Լրահոս
Օրվա լրահոսը

6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Դեկտեմբեր 03,2003 00:00

6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Ըստ դատավճռի, Աշոտ Կնյազյանը «27»-ի գործում երկրորդական դերակատար չէր «Հոկտեմբերի 27» քրեական գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հրաչիկի Հունանյանների, Էդուարդ Գրիգորի Գրիգորյանի, Վռամ Վարազդատի Գալստյանի, Դերենիկ Գրիգորի Բեջանյանի, Աշոտ Զավենի Կնյազյանի եւ Համլետ Հրաչիկի Ստեփանյանի դատավճիռը։ Դատարանը վճռեց ցմահ ազատազրկման դատապարտել 6 ամբաստանյալներին, իսկ 7-րդ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանին՝ 14 տարվա ազատազրկման։ Չնայած մեղադրողները ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին միջնորդել էին 15 տարի ազատազրկում, դատարանը բարձրացրեց պատժաչափը եւ վերջնական պատիժ սահմանեց ցմահ ազատազրկումը։ Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանի հարեւան եւ ՌԱՖ ավտոմեքենայի վարորդ Աշոտ Կնյազյանը ԱԺ էր տեղափոխել հանցագործներից մեկին, բայց խորհրդարան ներխուժած հնգյակի մեջ չէր մտնում։ Ըստ դատավճռի, ԱԺ շենքին պատճառած նյութական վնասը ամբողջությամբ պետք է վերականգնվի ամբաստանյալներից՝ բռնագանձելով 9 մլն 789565 դրամ՝ հօգուտ ԱԺ-ի։ Դատարանը տնօրինել էր իրեղեն ապացույցները։ Դատավճռի եզրափակիչ մասի հրապարակումը տեւեց կես ժամ։ «Հնարավորություն կտրվի դատավճիռը հրապարակելու ԶԼՄ-ներով, որպեսզի հանրությունը տեղյակ լինի»,- դատաքննությունն ավարտված համարելով, ասաց դատավոր Սամվել Ուզունյանը։ Դատական վերջին նիստին ներկա էին տուժողներ Անդրանիկ Մանուկյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներից դահլիճում էին գտնվում միայն Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալներ Էդիկ Գրիգորյանի պաշտպանը՝ Կարո Աղաջանյանը եւ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ավետիսյանը։ Մինչ դատավճիռը կլսվեր, ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հիստերիկ տոնով, բղավելով ասում էր, թե ինքը վերաքննիչ բողոք է ուզում բերել եւ գործից փաստաթղթեր է պահանջում, փորձելով խանգարել դատավճռի հրապարակումը։ Դատավճիռը լսելուց հետո, կրտսեր Հունանյանը ոտքով հարվածեց դատախցիկի դռանը։ Կնյազյանն ակնհայտորեն հանկարծակիի եկավ, անհանգիստ շարժումներ էր անում։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աշոտ Կնյազյանին ցմահ ազատազրկման դատապարտելուն, երբ մեղադրանքի կողմն առաջարկել էր 15 տարվա ազատազրկում, պատասխանեց. «Դատարանն ինքն է որոշում, թե որ ամբաստանյալին ինչ պատիժ տա։ Դատարանը խորհրդակցական սենյակում համադրելով գործով ձեռք բերված հանգամանքները, գտել էր, որ նրա մեղքի չափը նրանց հավասար է։ Համապատասխան եզրահանգման էր եկել, որ պետք է պատիժը սահմանվի այն չափով, ինչ չափով հանցագործության հիմնական մասնակիցներինն է։ Նա էլ է համարվել հիմնական մասնակից։ Դատարանը փաստորեն հաշվի է առել Կնյազյանի վարքագիծը ի սկզբանե»։ «Առավոտը» փորձեց տուժող Հերմինե Նաղդալյանից իմանալ՝ բավարարվա՞ծ է դատավճռից։ Ըստ Հ. Նաղդալյանի. «Այս գործի մեջ ավել կամ պակաս մեղավոր ասածը պայմանական է։ Դատարանը մաքսիմալ ազատազրկման դատապարտեց, գործող օրենքի սահմաններում խիստ արդարացի վարվեց»։ Մի հանգամանք, որի մասին, կարծես, դեռ չի ասվել։ Երկու տարի 8 ամիսների ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել դատարանի դահլիճում եւ դրանից դուրս, շնորհիվ հասարակական կարգի պահապանների։ Երեկ դիմեցինք նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանին, թե ո՞ր ստորաբաժանումներն էին ներգրավվել այս գործում։ Ըստ Հ. Վարյանի, օգտագործվել են պարեկապահակետային ծառայության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության, քրեական հետախուզության աշխատակիցների ու կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի ուժերը։ «Լավ կլիներ, որ այդ ուժերը օգտագործվեին հասարակական կարգի պահպանման գործում, դատարանից դուրս»,- ասաց փոխոստիկանապետը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել