Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՏՔԵՐԸ ՔԱՐՇ ԷԻՆ ԳԱԼԻՍ ԳԵՏՆԻՆ»

Ապրիլ 17,2004 00:00

«ՈՏՔԵՐԸ ՔԱՐՇ ԷԻՆ ԳԱԼԻՍ ԳԵՏՆԻՆ» Ահա այս վիճակում երեկ իր խցում սավանով կախված հայտնաբերվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրածներից մեկը՝ Վռամ Գալստյանը: Ականատեսի տեսակետ Պաշտոնական հաղորդագրության մեջ սա անմիջապես որակվեց իբրեւ ինքնասպանություն: Սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի պատմածից, որին արդարադատության նախարարությունը կատարվածից հետո ի շարս այլոց հրավիրել էր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, առաջանում են որոշ հարցականներ. «Հսկիչի պատմելով՝ Վռամ Գալստյանը դրանից առաջ իրեն խնդրել է դռան վրայի փոքրիկ դռնակը բաց թողնել, քանի որ լուսամուտը բացել էր, որպեսզի օդափոխվի խուցը: Որոշ ժամանակ անց խնդրել էր փակել, քանի որ ցուրտ է: Փակելուց եւ մի քանի անգամ այդ կողմով քայլելուց հետո՝ ձայն էր տվել Վռամ Գալստյանին, ձայն չէր լսել, բացել էր փոքրիկ դռնակը եւ տեսել, որ նա կախված է՝ 11:15-ին: Հիմնարկի պետ Խաչիկ Սարգսյանը դա իմանալով կնքել էր դուռը»: Եվս մի հանգամանք. «Հարցրեցինք՝ իսկ երբ հսկիչը տեսավ, որ կախված է, գուցե դեռ կենդանի էր՝ ինչո՞ւ օգնություն չցուցաբերեց, չիջեցրեց: Մեզ պատասխանեցին, թե դա անհնար էր, քանի որ ապացուցված է, որ մարդը մահանում է կախվելուց 19 վայրկյան հետո»: Դուռը բացելուց հետո պրն Իշխանյանը տեսել էր հետեւյալ պատկերը. «Կախված Վռամ Գալստյանի ոտքերը քարշ էին գալիս գետնին: Սավանը լավ փաթաթած, մի քանի ամուր հանգույցներ գցած, եւ կապված էր դռան վերեւի երկաթե ճաղավանդակից: Կողքին ընկած էր պլաստմասսայե թաս՝ 16 սմ երկարությամբ, եւ 30 սմ երկարությամբ դույլ (ենթադրվում է, որ դրանց վրա է կանգնել կախվելու համար.- Ա. Ի.): Դիակն իջեցնելուց հետո՝ թույլ չտվեցին, որ նայենք զննության շարունակությանը»: Սակայն, արդյոք մինչ այդ դիակի վրա չե՞ն նկատել բռնության հետքեր. «Մենք չէինք կարող դա նկատել, քանի թույլ չեն տվել ուսումնասիրել: Ասացին, թե պետք է ընթանա քննություն»: Ավետիք Իշխանյանը փոխանցեց նաեւ այլ տեղեկություններ, որոնք նախորդել էին կատարվածին. «Ապրիլի 13-ին զբոսանքից վերադառնալուց հետո՝ 17:30-ի սահմաններում, Վռամ Գալստյանը դիմում էր գրել պետի անունով. «Խնդրում եմ ձեզ ինձ պահել առանձին խցում, մենակ, քանի որ չեմ կարողանում համակերպվել այլ կալանավորների հետ»: Նույն օրը բավարարվել էր նրա խնդրանքը, եւ նա 88 խցից տեղափոխվել էր 87, ու մնացել մենակ»: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը Նուբարաշենում հավաքվածներին հայտնել է, թե «Վռամ Գալստյանի մոտ հաճախ են նկատվել ինքնասպանության փորձեր, հուզական վիճակներ: Եվ իրենց հոգեբան Անի Խաչատրյանը շատ հաճախ է աշխատել նրա հետ: Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ եթե աշխատակիցների նման վերաբերմունքը չլիներ՝ գուցե սա ավելի շուտ պատահեր: Շատ հաճախ նրա հետ նույն խցում եղած կալանավորներն էլ են վախեցել նրանից»: «Ազատություն» ռ/կ-ին Սամվել Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե Վռամ Գալստյանն արդեն քանի տարի է՝ «հոգեկան խանգարման պահեր է ունեցել»: Սակայն հիշեցնենք, որ «27»-ի գործով բոլոր դատապարտյալները ենթարկվել էին բազմազան՝ նաեւ հոգեբանական փորձաքննությունների, եւ ճանաչվել հոգեպես առողջ: Իսկ եթե հետո է հայտնվել այդ վիճակում եւ ինքնասպանության հակում ունեցել՝ առավել տարօրինակ է, որ նրան մենախուց են տրամադրել՝ առանց հսկողության: Սա հավասարազոր է կանաչ լույս վառելուն նրա մեռնելու ձգտման առջեւ: Երեկ մեկուսարան այցելածները խոսե լ են նաեւ հոգեբանի հետ, որն ասել է, թե խցից տեղափոխվելու օրը զրուցել է Վռամ Գալստյանի հետ. «Եվ նրա մոտ չի նկատել հուզական զգացմունքներ»: Հելսինկյան կոմիտեի նախագահը նաեւ հայտնեց, թե ցանկություն են հայտնել զրուցել Վռամ Գալստյանի նախկին խցակիցների հետ. «Մերժեցին, ասելով, թե նրանց հետ քննություն կանցկացվի՝ նոր հետո իրավունք կունենանք զրուցել»: Հարուցված է քրեական գործ, որը վարում է Էրեբունու դատախազ Բաբայանը: Իրավաբանի տեսակետ Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը «27»-ի դատաքննության ժամանակ ներկայացնում էր Դեմիրճյանի շահերը, ասաց. «Դատավարության վերջին փուլում Վռամ Գալստյանը ըմբոստացել էր եւ սկսեց ամեն ինչով տարբերվել մնացածներից: Մի քանի անգամ փորձեց տալ ճշմարիտ ցուցմունքներ: Մի անգամ էլ հրավիրեց զոհվածների հարազատներին, սակայն ընդմիջումից հետո հասկացանք, որ այն չի ասում, ինչը պատրաստվել էր ասել: Հիշեցնեմ նաեւ, որ մենք Վռամ Գալստյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ոտնձգությունների առթիվ միջնորդություն էինք արել դատարանում, քանի որ, երբ նա պատրաստակամություն հայտնեց համագործակցելու՝ արդեն վտանգ կար, թե նրա նկատմամբ կարող է ինչ-որ բան իրականացվել: Մեր անհանգստությունը փաստորեն իրականացավ»: Հիշեցինք, որ հենց Վռամ Գալստյանն էր, որ իր քրոջ որդիների՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների մասին ասաց, թե նրանց «խելքի բանը չէր» կատարվածը: «Բացի դրանից՝ դատական նիստերի ընդմիջումների ընթացքում կոպիտ արտահայտություններ էր անում մնացածների նկատմամբ»,- հավելեց պրն Սարգսյանը: Ի դեպ, Ավետիք Իշխանյանը փոխանցել էր եւս մի տեղեկություն. «27»-ի գործով դատապարտված Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը խնդրել էին միասին մնալ, եւ նրանք հիմա մի խցում են: Բայց ոչ միայն նրանք չեն ուզել, որ Վռամն իրենց հետ մնա, այլ նա էլ չի ուզել մնալ նրանց հետ»: Աշոտ Սարգսյանը հայտնեց, թե սպասելու է դատաբժշկական փորձաքննությանը, որից հետո կարծիք կհայտնի կատարվածի առնչությամբ. «Համենայն դեպս՝ սա սպասվում էր, քանի որ համագործակցության նրա փորձը, ցուցմունքները, Վռամ Գալստյանի նկատմամբ կիրառվող ներարկումները, նրա սուտ «հիվանդության» պատճառով դատավարության հետաձգումը ենթադրելի էին դարձնում այդպիսի վտանգը»: Քաղաքական տեսակետ Արամ Զավենի Սարգսյանը մի քանի անգամ էր հրապարակավ կանխատեսել, թե վստահ է, որ «27»-ի ահաբեկիչները կենդանի չեն մնալու: «Այո՛, իմ կանխատեսումն արդեն իրականացավ,- ասաց Արամ Սարգսյանը:- Նաեւ ասել էի, որ Քոչարյանը եւ իր վարչախումբը հեռանալուց առաջ փորձելու են ձերբազատվել «27»-ի բոլոր կատարողներից եւ կարեւորագույն վկաներից: Եվ Վռամ Գալստյանն արդեն 3-րդն է: Իշխանափոխությունից առաջ ջնջում են հետքերը»: Հարցին, թե արդյոք կատարվածի պատճառն այն չէ, որ Վռամ Գալստյանը ահաբեկիչներից միակն էր, որն ասելիք ուներ տուժողների հարազատներին, ակնարկում էր, թե կազմակերպիչներն այլ են՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Նույնը կարող էի եւ ես ասել: Դատական գործընթացն ուղղակի ցույց տվեց, որ Վռամ Գալստյանի բերանն անընդհատ ուզում են փակել՝ բռնի ներարկումներով եւ այլն: Ի սկզբանե վարկած էր մատուցվում, թե խմբի ղեկավարը նա է, ոչ թե Նաիրի Հունանյանը. այս մոտեցումն ունեին մասնավորապես ռազմական ոստիկանության քննչական գործողություններով զբաղվողները, թե հիմնականը՝ կարծես թե, Վռամ Գալստյանն է: Այս համատեքստում բավական վատ է, որ այսպես եղավ՝ դատական հետագա գործընթաց անցկացնելու, կազմակերպիչներին բացահայտելու առումով»: Արամ Սարգսյանը հայտնեց. «Պիտի կոչ անենք բոլոր միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա դեսպանատներին, որ պահանջեն անաչառ փորձաքննություն՝ պարզելու համար, թե Վռամ Գալստյանն արդյոք կախվե՞լ է, թե՞ կախել են: Ու բացի այդ՝ պիտի պահանջենք, թե քանի որ կա «27»-ի գործից անջատված մաս, եւ գործն ամբողջությամբ ավարտված ու բացահայտված չէ, չենք վստահում այսօրվա իշխանություններին եւ նրանց հրահանգները կատարող ոստիկանական եւ դատախազական համակարգին՝ պիտի միջոցներ ձեռք առնվեն մնացածների անվտանգությունն ապահովելու համար, որ հնարավոր լինի հետագայում սկսել դատական գործընթաց»: Իսկ Ստեփան Դեմիրճյանը կատարվածը գնահատեց իբրեւ «տարօրինակ ու առավել քան կասկածելի», մանավանդ դեռ չավարտված անջատված մասի պայմաններում. «Դեռ պետք է պարզել՝ սա ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ոչ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել