Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկացողները հոգնեցին

Ապրիլ 01,2003 00:00

Հասկացողները հոգնեցին ԱԺ նիստը տապալվեց «Զանգվածային լրատվամիջոցների մասին» չարաբաստիկ օրենքի նախագիծը երեկ չքվեարկվեց. ամբողջ օրվա խորհրդարանական կրքոտ քննարկումներից հետո կառավարությունն առաջարկեց քվեարկությունը հետաձգել։ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը մենք՝ «ոչ պատասխանատու» լրագրողներս, մտադիր էինք իրավական բոլոր հնարավոր միջոցներով տապալել։ Իրականում այս նախագիծը բումերանգի նման շուռ է գալու ցանկացած ԶԼՄ-ի դեմ։ Դեռեւս նիստի սկզբից մի քանի րոպե անց ԱԺ նիստերի դահլիճից «առգրավվեց» երեք մետր երկարությամբ՝ «Ո՛չ գրաքննությանը» մեր պաստառը, որին հետեւեցին շարունակական 20 րոպեանոց ընդմիջումների առաջարկները, մինչեւ ժամը 15։04-ը խորհրդարանի ոչ թե լիարժեք, այլեւ ընդհանրապես որեւէ աշխատանքի մասին խոսելն ավելորդ էր։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամները համերաշխ էին մեզ հետ եւ հնարավորինս խոչընդոտում էին քվեարկությանը։ Ի վերջո, Գրիգոր Հարությունյանի հայտարարությունը, թե ինչպե՞ս կարելի է առանց նստաշրջանի օրակարգի հաստատման աշխատել եւ քվեարկություններով զբաղվել, սթափեցրեց ոմանց՝ «բա ինչո՞ւ շուտ չէիր ասում»։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը փորձում էր պարզաբանել՝ քվեարկության են ներկայացվում նախորդ արտահերթերից մնացած հարցեր՝ «պրն Խաչատրյան, մենք շատ լավ գիտենք՝ սրանք ի՞նչ հարցեր են, ինչպե՞ս են ընկել հերթական նստաշրջան, առավել եւս, ի՞նչ նշանակություն ունի։ Դա համոզիչ չէ»։ ԱԺ նախագահը՝ թե. «Ես ձեզնից չեմ կարող վերցնել չհամոզվելու բնական իրավունքը»։ Արամայիս Բարսեղյանը փորձում էր «բարձրացված հարցի իրավական պատասխանը» ստանալ։ Արշակ Սադոյանը եւս. «պրն Խաչատրյան, իհարկե, դուք կարող եք ասել՝ կարող եք համոզվել, կարող եք՝ չհամոզվել, բայց, քանի որ խոսքը գնում է իշխանազանցության մասին, ԱԺ նախագահը կոպտորեն խախտելով օրենքը՝ ինչ ուզում, անում է…»: Շարունակությունը չմեջբերենք, պարզապես ասենք, որ ԱԺ նախագահն ինչ-որ պահի խճճվեց եւ երկու հարցի վերաքվեարկության մասին հարցը միաժամանակ դրեց քվեարկության։ Այս սխալը Տիգրան Թորոսյանը որպես նախագահող փորձեց շտկել, մի «կաշկալամաշ» էլ այդ ժամանակ առաջացավ։ Մի կողմից Արշակ Սադոյանը, թե. «ես հասկանում եմ, որ ԱԺ նախագահը, նրա տեղակալներն ինչ ուզեն կանեն ԱԺ-ում, հիմա հարց է ծագում…», մյուս կողմից՝ Արմեն Խաչատրյանը. «երկու ամիս բան է մնացել, թողեք ինչ ուզում ենք, անենք»։ Շավարշ Քոչարյանը փորձում էր բացատրել. «իրականում մինչեւ հիմա ինչ որ արել ենք, նիստում չի եղել, դրա համար եկեք լուծում գտեք, որովհետեւ հիմա, ըստ էության, անօրինական նիստում քվեարկություններ են կատարվում»։ Տիգրան Թորոսյանը եւս բացատրում էր՝ եթե քվորում կա, եւ գրանցվել են, ուրեմն նիստն օրինական է։ Վարդան Բոստանջյանն էլ, թե. «պրն Խաչատրյան, քանի որ հասկացողներն արդեն հոգնեցին, ես ստիպված եմ հերթական անգամ ճիշտ բան ասել։ Ուրեմն, էսպես է՝ հիմա մենք ուրախ, մաքուր սրտով քվեարկում ենք, կառավարությունն այն հետաձգել է 15 օրով, ինքը կարող է մի երկու օրից գա, ասի՝ ձեզ ո՞վ էր խնդրում քվեարկեիք, հասկանո՞ւմ եք, դրա մասին է խոսքը»։ Արմեն Խաչատրյանի ռեպլիկը՝ «բայց, խնդրել են, չէ՞, որ քվեարկենք»։ Սրա վերջը երեկ չերեւաց, խորհրդարանն իր աշխատանքները կշարունակի այսօր՝ «ուրախ, մաքուր սրտով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել