Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Փետրվար 26,2004 00:00

ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ Խորվաթիայի Պուլա քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի 35-րդ առաջնությունը մոտենում է եզրագծին Մոտակա օրերին կբաշխվեն մեդալները, որոնք նաեւ ամառային 28-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային ուղեգրեր են: Ավաղ, Հայաստանի ութ հոգիանոց պատվիրակությունն անմասն մնաց դրանցից: Կիսաեզրափակիչի ճանապարհին վերջին քայլը կատարել չկարողացան 48կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը եւ Արտակ Մալումյանը (81կգ): Արդյունքն, անշուշտ, գոհացուցիչ չէ եւ այդ մասին դեռ կխոսվի, կտրվի համապատասխան գնահատական: Մենք էլ մեր բռնցքամարտիկների մրցելույթներն այս պահին վերլուծելու մտադրություն չունենք, մանավանդ որ, անձամբ ներկա չենք եղել Պուլայի ռինգում տեղի ունեցած իրադարձություններին: Բայց, որ պայքարն անչափ ծանր էր լինելու, հայտնի էր նախապես: Այդ մասին բազմիցս ակնարկել է նաեւ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ Ռաֆայել Մեհրաբյանը՝ ամեն անգամ լրագրողներին եւ հանրապետության մարզական ղեկավարներին առանց ավելորդ ինքնաապահովագրման հայտարարելով, որ օլիմպիական վարկանիշային այս առաջին մրցաշարում հանդես են գալու Եվրոպայի բոլոր ուժեղագույն վարպետները ու բոլորն էլ աշխատելու են հենց Պուլայում լուծել Խաղերին մասնակցելու իրավունքի հարցերը: Սակայն Ռ. Մեհրաբյանը նաեւ հավաստիացնում էր, որ իր սաներն անելու են հնարավոր ամեն բան՝ ուղեգրերից անմասն չմնալու համար: Իսկ մրցավայր մեկնելուց մի քանի օր առաջ Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազայում կազմակերպված ստուգողական փորձամրցումից հետո, երբ նրան հարցրի, թե քանի՞ ուղեգրի ակնկալիք ունի, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Եթե երկու ուղեգիր նվաճենք, պատրաստ եմ Խորվաթիայից ոտքով վերադառնալ»: Ուղեգիր ձեռք բերել չստացվեց, ու դա դժվարացնում է հաջորդ վարկանիշային մրցումներում այդ գործը «գլուխ բերելու» խնդիրը, որովհետեւ դրանցում պահանջներն ավելի խստացված են լինելու: Դատելով արդյունքներից, հայ բռնցքամարտիկները հավասար հանդես չեն եկել: Ոմանք հանդիսատեսի են վերածվել հենց առաջին մենամարտից հետո, մյուսները դուրս են մնացել երկրորդ փուլում, իսկ Ալեքսան Նալբանդյանն ու Արտակ Մալումյանը շատ մոտ էին նպատակին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանը զիջեց հունգարացի Պալ Բեդակին, որն աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն է եւ նոր է տեղափոխվել մեծահասակների տարիքային խումբ: Ականատես մասնագետների վկայությամբ, նա Պուլայում աչքի է ընկել գերազանց ֆիզպատրաստվածությամբ՝ իր բոլոր մարտերում չորս ռաունդ պահպանելով շատ բարձր տեմպ: Նույն փուլում Արտակ Մալումյանը պարտվեց բռնցքամարտի ավանդաբար ուժեղ դպրոց ունեցող երկրի՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ֆեդչուկին: Մեր ունեցած տեղեկություններով՝ 1/8 եզրափակիչում ցավալի պարտություն է կրել 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նա միավորների առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, սակայն մի ակնթարթ կորցնելով զգոնությունը, ուժեղ հարված է ստացել, որն էլ լրիվ փոխել է մարտի հետագա ընթացքը: Եվ չնայած Անդրանիկին պարտություն է գրանցվել, մարզիչներն ընդհանուր առմամբ գոհ են մարզիկից, նրա մարտական խառնվածքից եւ շարունակում են նրան համարել ուղեգիր նվաճելու մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: Ինչ վերաբերում է Մարատ Թովմասյանին, նա ի վիճակի էր կատարելու առաջադրանքը: Սակայն այս անգամ կա մեղմացուցիչ հանգամանք: Բանն այն է, որ Մարատը մրցավայր մեկնելուց առաջ դեռ չէր բուժել քթի լուրջ վնասվածքը, մի բան, որ չափազանց վտանգավոր է բարձր քաշերում հանդես եկող յուրաքանչյուր բռնցքամարտիկի համար: Ու պատահական չէր, որ չնայած նա վատ մարզավիճակում չէր, հավաքականի մարզիչների որոշմամբ «Այգի» փորձամրցմանը չմասնակցեց: Քանի դեռ մեր բռնցքամարտիկները շարունակում էին պայքարը, ամենօրյա հեռախոսակապ էինք պահպանում Պուլայի հետ: Այնտեղից տեղեկացանք, որ ուղեգրերի համար թեժ մրցակցություն է գնում ոչ միայն ռինգում, այլեւ կուլիսներում: Դա, իհարկե, մեզ համար նորություն չէր: Ցավոք, համաշխարհային սպորտում մարզական հարցերը վարագույրների ետեւում կարգավորելը սովորական, ընդունված երեւույթ է, որում վճռորոշ դեր է կատարում մեծ փողը: Հայաստանը, բնականաբար, ի վիճակի չէ մասնակցել դրան: Մեզ եւ մեր նման երկրների համար ձեռնտու է ազնիվ պայքարը, որպեսզի հաղթի ուժեղը, ավելի արժանավորը: Ու ամենեւին պարտադիր չէ, որ դա անպայման լինի հայ մարզիկը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել