Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ընտրում քաղծառայողին

Դեկտեմբեր 23,2003 00:00

Ո՞վ է ընտրում քաղծառայողին «Խորհրդարանական ընտրություններից հետո 13 համակարգային ղեկավար է փոխվել, բայց նրանց աշխատակազմերում քաղծառայողի փոփոխություն չի եղել»: Երեկ նման հուսադրող հայտարարությամբ հանդես եկավ Քաղծառայողության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ համակարգի աշխատակազմերի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։ 2-3 ամիսը մեկ անցկացվող խորհրդակցությունների նպատակն է վերհանել առկա հիմնախնդիրները, սակայն երեկ տպավորություն ստացանք, որ համակարգի երկամյա պատմության մեջ թերությունների մասին խոսվում է առաջին անգամ։ Խորհրդակցության ընթացքում նախագահ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը համարակալած ներկայացրեց իր հայտնաբերած խնդիրները։ Դրանք են՝ 1. ցածր պաշտոնների համար տեղերում անցկացվող մրցույթների արդյունքները նրա (եւ ոչ միայն նրա) տպավորությամբ կանխորոշված են, 2. ժամանակն է, որ հաղթող ճանաչվի միայն մեկ, ոչ թե մի քանի թեկնածու, որպեսզի հիմնարկի կամ բաժնի ղեկավարները հնարավորություն չունենան սեփական քմահաճույքով նրանցից ընտրություն կատարելու, 3. մրցութային թեսթերի 500 առաջադրանքը չափազանց քիչ է եւ պետք է բարձրացնել ինտելեկտուալ պատնեշը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մյուս տարի հարկային-մաքսային մարմինների պաշտոնյաները նույնպես անցնելու են քաղծառայողի մրցույթով։ Բացի այդ, խոստացավ. «Եթե նախագահի ուշադրությունը պետք է ձեր որեւէ խնդրի լուծման համար՝ ասեք, ես կզեկուցեմ»։ Մյուս ելույթ ունեցողները նշեցին, որ վերջերս մրցույթների անցկացմանը մասնակցելու «հավեսը» կորցրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց համար հանձնաժողովներում սահմանված են պարտադիր տեղեր։ Իսկ դա կխանգարի ձայների քվեարկության ժամանակ քվորում ապահովելուն եւ ընդհանրապես հասարակության մասնակցությանը «բաց, թափանցիկ եւ արդար» մրցույթներին։ Խորհրդակցության մասնակիցները չէին հասկանում ՀԿ-ների պասիվության պատճառները, միայն նստածներից մեկն էր քաջատեղյակ, թե «մուֆթա գործ ա, խի՞ կգան»։ Մինչեւ տարեվերջ նախատեսված շուրջ 1000 մրցույթից (երկու տարվա ընթացքում) 100-ը չի անցկացվել տարբեր պատճառներով։ Վերջին երեւույթն առկա է հատկապես բնապահպանության, առողջապահության, ավիացիայի եւ մի շարք այլ ոլորտներում։ Մինչեւ խորհրդակցությունն սկսելը, Մ. Բադալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում ոչ մի ղեկավարից չի ստացել բողոք, որ այս կամ այն քաղծառայող չի համապատասխանում իր աշխատանքին եւ որ բոլոր քաղծառայողները լիարժեք պաշտպանված են իրենց պետերի սուբյեկտիվ, քմահաճ վերաբերմունքից։ Ի դեպ, համակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ մրցույթների ժամանակ աշխատակազմի ղեկավարի եւ համապատասխան բաժնի պետի միջեւ առաջանում են պրոբլեմներ. յուրաքանչյուրն ունի իր նախընտրած թեկնածուն։ Իսկ եթե հաղթի բաժնի պետի չուզա՞ծը. ինչպե՞ս է քաղծառայողն աշխատելու այդ բաժնում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել