Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ՞ ԱՊԱՐԱՆՅԱՆ ԿԼԱՆ

Փետրվար 24,2004 00:00

ԿԱ՞ ԱՊԱՐԱՆՅԱՆ ԿԼԱՆ «Մենք պետք է կողմնորոշենք մեր հայրենակիցներին եւ արտահայտենք մեր կարծիքը: Մեր ձայնը պետք է տայինք մեր նախընտրած թեկնածուին: Մեզ համար միեւնույն չէ, թե ով կլինի մեր գյուղապետը, քաղաքապետը, մեր համայնքապետը, մեզ համար միեւնույն չէ, թե ով կլինի մեր տարածաշրջանի պատգամավորը, առավել եւս՝ մեզ համար միեւնույն չէ, թե ով կլինի մեր երկրի նախագահը»,- «Նիգ-Ապարանի» խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Ապարանցիները նախագահի ընտրության ժամանակ հայտարարություն արեցին հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Ու թերեւս դա նկատի ուներ պրն Հովսեփյանը, երբ հայտարարում էր. «Մենք ճիշտ կողմնորոշեցինք մեր տարածաշրջանի բնակիչներին, մեր հայրենակիցներին: Եվ մշտապես այս աշխատանքներն այսուհետ նույնպես շարունակելու ենք»: Արդյոք սա «Ընտրական օրենսգրքի»՝ քարոզչությանը բարեգործական կազմակերպությունների մասնակցությունն արգելող դրույթի խախտո՞ւմ չէ: Միության ղեկավարները հիմնադիր համագումարում հայտարարում էին, թե չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, եւ ձգտելու են լուծել միայն Ապարանին առնչվող խնդիրները՝ մեր այս հարցերին Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Ո՛չ, դա խախտում չէ: Բացի այդ՝ միության կանոնադրության 2-րդ գլխում նշված է. «Նպաստել հանրապետության եւ ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես եւ առողջ կարծիքի ձեւավորմանը»: Ուստի ուղղակի կատարել ենք մեր կանոնադրական խնդիրը եւ պարտավո՛ր ենք ճիշտ կողմնորոշել մեր տարածաշրջանի ազգաբնակչությանը»: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հաշվետվության մեջ առանձնակի նշվեց. «Շատ կարեւոր էր նաեւ Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրության խնդիրը: Հատկապես այս վերջին ընտրությամբ կազմակերպությունը հաստատեց, որ կարող է եւ ունակ է ցանկացած խնդիր իր առջեւ դնելու եւ կատարելու»: Մեր հարցին՝ սա նշանակո՞ւմ է արդյոք, թե իշխող ՀՀԿ-ից ավելի հզոր եք՝ «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը պատասխանեց. «Մենք կուսակցություն չենք: Ուղղակի Աջափնյակում բնակվում են առավել շատ մեր հայրենակիցները՝ 56 հազար ապարանցի: Եվ մենք նրանց խնդրեցինք, որ իրենց ձայնը տան հայրենակցականի կողմից առաջադրված թեկնածուի օգտին»: Այնուամենայնիվ՝ հենց այդ ընտրությունից հետո շրջանառության մեջ դրվեց «ապարանյան կլան» արտահայտությունը: Աղվան Հովսեփյանն ասաց, թե ճշտել է՝ այդ արտահայտությունն իրականում օգտագործել էր ոչ թե Աջափնյակի համայնքապետի թեկնածու Արման Սահակյանը, այլ լրագրողը, որը նրա հետ հարցազրույց էր վարել. «Սա ուղղակի լրագրողական չարագործ միտում էր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել