրություններին մասնակցելու համար»։ Իսկ առաջիկայում նախատեսված է հրավիրել մամլո ասուլիս, որ հանրությանը իրազեկվի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա նախաձեռնող խմբի հետագա գործողությունների մասին։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031