Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Մարտ 10,2004 00:00

ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խմբակցությունից Հմայակ Հովհաննիսյանի դուրս գալու մասին նախընտրեց բավարարվել միայն այսքանով, թե փիլիսոփայորեն է վերաբերվում կատարվածին: Ուստի, հնարավորություն չեղավ ճշտելու մի շարք տեղեկություններ, որ Հմայակ Հովհաննիսյանին նախ հեռացրել էին խմբակցությունից՝ իշխանությունից «ջրի գնով» ստացած շենքի եւ Սերժ Սարգսյանին գովաբանելու համար, ու հետո նոր էին եկել համաձայնության՝ սեփական դիմումով հեռանալու վերաբերյալ: Կամ՝ որ հեռացմանը նախորդել էր նրա բուռն ընդհարումն «Ազգային միաբանության» փոխնախագահի հետ: Սակայն ճիշտ այս ամենի նախօրեին՝ Կոտայքի մարզ այցելության ընթացքում, Արտաշես Գեղամյանն առանց որեւէ անուն մատնանշելու՝ մի շարք ակնարկներ էր արել, որոնք, մեր տպավորությամբ, վերաբերում էին մասնավորապես Հմայակ Հովհաննիսյանին: «Օրինաց երկրի» դեմ վերջինիս ծավալած քարոզարշավին խիստ համահունչ են «Ազգային միաբանության» նախագահի հետեւյալ դիտարկումները. «Միայն ճամարտակություն է այն քննադատությունը, որն ուղղված է իշխանության մեջ հայտնված այս կամ այն քաղաքական գործչին նսեմացնելուն, վարկաբեկելուն՝ թողնելով մայր պատճառը: Իսկ բուն պատճառը Հայաստանում երկու մարդ են՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, եւ ով իրենց շրջանցում է եւ սկսում զանազան մանրապճեղ քաղաքական գործիչների՝ թեկուզ բարձր պաշտոն ունեցող, քննադատել, ուրեմն փորձում է ուշադրություն շեղել մայր հարցից: Կկարողանա՞նք մենք այդ երկուսին իրենց ճանապարհը ցույց տալ՝ այն է, Հայաստանից դուրս, ամեն ինչ կգա իր տեղը: Իսկ նրանց դրածոների դեմ կռիվ տալով, միայն մի նպատակ են հետապնդում՝ շեղել ձեր ուշադրությունը»: Արտաշես Գեղամյանը Կոտայքի մի շարք բնակավայրերում նաեւ խոսեց ընդդիմադիրներին կաշառելու երեւույթի մասին. «Երբ տեսնում ես՝ նորմալ, կարգին մարդ էր, մեկ էլ հանկարծ այնպիսի՜ «երգեր» է սկսում երգել՝ մնում ես շիվարած, ասում ես՝ չհասկացա՞նք… Հետո գլուխը կախելով, գետնին նայելով՝ ասում է՝ էս-էս-էս հարցերը լուծեցին, արդեն չէի կարող, շնչահեղձ էի լինում, ես էլ իմ հոգսերն ու խնդիրներն ունեմ»: Այնուամենայնիվ, այդ օրը նաեւ հնչեց Հմայակ Հովհաննիսյանի անունը: Անդրադառնալով այն հանգամանքին, թե ՕԵԿ-ը բողոքում է, որ ԱՄ-ի ցուցակի 3-րդ համար Հմայակ Հովհաննիսյանը գովում է ՀՀԿ-ի ցուցակում 2-րդ Սերժ Սարգսյանին՝ պրն Գեղամյանը նկատեց. «Մենք մտածված ասում ենք՝ թող ասի, տեսնենք, թե ինչքանո՞վ է խորացած կոալիցիայում իրար ատելը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել