Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՎԱՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԸ

Մարտ 23,2004 00:00

ԿԱՎԱՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԸ «Առավոտը» արդեն անդրադարձել է, որ Վանաձորում հայ կանանց թրաֆիքինգի մեջ ներքաշված էին նաեւ ոստիկանության աշխատակիցները: Որոշ դեպքերում հենց նրանք են կավատների տանիքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, կալանավորվել է Վանաձորի ոստիկանության աշխատակից, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Գեւորգյանը: Հենց նա է օդակայանից ճանապարհում եւ դիմավորում վանաձորցի կավատներին եւ նրանց զոհերին: Մարտի 10-ին Հայաստան տեղափոխվեց Արաբական էմիրությունների հետ համատեղ իրականացրած գործողությամբ ձերբակալված Ամալյա Մնացականյանը, մականունը՝ Նանո: Նրան իրավապահները համարում են «մայր կավատ», ամենափորձառուն է: Նանոն արդեն երկու անգամ դատվել է կավատության համար: 2002թ-ից Ա. Մնացականյանը հետախուզման մեջ էր: Մենք արդեն գրել ենք վանաձորցի մեկ այլ կավատի՝ Արմինե Սիմոնյանի մասին: Նրան առաջին անգամ Էմիրություններ է տարել հենց Նանոն: Որոշ ժամանակ Նանոյի մոտ մարմնավաճառությամբ զբաղվելուց հետո, Արմինեն ինքը դարձավ կավատ եւ սկսեց վանաձորցի կանանց հավաքագրել եւ տանել Էմիրություններ: Արմինե Սիմոնյանն այսօր հետախուզման մեջ է, նրա եղբայրը՝ Արտակ Սիմոնյանը, որ ապրում է Վանաձորում, կալանավորվել է: Նա մեղադրվում է կավատության օժանդակության մեջ: Իրավապահները շարունակում են վերոհիշյալ երկու կավատներին զոհ դարձած կանանց հարցաքննությունները: Ա. Մնացականյանի զոհերի թիվը գնալով մեծանում է: Սակայն վանաձորցի կանանց տեղափոխումը Արաբական էմիրություններ՝ շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել