Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում

Հոկտեմբեր 30,2003 00:00

Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններն այլեւս անցյալ են, եւ ինչպես բազմիցս նշվել է, առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացի նկատելի ակտիվացում է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում գերիշխող է տրամադրվածությունը, թե արդեն իսկ հասունացել է այն ժամանակը, երբ կողմերը, ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իրենց երկրների եւ սերունդների առջեւ, պետք է իրենց մեջ ուժ գտնեն փոխհամաձայնության գալու համար: Ըստ որոշ աղբյուրների, միջնորդները, սակայն, գիտակցում են, որ այդ բանն ուղղակի անհնար կլինի, քանի դեռ հասարակական գիտակցության մեջ երկուստեք արմատախիլ չի արվել «քանի որ եղել են զոհեր, ուրեմն ոչ մի զիջում» մտայնությունը: Ըստ այդմ՝ նշվում է, թե միջնորդների հիմնական նպատակը կայանում է՝ հակամարտողների գերբեւեռացված դիրքորոշումները գեթ որոշ չափով միմյանց մոտեցնելու մեջ, ուստի այս անգամ նրանք խիստ հետեւողական են լինելու կողմերին համոզելու գործում: Զարգացնելով հասարակություններին հոգեբանորեն փոխզիջման գաղափարը մարսելի, հետեւաբար՝ ընդունելի դարձնելու անհրաժեշտության թեզը, վերոհիշյալ աղբյուրները հիշեցնում են, որ ցայժմ աշխարհում չի եղել որեւէ հակամարտություն, որի կարգավորումը լիակատար կերպով բավարարեր կողմերին: Մեզ հասած տեղեկատվության մեջ պնդվում է, թե պետք է հստակ գիտակցվի, որ կարգավորման գինը որեւէ կողմի ուզածի առնվազն 50 տոկոսն է: Հետաքրքիր է, որ այս համատեքստում բերվում է Հայաստանին ճանապարհային կոմունիկացիաներ տրամադրելու օրինակը: Դրա համար, ըստ նույն աղբյուրների, պետք է Ադրբեջանին վերադարձվի 7 շրջաններից առնվազն 4-ը (դրանց ներկայիս կարգավիճակն ու անվանումները չեն ճշտվում): Հակառակ դեպքում, համոզվածություն է հայտնվում, որ կոնկրետ Հայաստանը անորոշ ժամկետով կզրկվի տնտեսական լիարժեք զարգացման հեռանկարից, քանզի դեպի արտաքին աշխարհ ելքի՝ նրա ունեցած վրացական եւ իրանական ճանապարհները խիստ անբավարար են զարգացման համար: Շոշափվում է նաեւ բանակցությունների առաջիկա փուլում ԼՂ-ի՝ իբրեւ ինքնուրույն բանակցող կողմի հանդես գալու թեման: Այս առումով կրկնվում է այդ հարցի շուրջ ԵԱՀԿ միջնորդների դիրքորոշումը: Այն է՝ հակամարտության մեջ ներքաշված են 4 շահագրգիռ կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանը, ԼՂ հայերը եւ ԼՂ ադրբեջանցիները, ուստի, պետք է հաշվի առնվեն բոլոր թվարկված կողմերի շահերը: Այդուհանդերձ, մեր աղբյուրները հիշեցնում են, որ գոնե 1998-ից մինչ այս պահը Ստեփանակերտը դեմ չի եղել, որ բանակցություններում իրեն ներկայացնի Երեւանը: Պետք է նշել, որ ուշագրավ է համարվում (թեեւ որեւէ կերպ չի մեկնաբանում) նաեւ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է ուղղակիորեն, առանց ՀՀ միջամտության, բանակցել ԼՂ-ի հետ, ինչին, ի դեպ, դեմ չէ նաեւ Ղարաբաղը: Միով բանիվ, բավականաչափ հավաստի այդ աղբյուրները համոզված են, որ ամեն ինչ, առաջին հերթին, կախված է հենց կողմերից: Բայց թե հաջողության արդյունքը, թե ձախողման ծանրությունը դարձյալ կրելու են կողմերը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել