Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորություն «Վիագրայով» եւ «Մարկիզայի» հետ

Հունվար 21,2004 00:00

Ուղեւորություն «Վիագրայով» եւ «Մարկիզայի» հետ Մեր հատուկ օտարամոլության վառ ապացույցը արագ տեմպերով ավելացող տաքսի ծառայությունների անվանումներն են։ Նախ արձանագրենք, որ ոչ մի պետական հաստատությունում չկա տաքսի ծառայությունների քանակի մասին հստակ պատկերացում։ Սա նաեւ այն պատճառով, որ որոշ ընկերություններ, ուղեւորափոխադրումներին զուգահեռ, մատուցում են նաեւ այլ ծառայություններ։ Ըստ մեր հաշվարկների, Երեւանում գործում է առնվազն 4 տասնյակ տաքսի ծառայություն, հիմնականում՝ էկզոտիկ ու երեւակայությունից դուրս անուններով։ Օրինակ. տաքսի «Պեգաս» ու «Ֆայտոն», «Պրինց» ու «Մարկիզա», «Կրիստալ» եւ «Օմեգա», «Համար I-ին» եւ «Բարին ընդ ձեզ»։ Առավել վառ երեւակայություն ունեցողներն էլ իրենց ավտոձեռնարկությունները կնքել են «Սիմ-սիմ», «Պրեստիժ» (հեղինակություն), «Դրիմ» (երազանք), «Ֆրիստայլ», «Love+», «Վիագրա» անուններով։ Ընդ որում, ռադիոգովազդում ասվում է. «ինտելեկտուալ տաքսի՝ «Վիագրա»։ Հավանաբար, ենթադրվում է, որ «Վիագրան» բարձրացնում է նաեւ ինտելեկտը։ Սակայն, եթե այս ընկերությունների հիմնադիրները, ղեկավարները նախընտրել են օտար, բայց գոյություն ունեցող բառեր օգտագործել (երբեմն անգլերեն բառի հայատառ տարբերակը), ապա «Իսիս», «Տանտա», «Վոլռուս», «Էդիպ», «Օկտան+» անվանումների իմաստը խորհելու տեղիք է տալիս։ Այս անվանումները ոչինչ չեն ասում կամ նշանակում։ Կամ էլ նշանակում են մի բան, որ միայն անվանակոչողները գիտեն։ Պակաս շիլաշփոթ չէ նաեւ տաքսի ծառայությունների անգլիատառ անվանումների «բաժնում»։ Օրինակ, տաքսի «San», «Weg», «Ars», «Avis», «Artvin», «Endaxi» եւ այլն։ Լատինական տառերի այս հաջորդականությունները երբեմն ոչինչ չեն նշանակում ոչ հայերեն, ոչ էլ որեւէ այլ հայտնի լեզվով։ Հայերեն անվանումների մեջ բացառիկ է «Դաշինք» տաքսի ծառայությունը։ Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Հովհաննես Սարոյանը տեղեկացրեց, որ ձեռնարկություն գրանցելիս ե՛ւ գրանցման հայտը, ե՛ւ գրանցման անվանումը պետք է լինեն հայերեն։ Հակառակ դեպքում, Լեզվի տեսչությունը կարող է դիմել դատարան եւ, համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենքի, գրանցողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի չափով, եթե սովորական քաղաքացի է, եւ 10-25-ապատիկի չափով, եթե պաշտոնյա է։ Նույն իրավախախտումը կրկնելու դեպքում գրանցողը կտուգանվի քիչ ավելի մեծ չափով։ Սակայն դատելով անգլիատառ, անգլերեն անվանումների առատությունից (ոչ միայն ուղեւորափոխադրումների ոլորտում, այլ նաեւ խանութների եւ այլ ձեռնարկությունների ու ընկերությունների), Հայաստանի գործարար աշխարհում հայերենը առանձնապես պահանջարկ չունի։ Իսկ նվազագույն աշխատավարձի 25-ապատիկն էլ առանձնապես մեծ գումար չէ, որ գործարարներին ետ պահի միայն իրենց հասանելի էկզոտիկային տրվելուց եւ Հայաստանի պետական լեզուն՝ հայերենը աղավաղելուց։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել