Լրահոս
Օրվա լրահոսը

«Խալխի վուտները պաչ արա»

Մարտ 03,2004 00:00

«Խալխի վուտները պաչ արա» Երեկ պատգամավորները քննարկեցին ավանդները վերադարձնելու հարցը Պեպոյի «բարաթի» տեսանկյունից Խորհրդարանը երեկ քննարկեց «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի հաղորդումը։ Հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հանձնաժողովի նախնական եզրակացության տեսքով առաջարկեց 2005 թ. հունվարի 1-ից սկսել քաղաքացիների խնայողական ավանդների փոխհատուցման գործընթացը։ Ըստ այդմ՝ ելակետային պետք է դիտվի 01.01.93 թ. «Հայխնայբանկում» առկա տեղեկատվությունը, փոխհատուցման ենթակա են համարվելու բոլոր 27 տեսակի ավանդային հաշվարկները, բացի 40% փոխհատուցման հաշիվներից, գործընթացը պետք է ավարտել մինչեւ 2020 թվականը։ Առաջարկում նշված են նաեւ փոխհատուցման գործակիցները, ըստ այդմ՝ 1000 ռուբլու դիմաց կիրառվելու է 30 գործակիցը։ Երեկ խորհրդարանի դահլիճում ծավալված ՕԵԿ-ՀՀԿ ճակատամարտից տպավորություն ստեղծվեց, որ խնդիրը դեռ երկար ժամանակ թաղված կմնա։ Կամ էլ՝ ինչպես առաջարկեցին ավելի ուշ ելույթ ունեցող ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն, նաեւ ՀՀԿ-ն՝ հանձնաժողովը դեռ թող աշխատի, հետո կտեսնենք։ Հանրապետական խմբակցության հիմնական հակափաստարկը հետեւյալն էր՝ իսկ փողը որտեղից ենք ճարելու, բյուջեն նման միջոցներ չունի եւ դեռ երկար ժամանակ չի ունենալու եւ հետո «պետության ներքին պարտքի նման ավելացումը կմեծացնի արտաքին պարտքերի վճարման ռիսկայնությունը»։ Հանրապետական պատգամավորն առաջարկեց. «մի փորեք այդ մեղվի բույնը, մենք դա անելու ենք, բայց անելու ենք այն ժամանակ, երբ կկարողանանք արժանապատիվ վերադարձնել այն ավանդները, որոնք մսխվեցին Խորհրդային Միության վերջին տարիներին»։ ՕԵԿ անդամները կարեւորում էին հարցի բարոյական կողմը։ Գագիկ Ավետյանն, օրինակ, զուգահեռ անցկացրեց Մուրացանի հերոսի՝ Պետրոս Կամսարյանի միջեւ եւ ասաց՝ մարդը սոված է, դուք ասում եք սեւ հացը վնաս է։ Ուրիշ գրական հերոսներ եւս վերակենդանացան երեկ խորհրդարանի դահլիճում, սակայն ամենից պոպուլյարը Պեպոն էր։ Ի վերջո, պատգամավորներն այնքան մեջբերումներ արեցին «խղճի դավթարից», «բարաթից», Զիմզիմովից ու Պեպոյի այլ արժեքավոր մտքերից, որ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ քանի որ բավականաչափ լավ խումբ է ձեւավորվել, առաջարկեց. «թող առաջարկություն արվի «Պեպոն» մտցնել օրակարգ, ամբողջությամբ բեմադրել, որ այլեւս որեւէ մեկը չնեղանա, թե ինչ-որ մի հատված դուրս է մնացել»։ Պրն Թորոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչի՞ կարող է հանգեցնել ավանդների վերադարձման շուրջ այս աղմուկը, հնարավո՞ր է, որ այն օրենսդրական նախաձեռնության տեսք ստանա. «ցավոք սրտի, ընթացքը եղավ ոչ այն, ինչ պիտի լիներ, եւ անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի այս ամենը, չեմ կարծում, թե դրանով վերջակետ կդրվի այն հարցին, որը երկար չարչրկումներից հետո ի վերջո հայտնվեց խորհրդարանում, քննարկումների այս գործընթացի մեջ»։ Ակնհայտորեն, հանձնաժողովի առաջարկը՝ 1000-ի դիմաց 30 գործակից, հերթական անգամ կխաբի ժողովրդին, քանի որ, եթե նախկին 3 հազար ռուբլու փոխարեն այսօր վերադարձվի մոտ 100 դոլար, ապա, ինչպես արդարացիորեն նկատեց պատգամավոր Արմեն Դանիելյանը՝ ժողովուրդը կհայտնվի կրկնակի խաբվածի վիճակում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել