Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԻՐԻՆ ԿՆՍՏԻ՞ ՑՄԱՀ

Հոկտեմբեր 25,2003 00:00

ՆԱԻՐԻՆ ԿՆՍՏԻ՞ ՑՄԱՀ «Հոկտեմբերի 27» քրեական գործով մեղադրող Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Էդիկ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի, Դերենիկ Բեջանյանի, Աշոտ Կնյազյանի, Համլետ Ստեփանյանի նկատմամբ արված իրենց միջնորդությունը։ Մեղադրողները առաջին հինգի նկատմամբ միջնորդեցին ցմահ ազատազրկում, Կնյազյանի նկատմամբ՝ 15, Ստեփանյանի՝ 14 տարվա ազատազրկում։ Ըստ ամենայնի, ցմահին պատրաստ չէր նախկին բժիշկ Էդիկ Գրիգորյանը։ Նա անհանգիստ շարժումներ արեց, ապա կարծես ուզում էր ինչ-որ բան ասել։ Մեղադրողը նաեւ միջնորդեց, որ ամբաստանյալներից հօգուտ պետբյուջեի բռնագանձվի ԱԺ-ին հասցված 9 մլն 789565 դրամ նյութական վնասը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատական նիստի ընթացքում հրաժարվեց իր պաշտպանից՝ Հայաստանի փաստաբանների միության անդամ Սամվել Մարտիրոսյանից, որից իրավաբանական օգնություն հասցրեց ստանալ ընդամենը 2 ամիս։ Հիշեցնենք, որ Ն.Հունանյանը այս պաշտպանին չափածո ձոներ էր նվիրել, անգամ խոստացել էր «արցունքները սրբել» եւ «ականջները մաքրել»։ Դատարանը բավարարեց նրա ցանկությունը եւ հրաժեշտ տվեց հերթական պաշտպանին։ Դատարանի դահլիճում էր գտնվում նաեւ տուժող, ԱԺ նախկին պատգամավոր Արամայիս Բարսեղյանը, որին «Առավոտը» դիմեց հարցով. «Արդյոք հանդե՞ս է գալու ճառով»։ Նա ասաց, որ հետեւում է դատական վիճաբանությունների փուլին եւ պատրաստում իր ճառը։ Տուժողների ներկայացուցիչներին հատկապես զայրացրել էր մեղադրող Կորյուն Փիլոյանի մեղադրական ճառի հետեւյալ հատվածը. «Կարծում ենք, ակնհայտորեն բռնության հետեւանք չէին ամբաստանյալ Նաիրի Հունանյանի կողմից տուժող Կարեն Դեմիրճյանի, Ռուբեն Միրոյանի սպանության մեղադրանքից հրաժարման փորձերը, բոլորովին պատահական չենք համարում եւ փորձում ենք ներողամտորեն վերաբերվել «մեր կողմում հանդես եկող» դատավարության առանձին մասնակիցների վարքագծին, որը հնարավորություն տվեց Նաիրի Հունանյանին դատական քննության ավարտին նման դիրքորոշում ներկայացնելու։ Պատահական չէ, որ ամբաստանյալների դիրքորոշումը ԱԺ նիստերի դահլիճում կատարած սպանությունների կապակցությամբ փոխվեց դատավարության հատկապես վերջին փուլում, որը, մեր խորին համոզմամբ, արդյունք էր, մեղմ ասած, Հունանյան-Յունոշեւ-Լեւոն Եղիազարյան «դաշինքի»։ Տուժողների գնահատմամբ, իրենք գործ ունեն Հունանյան-մեղադրողներ կոալիցիայի հետ, ուստի խոստացան պատասխանել մեղադրականում տեղ գտած ձեւակերպմանը սպասվող ճառի ժամանակ։ Մեղադրական ճառի մեջ մեղադրողները նաեւ այսպիսի մի միտք էին արտահայտել. «Որեւէ միջամտություն չի եղել ամբաստանյալների նկատմամբ, որպեսզի ամբաստանյալները, առավելապես՝ Նաիրի Հունանյանը շոշափի գործի հետ չառնչվող մարդկանց անուններ։ Ամբաստանյալ Ն. Հունանյանի կողմից հենց այնպես, անհիմն կարգով Վիկտոր Դալլաքյանի անունը շոշափելը կատարվեց ձեր եւ հասարակության աչքի առաջ, ակնհայտորեն, առանց բռնություն կիրառելու»։ Մեղադրական ճառից դժգոհ էր նաեւ Էդիկ Գրիգորյանի պաշտպանը՝ Փաստաբանների միջազգային միության անդամ Կարո Աղաջանյանը։ Նա ճառը նմանեցրեց մեղադրական նոր եզրակացության հետ եւ նկատեց. «Հիմնավոր փաստարկ բերեցին, որ չպիտի սպանեին (որ եկել էին ԱԺ «ապստամբություն անելու» եւ վարչապետի հրաժարականը տալու), սակայն մեղադրողները ենթադրություններ արեցին, որ ամբաստանյալները պիտի սպանեին»։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 29-ին։ Հնարավոր է, որ 91 տուժողներից մի քանիսը հիշելով իրենց կարգավիճակը, ցանկություն ունենան հանդես գալու ճառով։ Նախագահող Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ նրանք բոլորը ծանուցվելու են ճառով հանդես գալու համար։ Ցինիզմի դրսեւորում կարելի է համարել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վերջին խնդրանքը։ Նա ասաց, որ ցանկանում է ունենալ պաշտպան, որը զերծ լինի իշխանական ճնշումներից։ Եվ խնդրեց տուժողների ներկայացուցիչներ Օլեգ Յունոշեւին եւ Լյովա Եղիազարյանին՝ օգնել պաշտպան գտնելու հարցում։ Դատավոր Ս. Ուզունյանը հենց տեղում մերժեց խնդրանքը՝ հաշվի առնելով դատական վիճաբանությունների ներկա փուլը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել