Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՄԿՈՒՍԻՆ ՆՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԳՑԵԼ»

Մայիս 28,2003 00:00

«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՄԿՈՒՍԻՆ ՆՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԳՑԵԼ» Հարցնում է Խորեն Սարգսյանը Եթե թիվ 31 ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չվերանայվեն, խորհրդարանը կզրկվի անցած նստաշրջանի ամենակոլորիտային պատգամավորներից մեկից՝ Խորեն Թռչունիչից։ Առայժմ ընկեր Սարգսյանը մարտական է տրամադրված եւ բողոքարկման արդյունքների հետ հույսեր է կապում։ Թիվ 31 ընտրատարածքում եւս ընտրությունները ոչնչով չեն տարբերվել այլ ընտրատարածքներից։ Լցոնման, բաց քվեարկության, ընտրակաշառքի, ուժային կառույցների միջամտության եւ այլնի դեպքերն այստեղ եւս կիրառվել են առանց բացառության։ Խորեն Սարգսյանի գնահատմամբ. «ընտրությունները չեն ավարտվել, հանրապետության ամբողջ տարածքում իրականացված կեղծիքները նույնն էին, ինչ որ նախագահական ընտրությունների ժամանակ, մեկ քայլ առաջ էին այն իմաստով, որ խորհրդարանականի ժամանակ խախտումներն ավելի կատարելագործված էին»։ Ընտրությունների օրը տարբեր մակնիշի մեքենաներով ընտրազանգվածը տեղափոխվել է տեղամաս։ Խորեն Սարգսյանի վկայությամբ՝ ուղեկցողները չեն վստահել նախօրոք կաշառված ընտրողներին, նրանց հետ մտել են քվեարկության խցիկ եւ իրենք են նշումները կատարել։ Նման դեպքերը նկարահանվել են «Զանգակ» հեռուստատեսության կողմից։ Ընտրատարածքի շուրջ 15 գյուղերի գյուղապետերը (բացառությամբ 3 հոգու) հանձնաժողովներում եղել են իբրեւ վստահված անձինք։ Ուժային կառույցների միջամտությամբ խիստ նկատելի է եղել ինչպես ընտրության օրը, այնպես էլ դրանից երկու օր առաջ. «երկու օր իրար հետեւից ուժայինները «զրույցի» էին հրավիրում հանձնաժողովների անդամներին ու նախագահներին եւ հատուկ հրահանգներ էին իջեցնում սպառնալիքներով։ Վախի զգացումն այնքան է մտել մեր ժողովրդի մեջ, որ չգիտեմ, թե ինչպե՞ս է այդ զգացումը դուրս գալու, ժողովուրդը դարձել է ստրուկի նման։ Եվ ինչո՞վ են վախեցնում՝ նպաստից կկտրենք, մի խոսքով՝ ճնշումը վերեւից էր. վերին իշխանությունը ճնշում էր մարզպետարանին, մարզպետարանը՝ գյուղապետարանին, եւ այդպես՝ մինչեւ վերջ։ Սա ընտրություն չի, սա պարտադրանք է եւ վախի մթնոլորտի խորացում»։ Խորեն Սարգսյանի մրցակիցը Գեղարքունիքի փոխմարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, որը, ըստ մեր զրուցակցի՝ պաշտոնն օգտագործել է անձնական նպատակներով, քարոզարշավի ընթացքում գյուղերում շրջել է ծառայողական մեքենայով, իբրեւ փոխմարզպետ հանձնարարություններ է տվել դպրոցների տնօրեններին, մի խոսքով՝ չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Փոխմարզպետի գյուղապետ եղբայրն ակտիվ միջամտություն է ունեցել նաեւ քվեաթերթիկները հաշվելու գործընթացին։ Խորեն Սարգսյանն ընտրությունների արդյունքները բողոքարկել է ՏԸՀ-ում, սակայն որեւէ ընտրատեղամաս չի բացվել։ Նա պատրաստվում է դիմել նաեւ ԿԸՀ. «Իմ դիմում-բողոքները սկսվել են մայիսի 24-ից։ Այդ օրը Գեղարքունիքի մարզի Ֆինանսական եւ ծրագրավորման վարչության պետ Արտուշ Ղուկասյանը, որը նաեւ հանձնաժողովի նախագահ է Վերին Գետաշեն գյուղում (այդ գյուղի գյուղապետն էլ իր եղբայրն է), ընտրացուցակները չի տրամադրել, դրանք բերվել են միայն ընտրությունների օրն առավոտյան, որն արձանագրվել է եվրադիտորդների կողմից։ Մայիսի 25-ին, մինչեւ ժամը 14-ը տեղամասում չի եղել նաեւ չհրկիզվող պահարանը։ ՏԸՀ հանձնաժողովի նախագահը (Խլղաթյան), փոխանակ իր պարտականությունները ժամանակին եւ նորմալ կատարի, եկավ ինձ մոտ եւ դժգոհեց, թե ինչու եմ բողոքում, եւ ժամը 14-ից հետո միայն պահարանը բերվեց ընտրատեղամաս։ Այդ նույն տեղամասում 100 քվեաթերթիկ պակաս է եղել, կնիքների հարցում եւս վեճ է եղել»։ Խորեն Սարգսյանի վկայությամբ՝ ընտրություններին միջամտել է նաեւ Ռուսաստանը։ Այս տարածքը հայտնի է արտագնա աշխատանքի գնացողների առատությամբ, եւ Ռուսաստանից երկու հոգի են եկել՝ իրենց հետ բերելով գյուղից բացակայողների անձնագրերը եւ դրանցով քվեարկել։ Խորեն Սարգսյանի պատմած ամենազավեշտական դեպքն այն էր, որ տեղամասերից մեկում կինը քվեարկել է տղամարդու անձնագրով. «մեր շրջանը քաղաքակիրթ շրջան է, մեր կանայք հագնվում են ինչպես մայրաքաղաքում, բայց ընտրությունների էին բերում լաչակներով կապկպված կանանց։ Ամոթ է, եթե այդպես խաբելով ես դառնում պատգամավոր, մի՛ դարձիր, դա ձեւ չի։ Եվ այս ամենի դեմ իշխանություններն աչքը փակում են»։ Կոմկուսը եւս դուրս մնաց խորհրդարանից, եւ սրա արմատները շատ ավելի տեսանելի են, քան թվում է կոմունիստներին։ Խորեն Սարգսյանը, սակայն, բոլորովին այլ կարծիքի է. «իրեն հարգող իշխանությունն այդ քայլին չպետք է գնար, ո՞նց կարելի է կոմունիստական կուսակցությունը նման վիճակի մեջ գցել, ո՞նց կլինի, որ միշտ 12 տոկոսից ցածր չհավաքած Կոմկուսն այսօր ոչ մի պատգամավոր չունենա, չէ՞ որ աշխարհը նայում է, սա անընդունելի է»։ Ըստ Խորեն Սարգսյանի, այսօրվա իշխանությունները քաղաքական հեռատեսություն եթե ունենային՝ Կոմկուսին այս վիճակի մեջ չէին գցի։ Խորեն Սարգսյանը որոշել է այսուհետ եւս լրջորեն զբաղվել քաղաքականությամբ. «Ես ունեմ կուսակցություն, իմ կուսակցությունը շատ արագ մարտունակ է դառնալու, շատ արագ, մենք վեց ամիս հետո կտեսնենք, թե Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ինչ հզորություն կունենա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել