Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերում չթողնել ինքնորոշման իրավունքը»

Փետրվար 25,2004 00:00

«Ստվերում չթողնել ինքնորոշման իրավունքը» Թերի Դեւիսին հորդորում էին Հայաստանում ԵԽ ԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը երեկ օրվա երկրորդ կեսին վերադառնալով Ղարաբաղից, Երեւանում հանդիպումներ ունեցավ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից եւ այլ բնակավայրերից բռնագաղթած հայ փախստականների հետ։ Երեկոյան Թերի Դեւիսը հանդիպեց ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը։ Ըստ էության, ինքնըստինքյան լուծվեց ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների հետ հանդիպման հարցը, քանի որ ժամանակի սղության պատճառով Թերի Դեւիսը հնարավորություն չունեցավ հանդիպել խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ։ ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը բրիտանացի խորհրդարանականին բավականին մանրամասն ներկայացրել է հայ խորհրդարանականների պահանջները, որոնք, ցանկալի է, որ հաշվի առնվեն Ղարաբաղի մասին ԵԽ ԽՎ զեկույցում։ Տիգրան Թորոսյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ ամեն ինչ անել, որ պատկերը լիարժեք լինի, նաեւ լիարժեք ներկայացվեն հիմնախնդրի առաջացման դրդապատճառները։ Բնականաբար, պրն Դեւիսն ասում էր, որ ինքը պատմական փաստաթուղթ չի պատրաստելու։ Մենք եւս համաձայն ենք, բայց այլ խնդիր կա՝ այդ փաստաթղթում, եթե հիմնախնդրի առաջացման պատճառները չնշվեն, թեկուզ համառոտ անդրադարձ չլինի այս ամբողջ ընթացքին, ուրեմն զեկույցը լիարժեք չի լինի»։ Թերի Դեւիսին ներկայացվել են այն հիմնական մոտեցումները, որոնք ըստ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, պետք է անպայման տեղ գտնեն զեկույցում։ Պրն Թորոսյանը «Առավոտի» խնդրանքով թվարկեց այդ մոտեցումները. «նախ հարկավոր է հիշել, թե ինչպես առաջացավ Ղարաբաղի խնդիրը։ Հաջորդը՝ պիտի հստակ ներկայացվի, թե ԼՂ ԱԺ-ի իրավական հարցադրումը ժամանակին ինչպիսի պատասխան ստացավ Սումգայիթում, եւ այս մոտեցումը նկատելի է ամբողջ պատմության ընթացքում։ Որեւէ մեկը իրավունք չունի տարածքային ամբողջականության սկզբունքները պաշտպանելով, ստվերում թողնել ինքնորոշման իրավունքը։ Հաջորդը՝ հակամարտությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, ԼՂՀ-ն պետք է անպայման դիտվի որպես բանակցությունների հիմնական կողմ, առավել եւս այսօր, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ ամեն ինչ պետք է սկսի զրոյից։ Ակնհայտ է, որ Հայաստանի ժամանակին ունեցած մոտեցումը (սկզբնապես բանակցությունների հիմնական բեռը իր վրա տանի Հայաստանը եւ հետո ԼՂ-ն միանա որպես հավասար կողմ), ժամանակն է փոխել եւ ընդունել, որ Ադրբեջանի հետ որպես առաջին դերակատար կողմ պիտի դիտվի Ղարաբաղը»։ Այս բոլոր մոտեցումները երեկ ներկայացվել են Թերի Դեւիսին։ Առայժմ պարզ չէ, թե դրանցից որոնք տեղ կգտնեն զեկույցում, քանի որ, որպես եվրոպացի պրն Դեւիսը հակված չէ իր սիրտը եւ զեկույցի նախնական շեշտադրումները ներկայացնել հայաստանյան լրատվամիջոցներին։ Երեկոյան պրն Դեւիսն ասաց լրագրողներին. «Ղարաբաղի հակամարտության հարցի ձգձգումը մեծ չափով հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերին։ Այս հակամարտությունը գերիշխող է եւ այս, եւ մյուս երկրի քաղաքական դաշտերում, եւ ես չեմ կարողանում տեսնել, որ ինչ-որ մեծ առաջընթաց է արվել դեպի խնդրի կարգավորում։ Իմ կարծիքով, շատ կարեւոր է, որպեսզի ձեւավորվի հարցի լուծման հետ կապված հրատապության զգացողություն»։ Թերի Դեւիսը նշել է, որ այսօրվա վիճակը որեւէ մեկին ձեռնտու չէ. «կարծում եմ, ԼՂ հակամարտությունը հարկավոր է կարգավորել, որպեսզի անցնենք Հարավային Կովկասի առավել խորը հիմնախնդիրների լուծմանը, եւ եթե այդ ավելի խորը հիմնախնդիրները մենք չլուծենք, ապագայում կմնա նոր արյունահեղությունների ռիսկը։ Ինձ մտահոգում է Հայաստանի եւ Ադրբեջանի սերունդների, թոռների եւ ծոռների ապագան, եւ ԼՂ հակամարտության ձգձգումը եւ ուշացումը ուշացնում է մյուս բոլոր խնդիրների լուծումը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել