Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ «ԿՔԱՂԱՔԱԿՐԹՎԻ՞»

Հունիս 06,2003 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ «ԿՔԱՂԱՔԱԿՐԹՎԻ՞» Հայաստանում մշակույթին բաժին է ընկնում այնքան, որքան մնում է մյուս բնագավառները «բավարարելուց» հետո, այսինքն, պետբյուջեի «թերմացքը»։ Ասվածի վառ ապացույցն է Հայաստանի Ազգային պատկերասրահի վիճակը։ Մինչ 2002թ. տարեկան տրամադրվում էր 89 մլն դրամ՝ թանգարանի շենքի պահպանության, աշխատավարձերի վճարման եւ մնացած բոլոր հարցերը հոգալու համար։ Այս տարվա հունվարի 1-ից վերաբերմունքը փոքր-ինչ բարեհաճ է դարձել, պատկերասրահին հատկացվող գումարն ավելացել է 12 մլն-ով։ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը «այդքանի համար էլ է շնորհակալ հայրենի կառավարությունից», սակայն խոստովանում է, որ ոչ մի երկրում նման ձեւով ազգային պատկերասրահ չեն պահում։ Առայժմ այստեղ շարունակվում են շինվերանորոգման աշխատանքները, որ կձգվեն մինչեւ սեպտեմբեր, եւ դեռ 2-3 ամիս էլ կտեւի մինչեւ ցուցադրությունը կարգի բերվի։ Պատկերասրահը վերաբացվելուն պես, այցելուներին կներկայանա եւս երկու՝ հունական եւ իրանական սրահներով։ Առաջինի ստեղծմանն աջակցել է «ԱրմենՏելը», երկրորդի բացմանը՝ Իրանի դեսպանատունը։ Ըստ Փ. Միրզոյանի, պատկերասրահի վերանորոգման ընթացքում փակվել են ավելորդ պատուհանները, ինչի շնորհիվ տարածքն ավելի ռացիոնալ կօգտագործվի եւ ճիշտ լուսավորություն կլինի սրահներում։ Պրն Միրզոյանը հավաստիացնում է, որ վերջապես լուծվել է հեռախոսակապի հարցը. «Բոլոր հարկերից կարող ենք կապվել ե՛ւ պահակակետի, ե՛ւ տնօրինության, ե՛ւ գիտական մասի հետ»։ Տնօրենին անհանգստացնում է Ազգային պատկերասրահի տոմսերի ձեռքբերման հարցը։ Նա գտնում է, որ մուտքն այստեղ անվճար պետք է լինի, ինչպես եվրոպական շատ երկրներում. «Որովհետեւ, երբ Ազգային պատկերասրահի համար սահմանում ենք 100-200 դրամ մուտքի տոմս, դա ուղղակի ծիծաղելի է եւ վիրավորական։ Ճիշտը անվճար լինելն է։ Բայց մինչ անվճարին հասնելը՝ հարկ է, որ բուհերն ու դպրոցները պայմանագիր կնքեն մեզ հետ։ Եթե բուհը յուրաքանչյուր ուսանողի համար ամսական 100, իսկ կրթության վարչությունները դպրոցականների համար 50-ական դրամ հատկացնեն, ապա վերջիններս կարող են ամբողջ տարվա ընթացքում անվճար այցելել պատկերասրահ»։ Պրն Միրզոյանի այս բարի ցանկությունը թերեւս դժվար իրականանա, որովհետեւ առանց այն էլ բուհերում դասախոսները զբաղված են սեփական գրքերը ուսանողներին վաճառելով՝ ստուգարք կամ քննություն չնշանակելու սպառնալիքով։ Նրանցից հետ չեն մնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կրթության վարչությունները։ Վերջիններս էլ հմտացել են դպրոցների տնօրենների ու դասղեկների աջակցությամբ համերգի տոմսեր, դրոշմանիշեր, ծանոթ խմբագիրների թերթերը եւ իրենց հեղինակած գրքույկները «սաղացնելու» մեջ։ Փ. Միրզոյանը մտադիր է պատկերասրահի դռները լայնորեն բացել արտասահմանցի հայերի, իսկ շաբաթվա որոշակի օրերին՝ նաեւ թոշակառուների համար։ Որոշել է զբոսաշրջիկներից էլ գանձել տոմսի ամբողջ արժեքը, եւ ա՛յն հաստատ ավելի բարձր կլինի՝ ճիշտ այնքան, որքան Եվրոպայում։ Փ. Միրզոյանի մտահղացմամբ, պատկերասրահում կստեղծվի սրահ, ուր կվաճառվեն հուշանվերներ ու գրականություն արվեստի մասին, իսկ, ա՛յ, 9-րդ հարկում կլինի սրճարան. «Այստեղ եկած մարդը պետք է կարողանա ողջ օրը բովանդակալից անցկացնել։ Եթե հոգնի՝ թող նստի վերեւում, մի գավաթ սուրճ խմի, հիանա քաղաքով ու նորից շարունակի նկարներ դիտել։ Եթե չի ուզում սուրճ խմել, թող գնա իմպրեսիոնիզմի մասին դասախոսություն լսի կամ վճարովի 30-40 րոպեանոց ֆիլմ դիտի»։ Նման եղանակներով պրն Միրզոյանը մտադիր է որոշակի շահույթ ստանալ, եւ այն ծառայեցնել պատկերասրահի բարգավաճմանը, որպեսզի «Ազգային պատկերասրահը իսկապես համահունչ լինի իր անվանը»։ Բայց սա դեռ բոլորը չէ։ «Օրինակ, վերնիսաժում, տարբեր խաղալիքներ ու կուկլաներ են վաճառում եւ տուրիստները սիրով դրանք գնում են։ Մենք էլ նման արտադրություն կկազմակերպենք մեզ մոտ, որ մարդիկ կարողանան Հայաստանից ինչ-որ նմուշ տանել իրենց հետ»,- կարծում է նա։ Ու քանի որ պետությունն առանձնապես հոգ չի տանում պատկերասրահի համար, տնօրենը որոշել է վերոնշյալ ճանապարհներով հավաքված գումարներով ցուցահանդեսներ կազմակերպել ու նույնիսկ հրավիրել. «Դրսում պետք է վստահ լինեն, որ մեծ պատիվ է Ազգային պատկերասրահում ցուցադրվելը։ Ես էլ ցանկանում եմ քաղաքակիրթ ձեւով պատկերասրահն աշխատեցնել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել