Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ Է ԲԵՐՈՒՄ

Օգոստոս 28,2003 00:00

ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ Է ԲԵՐՈՒՄ ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը երեկ հարկ համարեց արձագանքել Վահան Հովհաննիսյանի, մեր թերթում հրապարակված, հարցազրույցին: Հիշեցնենք, որ լրագրող Ռուզան Խաչատրյանը ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ի պետական հեղաշրջման փորձի անմիջական վկաներից մեկն է, այլեւ՝ ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից հետո առիթ է ունեցել նկարահանումներ անել խորհրդարանի նիստերի դահլիճում: Ճիշտ այդ ժամանակահատվածում նա եղել է նաեւ ՀՀ ազգային հեռուստատեսության աշխատակից: «Ոչ միայն Վահան Հովհաննիսյանը այլեւ, թերեւս, նաեւ նրա նման մտածողներն ու նրա շրջապատը ժամանակին փորձում էին Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ մեղադրել ընդդիմությանը, իսկ այսօր սարսափելի հանցագործություն կատարելու մեղադրանք են առաջադրում կոնկրետ Արմեն Սարգսյանին՝ չունենալով որեւէ փաստ եւ հիմնվելով միայն, ինչպես իրենք են ասում, էմոցիոնալ ֆոնի՝ չարացածության վրա: Նրանց միակ փաստարկն այն է, որ ընդդիմությունն ու Արմեն Սարգսյանը պետք է որ բացաասական էմոցիաներ ունենային Տ.Նաղդալյանի նկատմամբ: Այդ մարդիկ շատ մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա: Ես չեմ խոսում արդեն անմեղության կանխավարկածը խախտելու մասին»,- նկատեց Ռ.Խաչատրյանը: «27»-ի հետ զուգահեռներ անցկացնելով նա հիշեցրեց, որ նույնիսկ այդ ահաբեկչությունից հետո՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո տուժածներից, զոհվածների հարազատներից կամ մտերիմներից որեւէ մեկն իրեն թույլ չտվեց ինչ-որ մեկի հասցեին այսչափ կոնկրետ մեղադրանքներ առաջադրել, անուններ տալ: Խոսքը գնացել է միայն այդ ահաբեկչությանը ոմանց տեղյակ լինելու, նրանց հնարավոր մասնակցության մասին: Ռ.Խաչատրյանն այս առնչությամբ տիպիկ մի դեպք հիշեցրեց, որի մասին պատմել է նաեւ «27»-ի քրգործի առնչությամբ տված իր ցուցմունքում. «Ահաբեկչությունից ժամեր անց, հոկտեմբերի 28-ին երբ մտա, այն ժամանակ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի աշխատասենյակ՝ տեղյակ պահելու, որ ես ականատես եմ եղել «27»-ի ահաբեկչությանը, նաեւ տեսագրված ժապավեն ունեմ, հավաքված էին մի խումբ մարդիկ, այդ թվում՝ նույն Վահան Հովհաննիսյանը, եւ լավ տրամադրություն ունեին, բարձրաձայն ծիծաղում էին: Այդ պահի համար դա ցնցող էր. տեղի ունեցածից ընդամենը մեկ օր անց ունենալ այդպիսի տրամադրություն, ավելի քան զարմանալի էր: Եթե ես հանցագործ որոնելու այն նույն տրամաբանությամբ առաջնորդվեի, ինչ Վ.Հովհաննիսյանը՝ վկայակոչելով էմոցիոնալ ֆոնը, կամ այլ բան, ապա՝ պետք է հայտարարեի, որ նա եւ իր այն բոլոր ընկերները, ովքեր այդ պահին շատ ուրախ տրամադրություն ունեին, այս կամ այն կերպ անմիջական կապ ունեին «27»-ի իրականացման հետ: Ի դեպ, թեեւ Տ.Նաղդալյանի սպանությունն ու «27»-ը հնարավոր չէ նույն կշեռքի վրա դնել, այդուհանդերձ, վերը նշվածին համանման զուգահեռներ կարելի է անցկացնել նաեւ այդ գործերի առնչությամբ եղած մոտիվների քննարկման միջեւ: Երբ «27»-ի հետ կապված փորձ է արվում վեր հանել Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունների հնարավոր մոտիվը՝ կապված, ասենք, Ռոբերտ Քոչարյանի մենիշխանությունն ամրապնդելու մասին դատողությունների հետ, նույն այն մարդիկ, ովքեր դեմ չեն Տ.Նաղդալյանի սպանությունը Արմեն Սարգսյանի վրա բարդելու համար օդից վերցված մոտիվներ մոգոնելուն, ընդդիմանում են, թե ՀՀ նախագահի դեմ կոնկրետ փաստեր չկան: Ստացվում է, որ կան երեւույթներ, որոնք երկակի ստանդարտներով են գնահատվում, կախված այն բանից, թե ում՝ ինչ է պետք, կախված նրանից, թե կոնյունկտուրան ինչ է պահանջում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել