Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՉԿԱՅԻՆ

Հուլիս 18,2003 00:00

ԻՍԿ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՉԿԱՅԻՆ Ճգնաժամը խորանալու է աշնանը Մինչ ես կարծում էի, թե «դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտը եւ սկսում է կրկնվել («Առավոտ», 26.12.2001 թ.), Մանուի օրենքի 7-րդ գլխում հանդիպեցի հետեւյալ պահանջներին՝ նախատեսված սեփականատերերի համար. «դուք չպետք է ապրեք մի երկրում, ուր ղեկավարում են ցածր կաստայի մարդիկ, նվաճված է հերետիկոսներից, չպետք է ընկերություն անեք անձեռնմխելիների, տխմարների եւ անպատկառների, ինչպես եւ գերեզմանափորների հետ։ Երկրին, որ բնակեցված է բացառապես ցածրակարգ մարդկանցով, անաստվածներով, ուր չկան երկրորդ անգամ ծնվածներ, սպառնում է արագ եւ լիակատար կործանում»։ Խոստովանենք-չխոստովանենք, Հայաստանի Հանրապետության ներկա կացությունն առանձնապես լավատեսություն չի ներշնչում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում։ Համենայնդեպս, առկա ճգնաժամից, որն ըստ բոլոր նշանների առավել խորանալու է աշնանը, դուրս գալու ոչ մի միջոց չի առաջարկում ո՛չ իշխող վերնախավը, ո՛չ զանազան գործարքներում ճողված ու ճապաղված մտավորականությունը, ո՛չ էլ իշխանափոխության սահմանադրական որոնումներում մոլորված ընդդիմությունը։ Սա հուսահատության այն ձեւն է, որ Կերկեգորը կոչում է հուսահատություն, որ ցանկանում է այդպիսին լինել, այսինքն՝ հաշտ է ստեղծված վիճակի հետ։ Քաղաքագետ ընկերս կարծում է, թե առկա նախադրյալներով իշխանափոխություն կատարելը հեշտ է, միայն թե իշխանափոխություն կատարելու «ստրուկտուրա» չկա, ինչը մեծացնում է արտաքին գործոնների դերակատարությունը։ Առարկությունը՝ թե հարկավոր չէ՞ իշխանափոխություն կատարելու ստրուկտուրա ստեղծել ներսում, ասենք, շնորհիվ ընդդիմության,- ասում է, որ դա նույնպես անհնար է, քանի որ ստրուկտուրա ստեղծվում է իշխանափոխությունից հետո եւ ոչ թե առաջ, ինչպես եղավ 88-ի «թավշյա հեղափոխությունից» հետո եւ ինչպես հիմա ստեղծվում է Իրաքում, դրանից առաջ՝ Աֆղանստանում։ Դատողությունների այս շարքում կարեւոր է ընդգծել արտաքին գործոնների նշանակությունը։ Իսկ դա նշանակում է առաջին հերթին՝ Ղարաբաղ։ Մի այլ դիտանկյունից այսօր կարող ենք արձանագրել, որ ընդդիմության «պարտությունը»՝ անկախ հսկայածավալ ընտրակեղծիքներից եւ տոտալ ճնշումներից, նախեւառաջ կապված էր Ղարաբաղի խնդրում մինչեւ վերջ չհստակեցված դիրքորոշումից. ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ ձեւակերպել, թե ինչ են պատրաստվում անել, եթե իշխանության գան, իսկ երբեմն-երբեմն առաջադրվող կարծիքները, ըստ էության, չէին տարբերվում իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։ Նման պարագայում կույրի համար իսկ պարզ է, որ Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում շահագրգիռ կողմերին՝ առաջին հերթին միջազգային կարգավորիչներին, առավել ձեռնտու է գործ ունենալ չընտրված, ապօրինի, բայց «փորձված»իշխանության, քան ընտրված, օրինավոր, սակայն չփորձվածի հետ, քանզի միջազգային պրակտիկայում օրենքի վերածված ճշմարտություն է՝ նվազագույնի հասցնել անկանխատեսելիության վարկածը։ Կարծում եմ, որ բոլորիս արդեն հասկանալի է, երբ ասում ենք՝ Ղարաբաղի պատրվակով իշխանության եկած ուժեր։ Պարզ, մարդկային լեզվով «Ղարաբաղի պատրվակով», նշանակում է՝ ուժեր, որոնք եկան իշխանության, որպեսզի լուծեն Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Այս դրույթից ելնելով կարելի է վստահաբար պնդել, որ Քոչարյանի՝ 5 տարի առաջ անօրինական ճանապարհով իշխանության գալը միայն Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրը չէր, որքան էլ դաշնակները պնդեն, իսկ հանրապետականները հաստատեն, թե քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը ծախում էր», եկան ուժեր, որոնք թույլ չտվեցին այդ անելու։ Իշխանափոխություն «թույլ տալու» փաստը միաժամանակ հուշում է, որ հանուն այդ խնդրի հանգուցալուծման, միջազգային կարգավորիչները կարողացան աչք փակել նաեւ անօրինականության վրա, որով իշխանության եկավ քոչարյանական ռեժիմը։ 98-ի իշխանափոխության այլ պատճառներ որոնողների համար նաեւ ասենք, որ ոչ ոք առանձնապես չէր հավատում, թե գալով իշխանության, Քոչարյանը պետք է փակված գործարաններ աշխատեցներ, միջազգային պարտավորություն չէր ստանձնել 40 հազար աշխատատեղեր ստեղծելու (մի թիվ, որ մոտ ապ֊ագայոււմ կիսով չափ կցնցի միայն կրթության համակարգում իբր օպտիմալություն կատարելու նպատակով), ոչ էլ որեւէ տեղ երդվել էր, թե իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարելու սեփական ծրագրով։ Ժողովրդավարական լինելու մասին չենք խոսում, քանզի այդպիսի հիմք չէր տալիս ոչ նրա տոտալիտար անցյալը կոմունիստական վարչակարգում, ոչ էլ ավտորիտար ներկան՝ Ղարաբաղում նախագահելիս։ Այնպես որ, Քոչարյանին «իշխանության թողնելու» պատրվակը իսկապես միայն Ղարաբաղն էր, եւ եթե մի բանում նա երդում էր կերել, ապա Ղարաբաղի հարցով, որն անմիջապես «բլեֆ» դարձավ, երբ հայտարարվեց, թե Ղարաբաղը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է։ Եվ դա այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ Հայ Դատը, առավել եւս՝ պահանջատիրությունը միջազգային նորմեր չեն, ու եթե կա մի բան, որ միջազգային է, ապա ինքնորոշման իրավունքը, ինչը պահանջատիրությամբ «ջրվում» է։ Չպետք է մոռանալ, որ անցած 5 տարիներին, երբ Քոչարյանն աշխատում էր իր տարբերակի վրա, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այն նախապես համաձայնեցվա՞ծ էր Ղարաբաղի հետ, թե՞ ոչ։ Եթե համաձայնեցված էր, ինչո՞ւ է հիմա աղմկում Արկադի Ղուկասյանը։ Իսկ եթե համաձայնեցված չէր, ինչո՞ւ այն ժամանակ ծպտուն չհանեց։ Թե՞ այդ ամենը նշանակում է, որ նախապես Ղարաբաղի հետ համաձայնեցված տարբերակն արդեն չի գործելու, եւ Քոչարյանն ընկել է հակամարտության լուծման նոր տարբերակի հետքի վրա։ Այդ մասին, հավանաբար, մասամբ կիմանանք նրա՝ Ֆրանսիայից վերադառնալուց հետո եւ հետագա իրադարձություններից։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել