Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է

Օգոստոս 21,2003 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է «Առավոտը» բազմիցս ներկայացրել է ԱԻՄ-ի գրասենյակների առնչությամբ Պարույր Հայրիկյանի մեկնաբանությունները: Ներկայացնում ենք նաեւ հակառակ կողմերի հակափաստարկները: Ուրեմն՝ ի՞նչ է չարաշահել ԱԻՄ առաջնորդը: … Վարչապետի համբերությունը Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին, քանի որ Պարույր Հայրիկյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահը նրան ՊԱԿ-ի կամակատար եւ գործակալ էր անվանել) անձնական վրեժխնդրությանն էր վերագրել իր գրասենյակների կորուստը: «Ինչ վերաբերում է վրեժխնդրությանը, ապա յուրաքանչյուր ոք թերեւս դիմացինի մասին դատում է այնպես, ինչպես կվարվեր ինքը,- պատասխանեց Մերի Հարությունյանը:- Նույն հաջողությամբ՝ կարելի էր Հայրիկյանի կողմից վրեժխնդրություն որակել քաղաքական դաշտում պարբերական դարձած իր անհաջողությունների, չբավարարված հավակնությունների համար իր այդչափ չարանալը եւ սեփական անհաջողություններն արդարացնելու համար տարբեր հնարքների դիմելը: Լավ է, որ այդ կուսակցության կենտրոնական գրասենյակի հետ կապված դատավարություն է սկսվել եւ բոլորս հնարավորություն կունենանք տեղեկանալ ողջ նախապատմությանը, որտեղ կառավարությունը, վարչապետը կամ իշխանություններն ընդհանրապե՛ս որեւէ կապ չունեն, ինչի մասին արդեն իսկ իրենց հրավիրած ասուլիսում, ինչպես գիտեք, նշել են նաեւ ԱԻՄ-ի հետ դատական վեճի մեջ գտնվող կողմի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: Վանաձորի գրասենյակի վերաբերյալ եւս վերջերս պարզաբանում էր տպագրվել մամուլում, որից պարզ էր դարձել, որ ընդամենն այդ կուսակցության անդամների միջեւ եղած տարակարծությունների պատճառով էր այդ գրասենյակն արժանացել նման ճակատագրի: Ի վերջո, այդպիսի մեղադրանքներ լսելուց հետո լրագրողներն էլ կարող են կատարել հետաքննություն՝ պարզելու, թե ինչն ինչպես է եղել եւ այդ ամենը փաստարկված ներկայացնել հանրությանը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի «գործակալ»-ական հնարքներին, ըստ որոնց ոչ միայն վարչապետը, այլեւ իր իսկ կուսակցությունը վերջերս լքած նախկին ԱԻՄ-ականները, Հայաստանի մի շարք նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, հայրիկյանական չափանիշներով՝ Հայաստանի գրեթե կեսից ավելին գործակալ են, ապա կարծում եմ՝ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Եվ ցանկացած մեկի համար կարող է անլուրջ թվալ այդօրինակ հայտարարություններին արձագանքելը»: Ա. Ի. … Ակադեմիայի համբերությունը 1992 թվականին անժամկետ օգտագործման պայմանով ԱԻՄ-ին է տրամադրվել Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում տեղակայված ՀՀ գիտությունների ակադեմիային պատկանող որոշակի տարածք, որն այժմ, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, ՀՀ կառավարությունն ՀՀ ԳԱԱ-ի ու ակադեմիկոսների «անունից»՝ դատական քաշքշուկի միջոցով ցանկանում է իրենցից ետ վերցնել: 1992թ. ԱԻՄ-ին այդ գրասենյակը տրվել է վարչապետ Հրանտ Բագրատյանի կարգադրությամբ, որին առանձին կարգադրություններով միացել է նաեւ ՀՀ ԳԱԱ-ն, ի դեմս այն ժամանակվա փոխնախագահ Լավրենտի Բարսեղյանի: Պ. Հայրիկյանը մեզ տեղեկացրել էր, թե Լ. Բարսեղյանն իր հետ ունեցած առանձնազրույցում վստահեցրել էր, որ ինքը դեմ է արտահայտվելու ԱԻՄ-ին այսքան տարիներ հետո տարածքից վտարելու ԳԱԱ եւ կառավարության նախաձեռնությանը: Սակայն մեզ հետ զրույցում Լ. Բարսեղյանը հերքեց, թե Հայրիկյանին ինքը նման խոստում է տվել՝ ասելով. «Ես ոչ մեկի հետ այդ մասին չեմ խոսել: Ձեզ հետ եմ այդ մասին առաջին անգամ խոսում: Ոչ ոք ոչ ինձ դիմել է, ոչ էլ ես որեւէ մեկին ինչ-որ խոստում եմ տվել»: Իսկ ինչ վերաբերում է ԱԻՄ-ի գրասենյակն այդ տարածքից հեռացնելուն, ապա Լ. Բարսեղյանը դրան ոչ միայն կողմ է, այլեւ պնդում է, որ դա պետք է արվեր վաղուց, չնայած՝ տարիներ առաջ իր կողմից ստորագրված փաստաթղթին: «Ակադեմիական շենքում չպետք է լինեն օտար կազմակերպություններ ու հիմնարկություններ: Հայրիկյանն ինքը պետք է այդ մասին մտածեր այս տարիների ընթացքում ու իր կուսակցության համար տարածք գտներ: Իսկ նա չարաշահելով Ակադեմիայի վերաբերմունքը՝ ոչ միայն այս տարիների համար վարձավճար չտվեց, այլեւ չզբաղվեց իր համար շենք գտնելու հարցով»,- ասաց Լ. Բարսեղյանը: Հարցին, թե ինչո՞ւ է տարիներ առաջ համաձայնել «ակադեմիական շենքը» անժամկետ պայմանով տրամադրել «օտար կազմակերպությանը», որին միայն այսօր է դեմ արտահայտվում, պրն Բարսեղյանն ասաց. «Տվել էինք այնքան ժամանակով, որ նա իր գրասենյակի հարցը լուծեր, բայց նա դա չարեց»: Ի դեպ, ՀՀ տնտեսական դատարանը երեկ հետաձգեց այս հարցով դատավարությունը: Այն կվերսկսվի սեպտեմբերի 3-ին: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել