Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսագրությունը՝ պատմություն

Հունվար 15,2003 00:00

Կենսագրությունը՝ պատմություն Մեզնից նա, ով փորձում է իր կենսագրությունը այս կամ այն չափով վերածել պատմության, ի սկզբանե դատապարտված է ընկալվելու կամ որպես զոհի ժառանգ, կամ՝ հերոսի։ Մի դեպքում, հասկանալի է, նրա պապը, գուցե՝ հայրը, նահատակվել է, մյուսում՝ հաղթել։ Եվ երկու դեպքում էլ այդ պապի, հնարավոր է՝ հոր, դեմ կանգնած հակառակորդը եղել է թուրքը։ Միմիայն թուրքը, եթե նույնիսկ պատմության օրացույցից բացառենք 1915 թ. ապրիլ ամսվա բոլոր օրերը։ Այսպես, ուրեմն, թուրքը՝ որպես հակառակագործ, այլ խոսքով՝ հակոտնյա, կդառնա այն պատմության գլխավոր կերպարներից մեկը, որը մեզնից մեկը կփորձի շարադրել կենսագրության փոխարեն։ Ասվածը հաստատում է «Գնիշիկի արծիվը» գրքի հեղինակ Հովհաննես Թարվերդյանը։ Այստեղ թուրք տարրը կարծես ուղղակի առնչություն չունի Հ. Թարվերդյանի՝ նույնն է թե՝ նրա տոհմական ընտանիքի պատմության հետ եւ թվում է՝ նրա մաս չի կազմում։ Սակայն, այդ տպավորությունը արդյունք է այն բանի, որ հեղինակը իր պատմությունը ներկայացնում է Վայոց ձորի լեռներում, անցյալ դարի սկզբներին մեծ ծավալների հասած ավազակային գործողությունների համապատկերին։ Այդ գործողությունները, որոնց հիմնական նպատակը հայ բնակչության ունեցվածքի թալանն էր, որակվել է մեկ բառով՝ ղաչաղություն։ Այդ բառը, որ մեզանում վայրագության ու ստորության հոմանիշն է, թուրքերի լեզվամտածողության մեջ փոխարինվում է հերոսության եզրույթով։ Կարելի է հիշել ղաչաղ Նաբուն, նրա մասին ազերիների հյուսած երգերը… ղաչաղ Նաբու «հերոսականությունը» հակադրում էին անգամ մեր Անդրանիկ Զորավարին։ Դեպքերն իրար են հաջորդում մեծ արագությամբ (ճիշտ են նկատել գրքի գրախոսները, որ վիպակի ձեւով շարադրված այս պատմությունը կարելի է դարձնել շատ հաջող սցենար՝ ֆիլմ նկարահանելու համար)՝ հարցաքննություն, այնուհետեւ Նախիջեւանից գյուղ գալիս որդու՝ եկեղեցու սպասավոր Սուրենի սպանությունը աղբյուրից ջուր խմելիս, հուղարկավորությունից երկու օր անց Թորոսի վրիժառությունը կլանում են ընթերցողին։ Թորոս Հարությունյանի՝ Գնիշիկի արծվի տանն է ապրել հեղինակի հայրը՝ Պողոսը, կենսագրությամբ առնչվելով խիզախ ու պատվախնդիր մարդու հետ։ Գրքի երկրորդ մասում Թարվերդյանների տոհմի պատմությունն է ներկայացվում։ Նրանք Վայոց ձոր են եկել 1828թ. Պարսկահայքից եւ բնակություն են հաստատել Նրբույն գյուղում, ըստ հեղինակի, Ելփին գյուղի անվանումը հենց այդ տեղանվան աղավաղված ձեւն է։ Այստեղ, Ելփինում, մանկամարդ Կանդուխտը ականատեսն ու վկան պետք է լիներ իր մերձավոր արյունակիցների խոշտանգման ու նահատակության եւ, չարիքի դեմ իբրեւ վրեժ, իբրեւ անխորտակելի հաղթանակ, պետք է տասը զավակ պարգեւեր հայրենիքին, տասը վահան։ Ինչպես Գնիշիկն իր արծիվն ուներ, այնպես էլ Ելփինը՝ իր բազեն։ Նրա անունը Թեւոս էր։ ՌՈՒԲԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԵՊՏԻ դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել