Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՏՈՒՆ ՏՎՈՂ ՉԵՆՔ

Մարտ 19,2004 00:00

ՄԵՆՔ ՏՈՒՆ ՏՎՈՂ ՉԵՆՔ Վստահ է Գագիկ Եգանյանը Միգրացիայի եւ փախստականների հարցերով կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանն արձագանքելով Երիտասարդական պալատի փախստականների խնդրին, «Արավոտին» տեղեկացրեց. «Մարդկանց թվում է, թե կոմիտեն պարտավոր է լուծել փախստականների բոլոր հարցերը։ Նույնիսկ դատական վճիռներ են կայացվում՝ պարտավորեցնել կոմիտեին՝ կացարանով ապահովել սեփականաշնորհված հանրային շենքերում բնակվող փախստականներին։ Դրանք անհիմն որոշումներ են, որոնք չեն բխում ոչ մեր կանոնադրությունից, ոչ էլ գործող օրենսդրությունից։ Դա էլ իրենց ոչ մարդասիրական որոշումները քողարկելու ձե՞ւ է»։ Կոմիտեի նախագահը նույն տրամաբանությամբ Ադրբեջանից ներգաղթածների հանդեպ բոլոր պարտավորություններից ազատեց նաեւ կառավարությանը, նշելով, որ միջազգային որեւէ օրենք որեւէ պետության չի պարտադրում լուծել իր երկիր եկած փախստական ընտանիքների խնդիրները։ Իսկ ինչ արվում է, պետք է դիտել «մեր քույրերին եւ եղբայրներին տրվող մարդասիրական օգնություն»։ Բնականաբար, այս մեկնաբանությունից հետո Երիտասարդական պալատի 25 ընտանիքներին տրված դրամական փոխհատուցումը պետք էր համարել շռայլ նվեր, թեկուզեւ ուրիշի գրպանից։ Ուստի փորձեցինք պարզել նույն պալատում բնակվող, բայց փոխհատուցումից զրկված 5 ընտանիքի խնդիրը։ Հիշեցնենք, որ նրանք ամռանն անցկացված հաշվառման 2-3 օրերին բացակայել էին քաղաքից։ Իսկ հունվարի սկզբին նրանց ծանուցվել էր վտարման մասին։ Արդյունքում ծրագրի մեջ մտել է 3470 ընտանիք։ Գ. Եգանյանը նախ հերքեց բնակիչների տեղեկությունն այն մասին, որ հաշվառման նպատակն իր աշխատակիցները գաղտնի են պահել. «Ընդհակառակը, ասել ենք՝ մինչեւ դեկտեմբերի վերջ կարող են գալ ու հաշվառվել մեզ մոտ»։ Հետո կատարվածը հիմնավորեց օրինակով. «Փախստականների համար տներ կառուցող նորվեգական խորհուրդն էլ, երբ փաստացի հաշվառումից հետո որեւէ գյուղում խփում է առաջին տան առաջին ցիցը, հաշվառված 10 ընտանիքը դառնում է 13, 33, 43։ Ամեն տեղից գալիս են, որովհետեւ լսում են տուն են տալու։ Գուցե ես էլ այդպես վարվեի»։ Հետաքրքիր է, որ կոմիտեի աշխատակիցների այցելությունն աննկատ է եղել Նորագավիթի անասնագոմերում բնակվող փախստական երկու ընտանիքի համար։ Այս օրերին նրանց էլ է սպառնում վտարման վտանգ։ Այդ կապակցությամբ ընթացող դատավարությունը, որին մասնակցելուց հրաժարվել են կոմիտեի իրավաբանը եւ համապատասխան վարչության պետը, բնականաբար, կընդունի հենց վտարման որոշումը։ Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատից դատական կարգով արդն իսկ արտաքսված ընտանիքներին, ապա, նրանց պնդմամբ, դատի ժամանակ պալատի սեփականատեր «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել վճարել նրանց նույնպես, եթե կոմիտեն իր ցուցակներում ներառի այդ ընտանիքներին։ Սակայն Գ. Եգանյանի հետ մինչ այդ կայացած զրույցից տպավորություն ստեղծվեց, որ հիշյալ 5 ընտանիքները ցուցակում չեն ընդգրկվել այն մտավախությամբ, որ սեփականատերը կարող էր հրաժարվել փոխհատուցումից՝ գումարի մեծության պատճառով։ Ի դեպ, հիշյալ ընտանիքներին հատկացվել են սենյակներ՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանում, որտեղ, ըստ փախստականների, «50-60 ընտանիք օգտվում է նույն զուգարանից, սենյակներում մանրահատակ չկա, պատուհաններին՝ ապակի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել