Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ՝ ՎԵՐՋ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 17,2003 00:00

ԱՅԼԵՎՍ՝ ՎԵՐՋ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ Ըստ Իշխան Զաքարյանի, ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը «վիրահատական միջամտության» կարիք ունի Մեր հենակետային մարզաձեւերի ազգային եւ մյուս հավաքականների գլխավոր մարզիչներն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային կարեւոր մրցաշարերում ձախողումները՝ որպես կանոն, վերագրում էին անհաջող վիճակահանությանը եւ կողմնակալ, անարդար մրցավարությանը։ Բայց այս հեքիաթների ժամանակներն արդեն անցել են։ Նյու Յորքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այս անգամ ներկա եղավ նաեւ Սպորտպետկոմի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ իր աչքով տեսավ իրականությունը։ Երեկ նա իր մոտ հրավիրեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների. «Երբ ամեն անգամ այդ մարզիչները պատմում էին, թե մենք փոքր ազգ ենք ու գրանդների պայքարում ոտնատակ ենք լինում, անկեղծորեն հավատում էի։ Այս անգամ որոշեցի անձամբ ներկա լինել ու տեսնել, թե ինչն ինչպես է կատարվում։ Ու ճիշտն ասած, անակնկալի եկա։ Նյու Յորքում թե՛ վիճակահանությունը, թե՛ մրցավարությունը մեզ համար իդեալական էր։ Այնպես որ, ոչ ոք հիմա ինձ չի կարող հակառակի մասին նույնիսկ ակնարկ անել։ Մրցելույթների գրաֆիկի տեսակետից ամեն բան այնպես էր դասավորվել, որ արդեն մտածում էի, թե օլիմպիական վարկանիշները տղաների գրպանում են ու առջեւում բացվում են նաեւ մեդալների հեռանկարներ։ Բայց կատարվեց ինձ համար անսպասելին։ Երկրորդ իսկ գոտեմարտում մեր երեք ամենատիտղոսավոր ըմբիշները խայտառակ ձեւով պարտվեցին։ Եվ այն, ինչի ականատեսը եղա անձամբ, ինձ բերեց միանշանակ եզրակացության. Հայաստանում մարզված ըմբիշների ֆիզպատրաստականությունը զրոյական է ու դրա գլխավոր մեղավորը հավաքականի գլխավոր մարզիչն է ու նրա օգնականները։ Ըմբիշներն իրենց վարպետությամբ, տեխնիկայով առնվազն հավասար են իրենց մրցակիցներին, իսկ մի քանի չափանիշներով, ասենք, մրցափորձ, արագություն, նույնիսկ գերազանցում են բոլորին։ Բայց այս ամենի կողքին աղետալի վիճակում է նրանց ֆիզպատրաստվածության աստիճանը։ Յուրաքանչյուրն իր մենամարտի՝ հենց սկզբում, քանի դեռ ուժերը ներում են, միավորների զգալի պաշար է հավաքում, այնքան, որ դրանից հետո պարտվելու մասին մտածելն անգամ անհեթեթություն է թվում։ Այդպես շարունակվում է 2-3 րոպե։ Դրանից հետո նրանք այլեւս ուժասպառ են լինում ու հաջորդ 3 րոպեների ընթացքում՝ կորցնում ավելի շատ։ Ավելին, աշխարհի անցած տարվա չեմպիոն Արամ Մարգարյանն առաջին հաղթանակը հրաշքով տոնելուց հետո, հաջորդ օրը երկու րոպե էլ չդիմադրեց գրեթե անհայտ հնդիկ երիտասարդ մրցակցին ու 0։12 հաշվով խայտառակ պարտություն կրեց։ Գրեթե նույնը կատարվեց նաեւ Նյու Յորքում գորգ մտած բոլոր ըմբիշների մեջ ամենատիտղոսավոր, աշխարհի եռակի ու Եվրոպայի չեմպիոն Արայիկ Գեւորգյանի հետ։ Չնայած Մարտին Բերբերյանը նույնպես նույն պատճառով նախնական փուլի արգելքը չհաղթահարեց, բայց նա բոլորից ավելի շատ ունի ոչ միայն հետագայում ուղեգիր նվաճելու, այլեւ, բացառված չէ, օլիմպիական մեդալ նվաճելու ներուժ։ Մտածում եմ, որ օլիմպիական ուղեգիր կունենանք նաեւ 66 եւ 74 կգ քաշային կարգերում։ 66-ում ինձ շատ դուր եկավ տակավին երիտասարդ Ժիրայր Հովհաննիսյանը։ Նա ունի մարզական չարություն, աճելու լավ տվյալներ»։ Պատասխանելով իր մտադրությունների մասին հարցին, պրն Զաքարյանն ասաց. «Հավաքականում կադրային՝ թե՛ մարզչական, թե մարզիկների լուրջ փոփոխություններ պետք է կատարել։ Պատկերը, չնայած հիմա տխուր է, բայց ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը հեռանկար ունի։ Ամեն բան կարելի է շտկել, եթե «վիրահատական միջամտություն» անենք։ Հակառակ դեպքում՝ ոչինչ էլ չի ստացվի»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել