Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՇՈՒՐՋ

Օգոստոս 23,2003 00:00

«Ա1+»-Ի ՇՈՒՐՋ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածով հստակ սահմանվում են արտոնագիր տալը մերժելու հիմքերը, ասենք՝ «դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը» կամ «հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն»: ՀՌԱՀ-ը պարտավոր է արտոնագիր տալը մերժելու մասին գրավոր տեղեկացնել դիմողին՝ որոշման ընդունումից հետո 10-օրյա ժամկետում: Այսուհանդերձ՝ այս էլ որերորդ մրցույթն է՝ ՀՌԱՀ-ը ոտնահարում է օրենքի այդ պահանջը: Ահա ընդամենը մեկ օրինակ՝ ապացուցելու համար, որ մրցույթներում այս հանձնաժողովի գործողությունները բնավ օրինականության սահմաններում չեն, ինչի մեջ իշխանություններն ապարդյուն փորձում են համոզել հանրությանը: Ի դեպ, օգոստոսի սկզբին Եվրամիության անդամ մի շարք երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հանդիպել էին «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի ղեկավարների, նաեւ ՀՌԱՀ նախագահի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ, ինչպես Գերմանիայի դեսպանատունն էր հայտնել «Ազատություն» ռ/կ-ին, բերել էր նույն հիմնավորումները՝ «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն արտոնագիր չեն ստացել, քանի որ նրանց ներկայացրած ծրագրում ֆինանսավորումը բավարար չէր: Սրան ի պատասխան՝ դիվանագետները Գրիգոր Ամալյանի ուշադրությունը հրավիրել էին այն փաստի վրա, որ, հանձնաժողովի կարծիքով, միայն ընդդիմադիր կայաններն են վատ ֆինանսավորում ունենում, եւ դա արտոնագիր չտրամադրելու համար արդարացում չէ: Ի դեպ, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ թեեւ վճռական էր տրամադրված «Ա1+»-ի գործարար համբավին վնասելու համար անպայման հերքում պարտադրել «Արմենիա»-յին՝ նահանջեցին: «Ես սա նահանջ չեմ համարում: Ընդհակառա՛կն,- պատասխանեց պրն Մովսեսյանը:- Համարում եմ, որ շահեց լրագրողական համերաշխությունը: Ես նպատակ չունեի նվաստացնել կամ պատժել «Արմենիային»: Միակ նպատակս էր, որ այլեւս չլինեն նման նախադեպեր եւ չխախտվեն լրագրողական էթիկայի ու գործընկերայնության նորմերը: Այդ ամենը շատ եմ կարեւորում, ուստի «Ա1+»-ը երբեւէ ցեխ չի շպրտել որեւէ հեռուստաընկերության վրա: Ընդհակառակն՝ ամենադժվար պահերին միշտ ձեռք է մեկնել բոլորին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել