Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՓԱԿ-ի «Անուշը»

Սեպտեմբեր 05,2003 00:00

ՆՓԱԿ-ի «Անուշը» Նորարար փորձառական արվեստի կենտրոնը որոշեց իր՝ ժամանակակից «Անուշը» ներկայացնել։ Սեպտեմբերի 4-ին եւ 5-ին հայ թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու Սոնիա Պալասանյանի եւ Գագիկ Ղազարեի բեմադրած «Անուշ» օպերայի ժամանակակից հասարակական-հոգեբանական մեկնաբանությունը։ Նոր «Անուշը» հագեցած է զանազան տեսագրություններով, բեմական համր տեսարաններով, օպերային ժամանակակից երաժշտությամբ եւ անգամ բանաստեղծություններով։ Ինչպես տեղեկացրեց ՆՓԱԿ-ի ռոք երաժշտության եւ ճարտարապետության համադրող Սեւադա Պետրոսյանը, իրենց «Անուշը» ստեղծված չէ Թումանյանի սյուժեով, ոչ էլ երաժշտությունն է Արմեն Տիգրանյանինը։ Ըստ համադրողի, նոր «Անուշը» ժամանակակից երաժշտության եւ դասականի համադրություն է, բաղկացած 3 մասից։ Ընդամենը օգտագործված են փոքրիկ էլեմենտներ կոմպոզիտորի օպերայից, կան նաեւ նրա ստեղծագործության էլեկտրոնային փոփոխությունները, որ կատարել է երաժշտագետ Եվա Խաչատրյանը։ Ս. Պալասանյանի «Անուշում» հանդես կգա «Ինցեստ» ռոք խումբը։ «Առավոտի» հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է այս ստեղծագործությունը «Անուշ» կոչվում, Ս. Պետրոսյանը պատասխանեց. «Ուղղակի ներշնչված ենք «Անուշով» եւ կարեւորն այն է, որ ամեն մասնակից «Անուշից» ինչ-որ բան ունի իր մեջ։ Դրա համար էլ այս «Անուշ» օպերայում ոչ թե մի Անուշ է, այլ բազմաթիվ Անուշներ»։ ՆՓԱԿ-ի «Անուշում» ներկայացված են այսօրվա կանանց ու տղամարդկանց փոխհարաբերությունները, խնդիրները, կնոջ դերը հասարակության մեջ։ Ս. Պալասանյանը նշեց, որ իրենց «Անուշը» խիստ տարբեր է օպերային ներկայացումներից. «Ես պարզապես վերցրել եմ մի հին, պարզ պատմություն, վերլուծել եմ այն եւ փորձել եմ ներկայացնել նորովի։ Իմ «Անուշը» շատ մոդեռն է։ Եվ ես խուսափում եմ դասական ծանր գործերից»։ Ըստ տիկին Պալասանյանի, մերօրյա Անուշները բոլորովին այլ խնդիրներ ու հոգսեր ունեն։ Այսօրվա կինը հանուն սիրո չի զոհաբերի իրեն, բայց այսօր էլ «մոդայիկ» բամբասանքները հաստատ կստիպեն, որ նա դժբախտանա։ Ս. Պալասանյանը տեղեկացրեց, որ իրենց «Անուշի» դերակատարներից ոչ մեկը պրոֆեսիոնալ չէ, նրանք տարբեր (ոչ թատերական) բուհերի ուսանողներ են։ Ի դեպ, «Անուշը» Ս. Պալասանյանի 4-րդ ներկայացումն է Հայաստանում։ Նրա մյուս բեմադրությունները եւս մոդեռն բնույթի են, ինչի պատճառով հաճախ չեն ընդունվում հանդիսատեսի կողմից։ Նրան հաճախ մեղադրել են ոչ հայեցի մտածողության ու հոգեբանության համար։ Ս. Պալասանյանի համար կարեւոր են մեր դարի կնոջ պրոբլեմները։ Նա նույնիսկ իրեն մի քիչ ֆեմինիստ է համարում։ Ավելին, ըստ «նորացված» «Անուշի» հեղինակի. «Այսօր ամեն կին ինչ-որ առումով Անուշ է, անկախ նրանից՝ ապրում է Ամերիկայում, Հայաստանում, թե Պարսկաստանում։ Եվ որքան էլ թմբկահարվում է, թե կինն ու տղամարդը հավասար են, ամենեւին էլ այդպես չէ։ Նրանք տարբեր «ճամբարներում» են»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Բնավ դեմ չլինելով որեւէ փորձարարական կամ «մոդեռն» հոսանքի, գտնում ենք, որ «Անուշ» անվանումն օգտագործելը նշանակում է՝ ուրիշի ջանքերով փառք ձեռք բերած անվան (բրենդի) շահագործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել