Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ

Ապրիլ 04,2003 00:00

ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՂԱ Հայաստանում միլիոնատեր դառնալու մի քանի հնարավորություններին (անմաքուր բիզնես, պատգամավորի մանդատ, յուղոտ պաշտոն եւ այլն) ավելացավ եւս մեկը։ Խոսքը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի մասին է։ Հեռավոր Քենիայից հետո 101-րդը Հայաստանն է, որ գնել է խաղը «հայացնելու» իրավունքը։ Եվ ապրիլի կեսերից արդեն այն կհեռարձակվի «Շանթ» եւ Ազգային հեռուստաընկերություններով։ Ըստ «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանի, հայկական տարբերակում մրցանակը 5 մլն դրամ է։ Խաղի հովանավորներն են տեղի հայտնի գործարար շրջանակները, «ովքեր ցանկանում են խաղի ընթացքում գովազդվել»։ Հիշեցնենք, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերը» առաջին անգամ 1998-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում ITV ցանցով է հեռարձակվել։ Եվ այդ օրվանից շուրջ 700 մարդ արդեն հասցրել է դառնալ միլիոնատեր։ Խաղի կառուցվածքը հավատարմագրվել է 107 երկրի համար, այն հեռարձակվում է շուրջ 100 երկրում։ Տոնական թողարկումների ժամանակ ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում երբեմն գումարը հասնում է 2 մլն դոլարի։ Առայժմ ամբողջ աշխարհում թողարկվող հեռուստախաղի հաղորդավարներից միայն երկուսն են կին։ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հայկական տարբերակում խաղը կվարի ճանաչված դերասան Աշոտ Ադամյանը։ Ա. Եզեկյանը նշեց, որ նա մրցույթով լավագույնն է ճանաչվել 100 թեկնածուների մեջ ու մասնագիտական որակներով լիովին համապատասխանում է խաղը պատշաճ մակարդակով անցկացնելուն։ Ինքը՝ Աշոտ Ադամյանը, գիտի, որ իրեն, բնականաբար, կհամեմատեն Մաքսիմ Գալկինի հետ, ուստի գտնում է, որ թեեւ մտածվել է խաղը վարելու որոշակի եղանակ, սակայն այն դեռ մշակվում է. «Կարծում եմ, կգտնեմ իմ տարբերակը, այնպիսին, որ ե՛ւ Գալկինին դիտեն, ե՛ւ միաժամանակ սիրեն հայկականը։ Հայկական եւ ռուսական տարբերակները, նմանություններից բացի, կտարբերվեն՝ պայմանավորված ազգային առանձնահատկություններով»։ Խաղի հարցերի գաղտնիության վերաբերյալ Ա. Ադամյանը կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց. «Եթե նույնիսկ ես մի քանի հազար հարց գողանամ ու տամ ձեզ, որ սերտեք ու գաք խաղին մասնակցելու, միեւնույն է, ոչինչ չի ստացվի։ Նախ ինքս չեմ իմանա, թե ինչ հարցեր են լինելու, որովհետեւ դրանք խաղի անցկացման պահին կիմանամ, երկրորդ՝ ամեն ինչ այնպես է մշակված, որ հարցերի «արտահոսքն» իսպառ բացառվում է»։ Ա. Եզեկյանն էլ համոզված է, որ խաղի ներմուծումը կխթանի Հայաստանում հեռուստաինդուստրիայի զարգացումը, քանի որ այդկերպ փորձ է արվում ինտեգրվելու միջազգային հեռուստաինդուստրիայի կառույցին։ Խաղը կհեռարձակվի շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 20:20- ին։ Նախապես տրված հեռախոսահամարներով (որը կլինի վճարովի) ցանկացողները կզանգահարեն ու կգրանցվեն։ Իսկ հետագայում կոմպյուտերը պատահական կարգով կընտրի 8 մասնակցի։ 2000թ. Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուներից 4-ը դարձան «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասնակից։ Հայաստանում, նախագահական ընտրությունների նախաշեմին խաղի հայկական տարբերակը եթեր չէր հեռարձակվում, դրա համար էլ մեր նախագահացուները զրկվեցին միլիոնատեր դառնալու հնարավորությունից։ Լավ է, որ «սխալը» գոնե կշտկվի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Սակայն, դժվարանում ենք հավատալ, թե պատգամավորության թեկնածու օլիգարխներին կհրապուրի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի շնորհիվ հարստանալու տարբերակը։ Նախ՝ նրանք արդեն միլիոնատեր են, երկրորդ՝ նրանց ինտելեկտուալ հնարավորությունները չեն ների։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել